Դադարեցվել են Սիփանիկի համայնքապետի լիազորությունները
Կառավարության այսօրվա որոշմամբ վաղաժամկետ դադարեցնել է Արարատի մարզի Սիփանիկ գյուղական համայնքի ղեկավար Հայկ Բադալյանի լիազորությունները: Համայնքապետը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դժվարությամբ է հրաժարականի որոշումը կայացրել, քանի որ 27 տարի ՏԻՄ ոլորտում է աշխատել, որից 21 տարին` համայնքապետի պաշտոնում:
«Այնպես չի, որ հեշտությամբ այս որոշումը կայացրեցի, բայց արդեն լուրջ առողջական խնդիրներ ունեմ, տանը գործերը կուտակվել է, գյուղն էլ խնդիրներ շատ ունի, էլ չէի հասցնում, ստիպված հրաժարական տվեցի»,-ասում է Հայկ Բադալյանը:
Համայնքապետի խոսքերով, գյուղը նոր է հիմնադրվել եւ երբ նոր էր ընրվել համայնքապետի պաշտոնում, գրեթե քարե տուն չի եղել, ամբողջը տնակներ են եղել, իսկ հիմա նույնիսկ նոր դպրոց է կառուցվում:
«Գյուղը շատ խնդիրներ ունի, կարելի է` ասել Արարատյան դաշտավայրի 4-րդ կարգի գյուղերից է: Հողերը աղակալած են, մարդիկ բերք չեն կարողանում ստանալ, հետեւաբար եկամուտ չունեն: Օրինակի համար, եթե հարեւան գյուղերում 1 հա ցորեն են ցանում, ստանում են 3-4 տոննա ցորեն, իսկ մեր գյուղում` առավելագույնը 500 կիլոգրամ»,-ավելացրեց Հ. Բադալյանը:
Հարցին, թե հնարավոր է Արարատի մարզպետի հետ ունեցած տարաձայնություններն են եղել հրաժարականի պատճառը, Հայկ Բադալյանը բացասական պատասխան տվեց: «Ընդհակառակը, մարզպետը չէր ուզում, որ հրաժարական տայի, ասում էր` կօգնենք կբուժվես: Շատ լավ հարաբերություններ ունեմ մարզպետի հետ, միշտ օգնել է մեր համայնքին: Հիմա շատ է շահարկվում նաեւ ընտրությունների պահը, մեր մոտ այդ առումով էլ խնդիրներ չեն եղել»,-ասում է Սիփանիկի արդեն պաշտոնաթող համայնքապետը:
Հայկ Բադալյանն ասաց, որ լիազորությունները վայր դնելուց հետո զբաղվելու է իր խանութի գործերով, որը մինչ այժմ մնացել էր կնոջ վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել