
Ռուսական զորքերը հարվածել են Խերսոնին. կա 6 զոհ
Ռուսական զորքերը հարված են հասցրել Ուկրաինայի Խերսոն քաղաքի կենտրոնին։ Ռումբն ընկել է տեղի շուկայի և հասարակական տրանսպորտի կանգառի մոտ։ Այդ մասին հայտնում է Խերսոնի մարզային դատախազությունը։
Գերատեսչության նախնական տվյալներով՝ ռուսական զորքերն առավոտյան 09:00-ի շրջանում հարվածներ են հասցրել փողավոր հրետանուց։ Հարվածի հետևանքով զոհվել է 6 խաղաղ բնակիչ։ Նախկինում նշվում էր 7 զոհի մասին, սակայն ուկրաինական դատախազությունը հավելել է, որ իրականում զոհերի թիվը 6-ն է, բժիշկներին հաջողվել է փրկել 1 մարդու կյանք։ Ընդհանուր առմամբ՝ վիրավորվել է 6 խաղաղ բնակիչ։
Ուկրաինայի դատախազությունը մինչդատական հետաքննություն է սկսել պատերազմի օրենքների և սովորույթների խախտման փաստով (Ուկրաինայի ՔՕ 438-րդ հոդվածի 2-րդ մաս):
Լուսանկարը՝ Ուկրաինայի ոստիկանության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել