HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի հայազգի փոխքաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով տիկնոջ հետ Երևանում գտնվող Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանն:

Ողջունելով հյուրին` քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած իր պաշտոնական այցը հավուր պատշաճի կազմակերպելու և ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ ժամկետներում:

«Կարծում եմ` Ձեր այս այցի ընթացքում ինքներդ կհամոզվեք, որ մեր համագործակցության ընդլայնման առումով այսօր Երևանում բավականին լայն դաշտ կա, ինչը կփոխանցեք նաև Մարսելի մեր գործընկերներին: Ես իսկապես բարձր եմ գնահատում մեր երկու քաղաքների 20-ամյա համագործակցությունն ու բարեկամությունը և վստահ եմ, որ առաջիկա տարիներին այն էլ ավելի կզարգանա ու կխորանա», - նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ջերմ ողջույնները` Դիդյե Փարաքյանն իր հերթին նկատել է, որ այս անգամ իսկապես բավականին կերպարանափոխված է տեսել Երևանն ու հաճելիորեն զարմացած է կարճ ժամանակում նման փոփոխությունների առատությունից: Փոխքաղաքապետը խոստովանել է, որ հատկապես հիացած է մայրաքաղաքի կանաչապատման, ծաղկապատման և գիշերային Երևանի արտաքին գեղարվեստական լուսավորության ուղղությամբ տարված աշխատանքներով:

«Շրջելով գիշերային Երևանով` վերհիշեցի Ձեզ հետ Մարսելում ունեցած մեր գիշերային շրջայցը, որի ընթացքում Դուք նշեցիք, որ Երևանում ևս որոշակի աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի շենքերի և շինությունների լուսավորման ուղղությամբ, բայց համեստորեն լռեցիք, չասելով, որ երևանյան լուսավորությունն իրականում գերազանցում է մարսելյան լուսավորությանը: Ես իսկապես հիացած եմ ու կարծում եմ, որ այս մասով ևս մենք փորձի փոխանակման ու համագործակցության ընդլայնման մեծ դաշտ ունենք», - նշել է Դիդյե Փարաքյանը և ընդգծել, որ Մարսելում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն: Միաժամանակ Մարսելի փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ արդեն պլանավորվել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի պաշտոնական այցը Երևան, որը տեղի կունենա 2013 թվականին:

Անդրադառնալով Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս նշել է, որ ցանկալի է վերանայել երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը` այն համապատասխանեցնելով երկուստեք առկա ներուժին  և զարգացման հեռանկարներին: Այս համատեքստում դեռ Մարսելում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այժմ ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք համակողմանիորեն ուսումնասիրում են  համագործակցության բոլոր առաջարկները և, ըստ այդմ, քաղաքապետը հույս է հայտնել, որ Մարսելի իր գործընկերոջ սպասվող պաշտոնական այցի շրջանակում կստորագրվի նաև համագործակցության նոր համաձայնագիրը:

Օգտվելով առիթից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է 2013-ին Մարսելը որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տոնական միջոցառումներին Երևանի մշակութային պատվիրակության մասնակցությունը, ինչին ի պատասխան Դիդյե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ երևանյան պատվիրակությունը լիարժեք կներգրավվի նախատեսված մշակութային միջոցառումներում:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ վերահաստատել է հոկտեմբերին կայանալիք «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մասնակցելու Մարսելի քաղաքային իշխանությանն արված իր հրավերը:  Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter