
ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձեւավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն
ԱԺ հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:
«Զեկուցողի խոսքով՝ այս պահին նախարարության ենթակայությամբ գործում է երկու ուսումնական հաստատություն` ՆԳՆ կրթահամալիրը եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու ուսումնական հաստատությունները տարբեր ձեւաչափերով են ապահովում կրթության կազմակերպման եւ կադրերի պատրաստման մասով նախարարության կողմից մշակված քաղաքականությունը, Կառավարությունն առաջարկում է դրանք միավորել` ձեւավորելով ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն:
«Անցումային ժամանակահատվածում ՆԳ նախարարը մինչեւ մեկ տարի ժամկետով կնշանակի ժամանակավոր ռեկտորի պաշտոնակատար, որին բաց եւ թափանցիկ մրցութային ձեւաչափով կհաջորդի ռեկտորի ընտրության ընթացակարգը»,- տեղեկացրել է Արփինե Սարգսյանը: Ըստ նրա` ցանկացած անձ, որը կցանկանա մուտք գործել թե' ոստիկանական եւ թե' փրկարարական ծառայության համակարգ, պետք է ուսումնական գործընթացն անցնի հենց ձեւավորվող կրթահամալիրում:
Անդրադառնալով համակարգում պարտադիր վերապատրաստման կանոններին` փոխնախարարն ընդգծել է` առաջարկվում է ոստիկանների եւ փրկարար ծառայողների համար ունենալ տարեկան պարտադիր վերապատրաստման համակարգ:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` զեկուցողը նշել է, որ ձեւավորվող ուսումնական հաստատությունը հետագայում տեղ է գտնելու Ակադեմիական քաղաքում:
Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նախաձեռնությունը քննարկվել է հոկտեմբերի 1-ի ԱԺ նիստում»,- ասված է հաղորդագրությունում:
Մեկնաբանել