
Հրթիռների 80 %-ը խոցել են իրենց թիրախները. իրանական Fars գործակալություն
Իրանական հրթիռների առնվազն 80%-ը կարողացել է հաղթահարել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը և Հրեական պետության տարածքում խոցել թիրախներ: Այդ մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Վերջինս պնդում է, որ սա հարվածների միայն առաջին ալիքն է և պետք է սպասել երկրորդին։ Ընդ որում, իսրայելական բանակը պնդում է, որ նոր հարձակում դեռևս չի սպասվում։
Իրանական պետական IRIB հեռուստաալիքն էլ նշում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արձակած հրթիռների մի մասը Գազայի հատվածում հարվածել է Նեցարիմ շրջանին, ինչի հետևանքով «խոցվել են Իսրայելի պաշտպանության բանակի մեծ թվով տանկեր»։
Իրանական Tasnim գործակալությունն էլ նշում է, որ իրանական հրթիռները Իսրայելի հարավ-արևմուտքում գտնվող Աշքելոն քաղաքի մոտ խոցել են գազի արդյունահանման սարքավորումները։
Իրանական ShafaqNA-ն էլ պնդում է, որ Իրանը խոցել է իսրայելական ավելի քան 20 F-35 ինքնաթիռ։
Լուսանկարը՝ Jack Guez/AFP/Getty Images
Մեկնաբանել