
Հակոբ Ասատրյան․ «Ամսագիրն ընդամենը միջոց է մեր հայանպաստ նախագծերն իրականացնելու համար»
Սեպտեմբերի 25-ին Թեքեյան մշակութային միության դահլիճում Չեխիայում հրատարակվող «Օրեր» համաեվրոպական ամսագրի 25–ամյակն էինք տոնում: Լեփ–լեցուն դահլիճում լրագրողական հանրությունն էր, դեսպաններ, «Օրեր» համաեվրոպական ամսագրի հեղինակները, իրենց հաջողությունների գնահատականը ամսագրի էջերում փնտրող արվեստագետներ, հասարակական գործիչներ, օտարերկրյա հյուրեր և պարզապես լրագրող ամուսիններ, «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի և orer.eu կայքի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանի պրոֆեսիոնալիզմը գնահատող ընթերցողներ։ Էկրանին 1999թ․–ից հրատարակվող ամսագրի թերթվող շապիկներն էին, որոնք համառոտ ազդով պատմում էին ստվարածավալ համարների հարուստ ու հետաքրքիր բովանդակության մասին։ Հայաստանին վերաբերող պատմական կարևորության ոչ մի փաստ, ոչ մի իրադարձություն, միջազգային հարթակներում հաջողություններ, ձեռքբերումներ գրանցած ոչ մի հայ դուրս չի մնացել ամսագրի էջերից։
«Օրեր» ամսագիրը ծնունդ առավ 1999թ․–ին, Պրահայում և արդեն 25 տարվա կյանք ունի, այն դեպքում, երբ ավանդական գաղթօջախներում 100 տարվա պատմություն ունեցող տպագիր հրատարակությունների կենսագրությունն էր ընդհատվում։ «Արկածախնդրության կարելի է վերագրել արեւելահայերենով Եվրոպայում, այն էլ Չեխիայում, որտեղ հայկական համայնք չի եղել, ամսագիր հրատարակելը»,– երեկոյի բացման իր խոսքում նշեց «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, որ բոլորից լավատեղյակ է ավանդական գաղթօջախներում մեկդարյա հայկական տպագիր մամուլի գոյատևման դժվարություններին։
Այս պայմաններում Հակոբ Ասատրյանին հաջողվեց «Օրերը» դարձնել Սփյուռքում հրատարակվող մամուլի լավագույն օրինակ, որը ոչ միայն իրար է կապում հայ գաղթօջախները, խորությամբ ուսումնասիրում հայ համայնքների խնդիրները, այլեւ լրջագույն հետազոտություններ է կատարում՝ խորամուխ լինելով գաղթօջախների ստեղծման, հետագա զարգացման պատմության մեջ:
Հակոբ, երբ սկսում էիր «Օրեր» ամսագրի հրատարակությունը, մտածո՞ւմ էիր, որ համարձակության ես դիմում։
Ամսագրի հրատարակումը, եթե միայն Չեխիայում բնակվող հայերի հետ կապեինք, միգուցե այդ որակը չունենար եւ նման զարգացում չունենար։ Հնարավոր է նաեւ, որ երկար կյանք չունենար։ Իսկապես, չեխահայ համայնքն անգամ եվրոպահայ մյուս համայնքների համեմատությամբ շատ փոքր է, նույնիսկ հարակից երկրների՝ Լեհաստանի, Իսպանիայի եւ մյուսների համեմատությամբ է փոքր։ Եվրոպահայությունը, հատկապես Կենտրոնական Եվրոպայի երկրներում, որտեղ վերջին 30 տարիներին մեծ թվով հայեր էին վերաբնակվել, արեւելահայերենով պարբերական չունեին։ «Օրեր»-ից առաջ թերթ հրատարակելու մի քանի փորձեր եղել էին եվրոպական երկրների հայկական համայնքներում, սակայն առաջին համարից հետո շարունակություն չէին ունեցել։ «Օրերի» հետ զուգահեռ սկսեցին լույս տեսնել նաեւ այլ պարբերականներ, բայց նրանց նյութերը, հիմնականում, արտատպումներ էին հայաստանյան մամուլից։
«Օրերի» հաջողությունը պայմանավորված էր նաև նրանով, որ հիմնադրման շրջանում դեռևս արբանյակային հեռուստատեսությունը զարգացած չէր, նաեւ համացանցը չկար։ Ինչ-որ առումով դա լավ էր, որովհետև մեզ շուկա մտնելու առավելություն էր տալիս։ Մյուս կողմից էլ՝ այդ տարիներին Եվրոպական երկրներում վերաբնակվածները մի տեսակ կասկածանքով էին վերաբերվում հայաստանյան ամեն ինչին։ Հայաստանից հիասթափված էին տեղափոխվել արտերկիր, և Հայաստան անունը լսել չէին ուզում։ Մեզնից մեծ ջանքեր էին պահանջվում համարից համար նրանց մեջ արմատավորելու այն միտքը, որ երկրի իշխանություններից, բարքերից, օրենքներից կարող են դժգոհել, բայց հայրենիքից հեռանալ չի կարելի։ Ամեն կերպ պետք է սատար լինել հայրենիքին ու կապը չխզել։ Տարիների ընթացքում այս գաղափարախոսությունը, կարծես թե, ազդեցություն ունեցավ, և շատերը, որ չէին ուզում լսել Հայաստանի մասին, երկրից հեռանալուց տասը տարի հետո այցելեցին հայրենիք։ Ես չեմ ուզում ասել, որ մեր ամսագիրը պարտավորեցրեց նրանց այցելել հայրենիք, բայց նրանց գաղափարական զարգացվածության, աշխարհայացքի վրա, իհարկե, ազդեցություն ունեցավ։
Ամսագիրը լուսաբանում էր միջհամայնքային կապերը, հայկական կազմակերպությունների, եկեղեցական կառույցների գործունեությունը։ Մյուս կարեւոր ոլորտը, որին սկսեցինք մեծ ուշադրություն դարձնել, տարբեր բնագավառներում հաջողության հասած անհատներն էին։ Դա կարեւոր կռվան էր, որպեսզի նաեւ եվրոպահայության մտավորական խավը կապվի ամսագրի հետ։ Սա հիմնական նպատակ էր եւ մինչեւ օրս չի փոխվել։ Իհարկե, առաջնահերթ էր նաեւ հայոց լեզվի պահպանումն ու տարածումը, որ ամեն ընտանիքում հայկական պարբերականի գոնե մեկ օրինակ լինի, երեխաների աչքը սովորի դրան, թերթեն, ինչ–որ բան կարդան։
Այստեղ ոչ միայն համարձակության հարց էր, այլեւ նվիրվածության։ Միգուցե, ամսագիրը երկար կյանք չունենար, եթե ես ու Աննան լրագրողներ չլինեինք։ Մեր մասնագիտական նվիրվածության շարունակությունն է ամսագիրը։ Վաղուց կդադարեցնեինք, եթե չլիներ այն գաղափարախոսությունը, որ ոչ միայն այսօր, այլև տարիներ հետո էլ մարդիկ պետք է իմանան, թե այս տարիներին ինչ է կատարվել Եվրոպայի հայկական համայնքներում, ինչ ժառանգություն ենք ունեցել, ինչ նշանավոր հայեր են ապրել այնտեղ և ինչ դերակատարություն են ունեցել համայնքի և հայության կյանքում։
Շատ ենք մտածել այն մասին, որ եթե ամսագիրը ֆինանսական հասույթ չի ապահովում, հնարավո՞ր է այսքան տարի շարունակել։ Գուցե բիզնեսով պետք է զբաղվել կամ այլ գործունեությամբ, բայց նվիրվածությունը ամսագրին, որը կարծես զավակդ լինի, ընթերցողների արձագանքները, շատ կարեւոր էին։ Մարդիկ սատարում, աջակցում, ոգևորում էին մեզ, ուզում էին ամսագրի շարունակությունը տեսնել։
Ինչպե՞ս եք կապեր ստեղծում տարբեր երկրների հայ համայնքների հետ, հաջողվո՞ւմ է նրանց ներգրավել համայնքը բնութագրող հրապարակումներ պատրաստելու աշխատանքներին, պատրաստակա՞մ են աջակցելու իրենց համայնքը ներկայացնելու հարցում։
Եվրոպայի հայկական համայնքները ներկայացնելու աշխատանքները սկսեցինք իրականացնել մեր նախկին կապերն օգտագործելով։ Այնուհետև՝ եկեղեցու, դեսպանատների աջակցությամբ, մեր ճանաչած մարդկանց միջոցով, իսկ հետո մենք էինք կապեր ստեղծում համայնքներ այցելելու ժամանակ։ Հայերը մի հետաքրքիր բնավորության գիծ ունեն․ շատերը չեն ցանկանում, որ բացի իրենցից, մեկ ուրիշի մասին էլ գրվի։ Շատ հաճախ չէին տեղեկացնում, որ այդ երկրում համայնքի դեմքը ներկայացնող այլ արժանավոր մարդիկ էլ կան։ Ես վերադառնում էի Պրահա և պատահաբար տեղեկանում էի այլ անձանց մասին, որոնք դերակատար են համայնքում։ Նրանց հետ արդեն հեռախոսով կամ էլեկտրոնային նամակագրությամբ էի կապ հաստատում։ Այսինքն՝ տվյալ գաղթօջախը կամ տվյալ երկրում ապրող հայկական համայնքին հնարավոր չէ միանգամից ճանաչել, բայց ես աշխատում եմ համայնքը ներկայացնել այնպես, ինչպես կա։ Շատ-շատերը մեր հրապարակումներից են տեղեկացել, թե հայերից ովքեր են ապրում և ստեղծագործում այդ երկրներում։
Շատ արձագանքներ ենք ստացել, որտեղ ասում են՝ ամսագրից տեղեկացանք, թե ինչ տաղանդավոր մարդիկ կան մեր երկրում, ինչ կառույցներ են գործում։ Պատճառն այն է, որ այդ մարդիկ ներգրավված չեն համայնքային կյանքում, համայնքային որեւէ գործունեության չեն մասնակցում, եւ իրենց համար այդ ամենը նորություն էր դառնում ամսագրի հրապարակումներից հետո։ Երկրներ են եղել, որտեղ փոքրաթիվ հայությունն առաջին անգամ մեր գնալու կապակցությամբ է հավաքվել, այդ ժամանակ են միմյանց ճանաչել, կապ հաստատել միմյանց հետ եւ այլն։ Այսինքն, մեր ամսագիրն այդ համարների միջոցով ոչ միայն ուղեցույց է եղել տարբեր համայնքների համար, թե ինչ կազմակերպություններ կան և ինչ գործունեություն են ծավալում, այլեւ նպաստել է, որ համայնքի ներսում կապեր հաստատվեն։ Եթե մեկը երգիչ է, պարող կամ գիտնական, նրա հնարավորություներն էլ օգտագործեն։ Այդպիսի դեպքեր շատ հաճախ են լինում։ Մինչեւ հիմա էլ, եթե մեկը ուզում է որեւէ համայնքի հետ կապ հաստատի, ինձ հետ են կապվում, ասում են՝ դու բոլորին գիտես՝ այսինչ տեղը պետք է ճամփորդենք, ո՞ւմ խորհուրդ կտաս հանդիպել, ո՞վ կարող է մեզ ուղեկցել, ո՞ւր կարող ենք գնալ եւ այլն։ Այդ իմաստով «Օրերը» լայն ճանաչողական դեր է կատարել համայնքների մեջ ոչ միայն սեփական համայնքը, այլեւ հարեւան երկրների հայկական համայնքները ճանաչելու առումով։
«Օրերի» առաքելության մասին շատ-շատ կարեւոր բաներ ասվեցին երեկոյի ժամանակ։ Այն, որ ամսագրի հրապարակումները սկզբնաղբյուր են, այն կարեւոր դերակատարությունը, որ ունի հայապահպանության, հին ու նոր հայկական համայնքները միմյանց մերձեցնելու, հայկական մշակույթը խրախուսելու և օտարերկրացիներին ներկայացնելու գործում և այլն։ Տպավորություն ունեմ, որ գնահատողներն ավելի շատ արվեստագետներն են, որոնք կարևորում են ամսագրի դերը նաև իրենց կայացման գործում։ Իսկ նրանք, որոնք նյութական աջակցություն կարող են ցուցաբերել ամսագրին, արդյոք, կարևորո՞ւմ են ձեր կատարած աշխատանքը։
Իհարկե, մենք այս տարիներին ձեռքներս ծալած չենք նստել, միշտ դիմել ենք տարբեր հաստատությունների։ Մեր նախագծերն էլ եթե չլինեին Գյուլբենկյան հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ, ամսագիրն ընդհանրապես կարող էր լույս չտեսնել։ Նաև՝ մի քանի հավատարիմ գործարարներ կան, որոնք որոշ չափով աջակցում են մեզ տարիներ շարունակ։ Սակայն այդ ամենը ֆինանսական մեծ հոսքեր չի ապահովում, որպեսզի կարողանանք աշխատակազմ ունենալ։ Շատ կուզենայինք վճարել Րաֆֆի Չեչենյանին, որը 25 տարի շարունակ անվարձահատույց ամսագրի շապիկի դիզայնն է պատրաստում։ Գործարարների ընկալումն այլ է․ նախ՝ Ռուսաստան, Ամերիկա և այլ երկրներում բնակվող գործարարները մտածում են, որ իմաստ չունի աջակցել մի ամսագրի, եթե այն իրենց երկրում չի հրատարակվում, այստեղ ո՞վ պիտի կարդա, եթե ռուսերեն կամ անգլերեն լեզվով չի հրատարակվում։ Անցնող տարիներին ամսագրի համարներից մոտավոր հաշվարկով 70 հազար հատ անվճար բաժանել ենք Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող բոլոր կարեւոր ֆորումների, համաժողովների, համագումարների ժամանակ։ Պետք է ասեմ, որ դրանից հետո էլ շատ քչերն են բաժանորդագրվել կամ շատերը բաժանորդագրվում են մի անգամ և կարծում են, որ դա ցմահ բաժանորդագրություն է։
Հայաստանում մարդկանց մի շրջանակ կա, որ Պրահա այցելությունների ժամանակ ձեր կատարած աշխատանքը տեսնելով՝ «Օրերի» խմբագրությունը Չեխիայում հայկական երկրորդ դեսպանատուն են համարում։ Զուտ լրագրողական աշխատանքից բացի, դու և Աննան, այդ կապերը ստեղծողն եք, երկկողմ փոխհարաբերություններ զարգացնողը, ազգային գաղափարախոսությունը դրվատողը, հասարակական գործունեություն ծավալողը, որի լավագույն օրինակը Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցությունն էր։
Իհարկե, մենք միայն ամսագրի տպագրությամբ չենք զբաղվել։ Երկուսս էլ շատ ակտիվորեն ներգրավված ենք համայնքային կյանքում, Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կեղծ քարոզչությանը հակադարձելու աշխատանքներին։ Այդ հարցում հայկական ամենամեծ կազմակերպությունների հետ ենք համագործակցել՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի մասնաճյուղի, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ, որն ամբողջ Եվրոպայում Հայ դատի գործունեությունն է կենտրոնացնում։ Բոլորի աշխատանքը լուսաբանել ենք եւ նրանց հետ ակտիվորեն մասնակցել ենք համաեվրոպական քարոզչական աշխատանքներին։ Այդ իմաստով, իհարկե, մենք բացառիկ դերակատարություն ենք ունեցել, հատկապես հայկական մամուլի և հայության շրջանում։ Իհարկե, ամսագրում չեխերեն էջերը շատ չեն, բայց կարեւոր հայտարարությունները, ուղերձները, պատգամները, նաև չեխերենով, անգլերենով, երբեմն նաեւ ռուսերենով ենք հրապարակել։
Մեր թշնամիները բավականին լավ ֆինանսավորում ունեն, նրանք կարողանում են շատ լայնամասշտաբ քարոզչություն իրականացնել, ինչը մենք չունենք։ Նրանք թիրախավորել են մեր ամսագիրը, www.orer.eu կայքը։ Ադրբեջանական հարձակումների պատճառով մի քանի անգամ կայքն իսպառ ջնջվել է, արխիվի մի մասը կորցրել ենք, հետո զրոյից ենք սկսել։ Անցել ենք նաեւ այդ քարոզչական պայքարի ճանապարհով։
Ի՞նչ հնարավորություններ եք բաց թողել, որի իրագործումը կարող էր շատ ավելի հայանպաստ հնարավորություններ ստեղծել։
Մեր ուժերի սահմաններում ամեն ինչ արել ենք։ Չեմ կարծում, որ շատ մեծ հնարավորություններ են եղել, որը մենք բաց ենք թողել։ Եթե աջակցություն ունենայինք, ավելի լայնածավալ աշխատանք կկատարեինք, կներառեինք նաեւ տարբեր երկրների մեր գործընկերներին, ինչը շատ ավելի ազդեցիկ կլիներ։ Ի դեպ, այդ իմաստով մենք ժամանակին քարոզչական ծրագիր էինք ներկայացրել, բայց որեւէ կառավարություն, որեւէ գործարար չի ցանկացել աջակցել մեզ։
Աննան իր խոսքում ասաց, որ ոչ մի իշխանություն մեզ իրենցը չի համարել։ Մի կողմից լավ է, որ լրատվամիջոցն անկախ է, բայց ձեր պարագայում, նկատի ունենալով, որ լրագրողական աշխատանքից բացի, նաև հասարակական գործունեություն եք իրականացնում՝ գուցե եւ իշխանությունների աջակցությունը պետք է ունենայիք։
Անցյալում որոշակի համագործակցություն եղել է Հայաստանի մշակույթի նախարարության հետ՝ մի քանի փոքր դրամաշնորհային նախագիծ ենք իրականացրել՝ նվիրված հայկական մամուլին, կինոյին, թատրոնին, հայկական գրատպության 500-ամյակին և այլն։ Սակայն հիմնարար օգնություն մեզ չի եղել։ Չեն էլ թաքցրել՝ մեզ հարգել են, բայց չեն վստահել։ Նախորդ իշխանությունների ժամանակ, եթե ինչ-որ կոնտակտներ կային քարոզչության ասպարեզում, օրինակ, օգնել ենք ադրբեջանական կեղծարարության դեմ պայքարել չեխ լրագրողների միջոցով եւ այլն, վերջին 6 տարիներին ընդհանրապես չի եղել։
Ամսագիրը ոչ միայն զուտ լրագրողական աշխատանք է, ոչ միայն համայնքների կամ մշակույթի մասին է, այլեւ պատմության եւ ժամանակաշրջանի համար պատմագիտական հարուստ ու արժեքավոր նյութ է ստեղծում։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են՝ ինչու աջակցել կամ ինչու չաջակցել ամսագրին, նաեւ պետք է հասկանան, որ «Օրերը» պարզապես լրատվամիջոց չէ։ Սա մի ամբողջ հայկական ինստիտուտ է, որն իր առաքելությունն իրականացնում է տարբեր ուղղություններով։ Ամսագիրն ընդամենը միջոց է իրականացնելու այդ բոլոր նախագծերը՝ իրար կապելու հայ համայնքները և եւ մշակույթի գործիչներին, տարբեր համայնքների ստեղծման պատմությունը ներկայացնելու և այլն։ Այսինքն՝ այս ամենը շատ կարեւոր է նաեւ հայկական աշխարհի համախմբման առումով։
Ամփոփելով անցած 25 տարիները՝ կարող ենք ասել, որ «Օրեր»–ն արդեն ունի ճանաչելիություն, հեղինակություն, վստահություն և կայունություն։ Ի՞նչ նոր բան կցանկանայիք ավելացնել եղածին։
«Օրեր»-ի 25-ամյակի կապակցությամբ ուզում ենք մեծ քարոզարշավ սկսել՝ բաժանորդագրությունն ավելացնելու նպատակով։ Քանի որ մեր անձնակազմը շատ փոքր է, ֆիզիկապես չենք հասցնում միաժամանակ և՛ ամսագրի բովանդակությամբ զբաղվել, և՛ գովազդով, և՛ տպագրական հարցերով։ Այդ իմաստով, իհարկե, ֆինանսների բացակայությունը լրջորեն զգացնել է տալիս։ Չգիտեմ, երբեւէ կլինի մեկը, որ կհասկանա այս ամսագրի արժեքը, առաքելությունը եւ կցանկանա այդ իմաստով աջակցել ամսագրին։ Ուզում ենք «Youtube»–ում ալիք ունենալ և տեսաշարեր տարածել։ Մեր հրապարակումները փոխադրել նաեւ սոցիալական ցանցեր կամ մեր կայք, որն, իհարկե, ավելի կակտիվացնի ամսագրի կատարած աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս նախագծերի իրականացումն անընդհատ ձգձգվում է, որովհետև մարդկային ռեսուրսների առումով շատ սահմանափակ ենք, իսկ դրա միակ պատճառը ֆինանսների սղությունն է։
Մեկնաբանել