HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մեկնարկում են 30-րդ ամառային օլիմպիական խաղերը

Վաղը՝ հուլիսի 27-ին, Լոնդոնում կմեկնարկեն 30-րդ ամառային օլիմպիական խաղերը: Մարզական տոնը կշարունակվի մինչեւ օգոստոսի 12-ը: Ընդ որում՝ Լոնդոնը կդառնա պատմության մեջ առաջին քաղաքը, որը երրորդ անգամ կհյուրընկալի խաղերը (առաջին երկուսը՝ 1908-ին եւ 1948-ին): Մառախլապատ Ալբիոնի սիրտը խաղեր անցկացնելու իրավունքը շահել է 2005-ին, երբ հաղթեց Փարիզին, Մադրիդին, Նյու-Յորքին եւ Մոսկվային:  

Լոնդոնում 204 երկրի շուրջ 12.500 մարզիկ-մարզուհի կվիճարկի 26 մարզաձեւերի 302 մեդալային հավաքածու:

Ներկայացնենք այդ 26 մարզաձեւերը (իրենց տեսակներով՝ 39):

1.ակադեմիական թիավարություն
2.առագաստային սպորտ
3.բադմինտոն
4.բասկետբոլ
5.բռնցքամարտ
6.եռամարտ
7.ըմբշամարտ (հունահռոմեական եւ ազատ)
8.թաեքվոնդո
9.թեթեւ ատլետիկա
10.թենիս
11.թիավարություն (բայդարկա եւ կանոէ, սլալոմ)
12.ժամանակակից հնգամարտ
13.խոտի հոկեյ
14.ծանրամարտ
15.հանդբոլ
16.հեծանվասպորտ (տրեկային, խճուղային, լեռնային, BMX)
17.հրաձգություն
18.ձիասպորտ (ցուցադրական, ցատկեր, եռամարտ)
19.ձյուդո
20.մարմնամարզություն (սպորտային, գեղարվեստական, ցատկեր բատուտի վրա)
21.նետաձգություն
22.ջրային մարզաձեւեր (ջրագնդակ, լող, ջրացատկ, գեղալող)
23.սեղանի թենիս
24.սուսերամարտ
25.վոլեյբոլ (վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ)
26.ֆուտբոլ

Լոնդոնի գլխավոր մարզահրապարակը կդառնա «Օլիմպիական» մարզադաշտը: Ընդհանրապես խաղերը տեղի կունենան քաղաքի երեք գոտիներում՝ օլիմպիական («Օլիմպիական» մարզադաշտ, ջրային կենտրոն, լոնդոնյան հեծանվահրապարակ, «Ռիվերբանկ արենա», բասկետբոլային արենա, «Կոպպեր բոքս», օլիմպիական ավան), գետային (Լոնդոնի ցուցադրական կենտրոն, «Արենա O2» եւ «Արենա Գրինվիչ», Գրինվիչի այգի, թագավորական հրետանու զորանոցներ) եւ կենտրոնական («Ուեմբլի» մարզադաշտ, թենիսի եւ կրոկետի համաանգլիական ակումբ, «Լորդս կրիկետ գրաունդ», Ռիջենթս պարկ, «Հորս Գարդս Պերեդ», Հայդ պարկ, «Էրլս Կորտ»): Լոնդոնից դուրս՝ Գլազգո, Կարդիֆ, Մանչեսթր, Նյուքասլ, Քովենթրի քաղաքներում կանցկացվեն ֆուտբոլային հանդիպումներ, մի քանի այլ վայրերում տեղի կունենան առագաստային սպորտի եւ թիավարության մրցություններ:

Լոնդոնյան խաղերի խորհրդանիշները Վենլոկն ու Մանդեւիլն են, որոնք իրենցից պողպատի կաթիլ են ներկայացնում: Միաչքանի այս կերպարներն իրենց անունները ստացել են անգլիական բնակավայրերից, որտեղ մարզական մրցումներ են անցկացվել նախկինում:

Նրանք կպաշտպանեն Հայաստանի պատիվը

Հայաստանը Լոնդոնում կներկայացնի 25 մարզիկ-մարզուհի: Ահա նրանք.

1.Վարդերեսյան Հովհաննես (Երեւան)- ըմբշամարտ (հունահռոմեական ոճ, 66 կգ)

2.Ջուլֆալակյան Արսեն (Գյումրի)- ըմբշամարտ (հունահռոմեական ոճ, 74 կգ)

3.Ալեքսանյան Արթուր (Գյումրի)- ըմբշամարտ (հունահռոմեական ոճ, 96 կգ)

4.Պատրիկեեւ Յուրի (Կրիվոչիպեկս)- ըմբշամարտ (հունահռոմեական ոճ, 120 կգ)

5.Ջաբուրյան Միհրան (Երեւան)- ըմբշամարտ (ազատ ոճ, 55 կգ)

6.Սաֆարյան Դավիթ (Չերկեսկ)- ըմբշամարտ (ազատ ոճ, 66 կգ)

7.Նուրմագոմեդով Հաջիմուրադ (Մախաչկալա)- ըմբշամարտ (ազատ ոճ, 84 կգ)

8.Միրզոյան Առաքել (Բաղրամյան)- ծանրամարտ, 69 կգ

9.Մարտիրոսյան Տիգրան (Գյումրի)- ծանրամարտ, 77 կգ

10.Խաչատրյան Արա (Գյումրի)- ծանրամարտ, 85 կգ

11.Վարդանյան Նորայր (Գյումրի)- ծանրամարտ, 94 կգ

12.Դալուզյան Մելինե (Գյումրի)- ծանրամարտ, 69 կգ

13.Խուրշուդյան Հռիփսիմե (Քասախ)- ծանրամարտ, + 75 կգ

14.Հարությունյան Քրիստինե (Գյումրի)- թեթեւ ատլետիկա (նիզակի նետում)

15.Ջանոյան Մելիք (Գյումրի)- թեթեւ ատլետիկա (նիզակի նետում)

16.Սարգսյան Արսեն (Վանաձոր)- թեթեւ ատլետիկա (հեռացատկ)

17.Փահլեւանյան Վարդան (Երեւան)- թեթեւ ատլետիկա (հեռացատկ)

18. Դավթյան Հովհաննես (Գյումրի)- ձյուդո, 60 կգ

19.Նազարյան Արմեն (Հրազդան)- ձյուդո, 66 կգ

20.Բարսեղյան Անահիտ (Խարկով)- լող (100 մ թիկնալող)

21.Քոլոյան Միքայել (Երեւան)- լող (100 մ ազատ ոճ)

22.Բախտամյան Նորայր (Երեւան)- հրաձգություն (ատրճանակ՝ 50 մ, օդամուղ ատրճանակ՝ 10 մ)

23.Դավթյան Արթուր (Երեւան)- մարմնամարզություն (սպորտային)

24.Երեմյան Արման (Երեւան)- թաեքվոնդո, 80 կգ

25.Հակոբյան Անդրանիկ (Էջմիածին)- բռնցքամարտ, 75 կգ

Ինչպես երեւում է, 25-ից 9-ը ներկայացնում են Գյումրին, 7-ը Երեւանից են, 2-ական ներկայացուցիչ ունեն Արմավիրը (Էջմիածին, Բաղրամյան) եւ Կոտայքը (Հրազդան, Քասախ), 1-ը՝ Լոռին (Վանաձոր):

Մեր մարզիկներից 7-ը ըմբիշներ են (4-ը՝ հունահռոմեական, 3-ը՝ ազատ ոճի), 6-ը՝ ծանրորդներ (4 տղամարդ, 2 կին), 4-ը՝ ատլետներ (2-ական նիզականետորդ (մեկը՝ կին) եւ հեռացատկորդ), 2-ը՝ ձյուդոյիստ, 2-ը՝ լողորդ (մեկը՝ կին), 1-ական հրաձիգ, մարմնամարզիկ, բռնցաքամարտիկ, թաեքվոնդոյիստ: Ընդհանուր առմամբ պատվիրակության մեջ 4 մարզուհի կա:

Ով՝ երբ

Հուլիսի 28-ին ասպարեզ դուրս կգան ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանն ու բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը:

Հուլիսի 29-ին պայքարի մեջ կմտնեն ձյուդոյիստ Արմեն Նազարյանն ու լողորդ Անահիտ Բարսեղյանը:

Հուլիսի 31-ին կտեսնենք լողորդ Միքայել Քոլոյանին ու ծանրորդ Առաքել Միրզոյանին:

Օգոստոսի 1-ը ծանրորդներ Մելինե Դալուզյանի ու Տիգրան Մարտիրոսյանի օրն է:

Օգոստոսի 3-ին կպայքարեն ծանրորդ Արա Խաչատրյանն ու հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանը, Արսեն Սարգսյանը:

Օգոստոսի 4-ին հարթակ դուրս կգա ծանրորդ Նորայր Վարդանյանը:

Օգոստոսի 5-ին կրկին կտեսնենք հրաձիգ Նորայր Բախտամյանին, ինչպես նաեւ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանին:

Օգոստոսի 6-ին գորգին կլինի ըմբիշ Յուրի Պատրիկեեւը:

Օգոստոսի 7-ը նորից ըմբիշներինն է՝ Հովհաննես Վարդերեսյան, Արթուր Ալեքսանյան: Կտեսնենք նաեւ նիզականետորդ Քրիստինե Հարությունյանին:

Օգոստոսի 8-ին ուժերը կփորձի նիզականետորդ Մելիք Ջանոյանը:

Օգոստոսի 10-ին ուժերը կփորձեն թաեքվոնդոյիստ Արման Երեմյանն ու ըմբիշ Միհրան Ջաբուրյանը:

Օգոստոսի 11-ին գորգին կտեսնենք ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովին:

Օգոստոսի 12-ին պայքարը կեզրափակի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը:

Ոսկե մեդալի սպասումով

Անկախությունից հետո Հայաստանի ներկայացուցիչները ԱՊՀ երկրների կազմում մասնակցել են 1992-ի Բարսելոնի օլիմպիական խաղերին: Իսկ ահա 1996-ին Ատլանտայում առաջին անգամ ՀՀ-ն ներկայացել է առանձին կազմով: Հենց այդ ժամանակ էլ ըմբիշ Արմեն Նազարյանը նվաճեց Հայաստանի առաջին ու առայժմ միակ ոսկե մեդալը, իսկ մեկ այլ ըմբիշ՝ Արմեն Մկրտչյանը՝ առայժմ միակ արծաթը: 2000-ին Սիդնեյում ծանրորդ Արսեն Մելիքյանը բրոնզ նվաճեց: 2004-ի աթենքյան խաղերը տխուր հուշ էին մեզ համար, քանի որ հայ մարզիկները տուն վերադարձան ձեռնունայն: Իսկ ահա 2008-ին Պեկինում բրոնզ շահեցին ծանրորդներ Գեւորգ Դավթյանը, Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, ըմբիշներ Ռոման Ամոյանն ու Յուրի Պատրիկեեւը, բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը:

Հույս ունենանք, որ այս անգամ մեդալների գույնն ավելի ազնիվ կլինի, քանակն էլ՝ շատ: Ստորեւ ներկայացնենք օլիմպիական խաղերում բոլոր ժամանակների (1952-ից) հայաստանցի մրցանակակիրներին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter