HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նոտարներին փոխանցված նոր լիազորությունը որքանո՞վ նվազեցրեց քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը

Նոտարական պալատը և դատական իշխանությունը վիճակագրություն չունեն, հաստատված ձևանմուշում «մոռացել են» վճարման կարգադրություն արձակելու դիմումների վերաբերյալ հաշվետվության պահանջ ներառել 

Բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները 2024թ․-ից 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով դիմումները ներկայացնում են ոչ թե դատարան, այլ նոտարներին։ Նպատակը դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է, սակայն օրենքն ուժի մեջ մտնելուց 9 ամիս անց չեն ներկայացվել հստակ վիճակագրական տվյալներ, որից պարզ կլիներ, թե այդ փոփոխությունը որքանով նվազեցրեց քաղաքացիական գործեր քննող դատարանի ծանրաբեռնվածությունը: Ոլորտը համակարգող պաշտոնյաները հրապարակում են թվեր, որոնք չունեն ո’չ համեմատություն, ո’չ մեթոդիկա, ո’չ էլ ամբողջական պատկերն են արտացոլում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ հրապարակումները զուտ քարոզչական բնույթ ունեն և չեն արտացոլում իրական պատկերը:

2023թ. դեկտեմբերի 11-ից օրինական ուժի մեջ մտած «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի», «Նոտարիատի մասին» օրենքի փոփոխություններով, գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ 2 մլն դրամը չգերազանցող գումարի (ներառյալ՝ տուժանքի, տոկոսների և այլ վճարների) բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմում նոտարին ներկայացնում են բանկերը, վարկային կազմակերպությունները,  ինչպես նաև էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք՝ սպառողների կամ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարական պալատ ներկայացվում է էլեկտրոնային եղանակով: Նոտարների միջև գործերի բաշխումը և վերաբաշխումը կատարվում են բացառապես հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որի շահագործման կարգը սահմանվել է Արդարադատության նախարարի հրամանով: Իսկ դիմումը նոտարների միջև բաշխվում է այնպես, որ ապահովվի դրանց հնարավորինս հավասարաչափ բաշխումը:

Համակարգչային ծրագրի մշակման և գործարկման կարգը սահմանում է նոտարական պալատը:

Մասնավոր զրույցներում նոտարները նշում են, որ իրենք շահագրգռված չեն գումարի բռնագանձման պահանջով կարգադրություններ արձակել, քանի որ ժամանակատար է: Այս հանգամանքով պայմանավորված՝ դեռևս 2024թ. հունիսի 4-ին հարցում էինք ուղարկել Նոտարական պալատի նախագահին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե օրենքով նոտարներին գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու լիազորություն տալու օրվանից մինչ 2024թ. մարտի 31-ը ներառյալ, գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ընդհանուր քա՞նի դիմում է ներկայացվել: Դրանցից քանի՞սն են ընդունվել, քանի՞սն են վերադարձվել կամ մերժվել:

Հետաքրքրվել էինք նաև, թե գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու լիազորություն ստանալուց հետո որքանո՞վ է ավելացել նոտարների ծանրաբեռնվածությունը: «Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումների մասով առայժմ առկա չեն պաշտոնական վիճակագրական տվյալներ, ուստի հնարավոր չէ Ձեզ տրամադրել Ձեր հարցման տարբեր կետերով պահանջվող մուտքագրված, բավարարված, վերադարձված և մերժված դիմումների քանակի վերաբերյալ և այլ վիճակագրական տեղեկատվություն»,- նշված է Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի պատասխանում:

Նույն հարցումը Նոտարական պալատ ուղարկել ենք նաև հուլիսի 29-ին՝ խնդրելով տրամադրել կիսամյակային (6 ամսվա) վիճակագրական տվյալներ: Պահանջված տեղեկատվությունը դարձյալ չի տրամադրվել և կրկին պատճառաբանվել է պաշտոնական վիճակագրություն չունենալու հանգամանքով:

2024թ. օգոստոսի 9-ին երրորդ հարցումն ենք ուղարկել Գլխավոր նոտարին՝ հստակ նշելով, որ պաշտոնական վիճակագրության հրապարակման բացակայության պատճառաբանությամբ տեղեկատվություն չտրամադրելը խախտում է մեր՝  տեղեկատվություն ստանալու, տարածելու իրավունքը։ Դրանով խոչընդոտվում է նաև լրատվամիջոցի հիմնական գործառույթը՝ տեղեկատվության փոխանցումը հանրությանը։ Դարձյալ խնդրել ենք տրամադրել պահանջված տեղեկատվությունը: 

Ի պատասխան այս գրության, Նոտարական պալատից հայտնել են, որ նոտարը յուրաքանչյուր եռամսյակ Արդարադատության նախարարություն և Նոտարական պալատ է ներկայացնում նոտարական գործունեության մասին վիճակագրական տեղեկություններ պարունակող հաշվետվություն՝ Վիճակագրական պետական խորհրդի 2020թ. փետրվարի 27-ի որոշմամբ հաստատված ձևով: Դրանից օգտվելով էլ Նոտարական պալատը կարողանում է հայտնել այս կամ այն տվյալը: Սակայն, նշված հաշվետվության ձևում առայժմ ներառված չէ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումներին առնչվող տեղեկությունների համար նախատեսված տող:

«Պալատն արդեն իսկ ներկայացրել է առաջարկ նման բովանդակությամբ տող ավելացնելու վերաբերյալ, սակայն առայժմ նոր ձև հաստատված չէ»,- հայտնել է Նոտարական պալատի վարչության նախագահի պարտականությունները կատարող Գոռ Դիլոյանը՝ հավելելով, որ մեր պահանջած տեղեկատվությունը հավաքելու և տրամադրելու համար անհրաժեշտ է 30-օրյա ժամկետ:

Ըստ տրամադրված տեղեկատվության՝ 2024թ. առաջին 6 ամսում՝ հունիսի 30-ի դրությամբ ներկայացվել է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին 8525 դիմում, որից 7176-ով արձակվել է կարգադրություն:

Էլեկտրոնային համակարգը չունի, ըստ կազմակերպության տեսակի, օրինակ՝ բանկ, վարկային կազմակերպություն և այլն, տվյալները ֆիլտրելու հնարավորություն: Այս մասով ևս տեղեկատվություն չի հրապարակվում:

Դեռևս 2024թ. օգոստոսի 7-ին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Արդարադատության նախարարությունը 7 ամիս առաջ գործարկել է նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հարթակը: Ըստ նախարարի՝ հարթակի գործարկումից մինչ այդ պահը ստացվել էր ավելի քան 12 հազար դիմում, և նոտարներն արդեն արձակել էին ավելի քան 6300 կարգադրություն:

Գրիգոր Մինասյանի հայտնած տվյալները չեն համընկնում Նոտարական պալատի տրամադրած տեղեկատվության հետ: Մասնավորապես, նախարարը նշել էր, թե 7 ամսում կայացվել է 6300 կարգադրություն, մինչդեռ Պալատից մեզ հայտնել են 6 ամսում արձակած 7176 կարգադրության մասին: Կասկածելի է նաև 12 հազար դիմումների թիվը 7 ամսում, այն դեպքում, երբ 6 ամսում ներկայացվել է 8525 դիմում: Ստացվում է, որ միայն հուլիս ամսին գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու 3475 դիմում է ներկայացվել, երբ նախորդ 6 ամիսներին միջինը ներկայացվել է ամսական 1420 դիմում:

Ուշագրավ մի հանգամանք ևս. նախարարն ի՞նչ թվեր է հրապարակել, երբ այդ ժամանակ Նոտարական պալատից մեզ հայտնել են, որ վիճակագրություն չունեն:

Հետաքրքրվել էինք նաև, թե ինչ ծանրաբեռնվածություն ունեն նոտարները նոր լիազորություն փոխանցելուց հետո: Պալատից հայտնում են, որ նոտարների ծանրաբեռնվածության գնահատման չափման միավորներ սահմանված չեն, ուստի գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու լիազորությունը տրամադրելուց հետո ծանրաբեռնվածության հստակ գնահատման արդյունքները չեն կարող հայտնել:

Նոտարական պալատից հայտնում են նաև, որ կարգադրություն արձակելու ինստիտուտի գործարկման հիմքում դրվել է նոտարների միջև գործերի քանակի հավասարակշռման ինքնաշխատ ծրագիրը, որպեսզի նոտարական համակարգում այս առումով անհավասար ծանրաբեռնվածության խնդիր չստեղծվի: «Ուշագրավ է, որ առկա վիճակագրությունը ցույց է տալիս տարբեր տեսակի գործարքների (օրինակ՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի) վավերացման քանակի նվազման միտումներ, ուստի գլոբալ գերծանրաբեռնվածության խնդիր ևս առկա չէ»,- նշված է Պալատի պատասխանում:

Հարկ է նշել, որ գումարի բռնագանձման պահանջի գործերով նոտարը դիմումը ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, ծանուցում է պարտապանին դիմումի մասին՝ առաջարկելով ծանուցումը ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում, կատարել պարտավորությունը կամ ներկայացնել իր առարկությունները գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումի վերաբերյալ: 

Նոտարը դիմումը բավարարելու դեպքում արձակում է կարգադրություն, որը կողմերի համար դառնում է պարտադիր այն արձակելուց 10 օր հետո: Կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը, այլ հիմքերից բացի, մերժվում է, եթե պարտապանը ծանուցում ստանալուց հետո՝ սահմանված 20-օրյա ժամկետում, ներկայացրել է առարկություն կամ կատարել է վճարման պահանջը:

Նշենք, որ նոտարի արձակած կարգադրությունը կողմերը կարող են վիճարկել դատարանում՝ գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելով: Դատական դեպարտամենտին խնդրել էինք հայտնել, թե 2024թ. առաջին կիսամյակում 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով քանի՞ հայցադիմում է մուտքագրվել դատարան, և նշված հայցադիմումներից քանի՞սն են ընդունվել վարույթ: 

Ինչպես միշտ, Դեպարտամենտից հայտնել են, որ դատարանների գործունեության վերաբերյալ վիճակագրություն վարվում է տարին 2 անգամ՝ կիսամյակային և տարեկան պարբերականությամբ, որը հրապարակված է դատական իշխանության պաշտոնական կայքում: «Ձեր գրությամբ բարձրացված հարցադրումների վերաբերյալ Դատական դեպարտամենտի կողմից առանձին դատական վիճակագրություն կամ այլ հաշվառում չի վարվում»,- նշել է դեպարտամենտի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Գալստյանը:

Փաստացի, չկա նաև հրապարակված տվյալ, թե նոտարի կայացրած վճարման կարգադրություններից քանիսն է բողոքարկվել դատական կարգով: Գուցե դրանք մեծ թիվ են կազմում, և դրանով նույնպես դատարանները ծանրաբեռնվում են:

Դատական իշխանության court.am կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2024թ. առաջին կիսամյակում գումարի բռնագանձման պահանջով 4966 հայցադիմում է ներկայացվել ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարաններ, որից 4151-ն ընդունվել է վարույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտք է եղել 70 054 հայցադիմում, որից վարույթ է ընդունվել 60 402-ը: Բացի այդ, 2023թ. առաջին կիսամյակում ստացվել է նաև 6773 վճարման կարգադրություն արձակելու դիմում, իսկ 2024թ. առաջին կիսամյակում՝ 287 դիմում:

Հնարավոր չէ ասել, թե այս հայցադիմումներից քանիսով է մինչև 2 մլն դրամ բռնագանձելու պահանջ ներկայացվել, քանի որ առանձնացված վիճակագրություն չկա: Սակայն, եթե դիտարկենք գումարի բռնագանձման պահանջով դատարան մուտք եղած ընդհանուր հայցադիմումներն ու դիմումները, պարզ գումարման միջոցով ստացվում է, որ 2024թ. առաջին կիսամյակում գումարի բռնագանձման պահանջով, այդ թվում՝ վճարման կարգադրություններով, դատարան է մուտքագրվել 5253 հայցադիմում և դիմում: Եթե այդ թիվը համեմատենք 2023թ. առաջին կիսամյակի թվերի հետ, ստացվում է, որ այս տարի գումարի բռնագանձման պահանջով 71 574 գործ պակաս է մուտքագրվել: Ակնհայտ է, որ գումարի բռնագանձման պահանջով գործերի քանակը նվազել է, բայց ինչպե՞ս։ Նկատի ունենանք, որ նոտարներին այդ գործերից բաժին է հասել ընդամենը 8525-ը:

Ավելին, համեմատելով 2023-2024 թվականների առաջին կիսամյակների ընթացքում դատարանների ստացած նոր հայցադիմումների քանակը, պարզ է դառնում, որ այս տարի հայցերը 62 785-ով նվազել են: Մասնավորապես, եթե 2023թ. առաջին կիսամյակում ստացվել է 75 468 դիմում կամ հայցադիմում, ապա 2024թ. նույն ժամանակահատվածում՝ 12 683: Տարբերությունն ահռելի է, սակայն որոշիչ դերակատարություն չունի, առավել ևս 80% կրճատման չեն հանգեցնում նոտարներին ուղարկված վճարման կարգադրությունների գործերը, ինչի մասին թմբկահարում են ոլորտի պատասխանատուները։ Հիշեցնենք, որ նոտարները ստացել են ընդամենը 8525 դիմում: Առայժմ անհասկանալի է, թե ինչպես է նվազել դատարան մուտք եղած գործերի թիվը։ Դատական իշխանությունն այս հարցին չի պատասխանում:

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով /  Ideogram
 
Ինֆոգրաֆիկաները՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter