
Իրանը պատրաստվում է առաջիկա 12 ժամվա ընթացքում հարվածել Իսրայելին. The New York Times
Իրանը կարող է առաջիկա 12 ժամվա ընթացքում հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի ռազմական պաշտոնյաներից մեկին։ Պարբերականը գրում է, որ հարվածը կարող է հասցվել մութն ընկնելուց հետո։
Ամերիկյան պարբերականի աղբյուրը նշել է, որ Իրանը կարող է արձակել անօդաչուներ և թևավոր հրթիռներ, ինչպես դա արել է ապրիլյան հարձակման ժամանակ, որը գրեթե ամբողջությամբ կասեցվեց Իսրայելի և դաշնակից ուժերի կողմից։
Այդուհանդերձ, NYT-ն նշում է՝ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելը դեռևս Իրանի կողմից օդային որևէ սպառնալիք չի հայտնաբերել։ Նա հավելել է, որ Իսրայելի ուղղությամբ իրանական կրակը «լուրջ հետևանքներ կունենա»։ Ընդ որում, նա մանրամասներ չի նշել։
CNN-ը ևս, այս անգամ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին, հայտնում է, որ Միացյալ Նահանգներում այն կարծիքին են, որ Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնել Իսրայելին։
Ամերիկյան այս հեռուստաընկերության աղբյուրը հավելել է, որ Իրանի ուղղակի ռազմական հարձակումն Իսրայելի վրա լուրջ հետևանքներ կունենա Թեհրանի համար։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել