
Պատերազմի ստվերում. մեկ տարի անց՝ բենզինի պահեստի ողբերգական պայթյունի հետքերով (մաս 3)
Սիրանուշ Սարգսյան
Ուշադրություն. նյութում առկա են պայթյունից այրվածքային վերքեր ստացած անձանց նկարներ
2023 թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից «Հայկազով» տեղանքում գտնվող զորամասի վառելիքի պահեստի պայթյունը խլեց 219 հոգու կյանք, 22-ն անհետ կորած են, վիրավորվել է ավելի քան 290 մարդ։
Պայթյունի սպիները. բժիշկների և վիրավորների պայքարը կյանքի համար
21-ամյա Տաթևիկ Ասլանյանը ցույց է տալիս պայթյունից հետո արված լուսանկարները ու չի հավատում, որ դա ինքն է․ ամբողջությամբ այրված մարմին, այտուցված գլուխ, փակ աչքեր։
Այսօր՝ մեկ տարի անց, Տաթևիկը արտահիվանդանոցային բուժում է ստանում արդեն տանը, դեռ ամբողջ մարմինը պատված է այրվածքների հետքերով ու սպիներով։ Տաթևիկն Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայրից է։ Նրանց ընտանիքն ամենավերջիններից էր, որ լքել է գյուղը, քանի որ զինվորական մայրը մինչև վերջ հրաժարվում էր հեռանալ։ «Ես երբեք չեմ պատկերացրել, որ հնարավոր է մի իրավիճակ, որ Արցախում հայ չապրի»,- ասում է մայրը՝ Աշխեն Ասլանյանը։ Նրա 6 քույր-եղբայրների ընտանիքները միասին ստիպված հեռացել են Արցախից, ու այժմ 7 ընտանիքներն էլ ապրում են Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Բայց հեռանալու համար, ինչպես բոլոր ընտանիքները, նրանք ևս վառելիքի փնտրտուքի մեջ էին։
Սեպտեմբերի 25-ին Ասլանյանները Նորագյուղից մի կերպ հասել են Ստեփանակերտի մատույցներ, որտեղ բենզալցակայանում վառելիք չեն գտել։ Հետևելով վառելիք փնտրող այլ ընտանիքների՝ նրանք նույնպես հայտնվել են «Հայկազովի» վառելիքի պահեստում։ Սկզբում Տաթևիկի եղբայրը, մորն ու իրեն թողնելով մեքենայի մեջ, գնացել է վառելիքի հետևից։ Մի քանի ժամ սպասելուց հետո, հասկանալով, որ եղբոր ձեռքին տարա չկա, Տաթևիկը դատարկել է ջրի միակ տարան ու գնացել եղբոր հետևից։ Քանի որ հեռախոսի մարտկոցը լիցք չուներ, չի կարողացել կապվել նրա հետ։ Այդ ընթացքում եղբայրը, չիմանալով, որ Տաթևիկն իր հետևից է եկել, վառելիքը վերցրել ու շտապել է իրենց մեքենայի մոտ։
Տաթևիկը մոտեցել է պահեստին ու փորձել ներս մտնել, բայց տեսել է, որ վառելիքի հոտից մի քանի հոգի ուշագնաց են եղել։ Վախեցած հետ է գնացել ու ավելի հեռու կանգնել։ Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել պայթյունը։ Ուշքի գալով՝ տեսել է, որ ամբողջությամբ վառվում է։ Փորձել է դուրս գալ տարածքից, բայց քանի որ այն ցանկապատված էր, չի կարողացել։ Նրան օգնել է զինվորական հագուստով մի տղամարդ, իսկ հետո պատահական անցորդների ուղեկցությամբ Տաթևիկը հասել է «Արևիկ» մանկական հիվանդանոց, որտեղ ավելի շատ կամավորներ են եղել, քան բժիշկներ։
Նրան միայն մի քանի ժամ հետո են ցավազրկել, իսկ հաջորդ օրը տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց ու վիրակապել։ Մեկ օր հետո էլ տեղափոխել են Երևանի մասնագիտացված բժշկական հաստատություն, որտեղ մի քանի ամիս բուժում է ստացել։ Տաթևիկը գոհունակությամբ է խոսում հոգատար բուժանձնակազմի մասին։
Այժմ նա աշխատանք է փնտրում, բայց դեռ վերականգնման կարիք ունի։ Հիմա ամբողջ օրը ձեռնոցներով է ու հատուկ քսուքներ է օգտագործում՝ վերքերը բուժելու համար։
Սեպտեմբերի 19-ին մայրը՝ Աշխեն Ասլանյանը, զորամասում էր։ Չնայած հենց կապի բաժնում էր, ամբողջ օրը չի կարողացել կապվել ընտանիքի հետ։ Ամսի 20-ին Պաշտպանության բանակի լուծարման լուրը ցնցել է նրան։ Այրելով բոլոր փաստաթղթերը՝ թողել է զորամասն ու ոտքով տուն գնացել։
«Ես ասում էի՝ մի տրվեք խուճապին, ադրբեջանցիների նպատակը դա է, որ թողնենք մեր տները, գնանք»,- պատմում է Աշխենը։
Բայց տեսնելով, որ արդեն բոլորը լքում են գյուղը, նրանք ևս հավաքել են ամենակարևոր իրերն ու հարազատների ընտանիքների հետ դուրս եկել Նորագյուղից:
«Գնացի գերեզմանոց, հրաժեշտ տվեցի ամուսնուս ու հարազատներիս, մի բուռ հող ձեռքիս հեռացա»,- ասում է Աշխեն Ասլանյանը։
Լսելով պայթյունի ձայնը ու հասկանալով, որ երկու երեխաները իրարից անկախ հայտնվել են այնտեղ, վազել է պայթյունի ուղղությամբ։ Այնտեղ երեխաներին չի գտել, բայց այն, ինչ տեսել է, համեմատում է իսկական դժոխքի հետ։ «Ամենուր կիսատկլոր, այրված ու գետնին ուղղակի կուչ եկած մարմիններ էին, որոնք կարծես մի բուռ էին դարձել,- հիշում է Աշխենը, հետո ավելացնում,- ինչ-որ մեկը լար էր նետել ներքև, որպեսզի ներսում հայտնվածները դուրս գան, բայց չէին կարողանում, որովհետև և՛ լարն էր շիկացած, և՛ իրենց ձեռքերն էին այրվում»։
Չգտնելով երեխաներին՝ ոտքով հասել է Ստեփանակերտի հիվանդանոց։ Անճանաչելի դարձած դստերը ձայնից է ճանաչել: Աշխենը հիշում է դստեր ու մյուս տուժածների անմարդկային տառապանքները. «Բոլորը գոռում էին, մեկը մյուսի անուններն էին կանչում կամ օգնություն աղերսում»։
Նա պայթյունը անփութության ու անիշխանության հետևանք է համարում. «Մարդ կար, որ հարյուր լիտրանոց տակառով էր։ Եթե կար բենզինը, ինչո՞ւ չէին տալիս բենզալցակայաններին, թեկուզ գումարով»։
Աշխենը որևէ ակնկալիք չունի, որ պայթյունի դեպքը բացահայտվելու է։ Նրա միակ սփոփանքն այն է, որ դուստրը ողջ է մնացել։ «Ես հավատում էի, որ ողջ կլինի։ Իմ ճանաչած մարդկանցից շատերը պայթյունի ժամանակ մահացել են, իմ երեխան գոնե փրկվել է։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես են այրվել, շատերը ուղղակի մոխիր են դարձել, իսկ հետո անձրև է եկել ու անգամ այդ մոխիրից հետք չի թողել»,- ասում է նա։
Այսօր էլ Աշխենը կվերադառնա Արցախ, եթե ադրբեջանցիներն այնտեղ չլինեն։ «Եթե հնարավոր լիներ մնալը, ինչո՞ւ պիտի դուրս գայինք»։
Կարոտը խեղդում է, ամեն ինչ փորձում է համեմատել Արցախի հետ։ Բայց անգամ իր մշակած բանջարեղենի համն ուրիշ է։ Աշխենը ցանկանում է շարունակել զինվորական ծառայությունը և աշխատել իր բնակավայրին մոտ որևէ զորամասում՝ Լոռու մարզում, սակայն նման աշխատանք չի գտել։ 14 տարի ծառայելուց հետո թողել է զինծառայութունը։ Հիմա Սպիտակ քաղաքի խանութներից մեկում ժենգյալով հաց ու կարկանդակ է թխում։
«Ամեն ինչին երանի ենք տալիս, Արցախում ապրած ամեն օրվա։ Չնայած կյանքը հեշտ չէր, բայց մենք մեր հողում էինք, մեր տներում»,- ասում է Աշխենը։
«Անբացատրելի ցավ էր»
«Ես 17 տարվա զինվորական եմ ու 3 պատերազմ եմ անցել։ Ամեն օր ինձ ու իմ զինվորներին նախապատրաստել եմ, թե վտանգավոր իրավիճակներում ինչպես պետք է արձագանքել։ Բայց այն, ինչ կատարվեց պայթյունի ժամանակ, ես չէի կարող պատկերացնել, ու ոչ մեկը չէր կարող»,- պատմում է 36-ամյա Արամայիս Գրիգորյանը: Նա այժմ վերականգնողական բուժում է ստանում արտահիվանդանոցային պայմաններում Ստեփանակերտի՝ Երևանում վերաբացված Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում։
«Իմ կանգնած տեղից մոտավորապես 30-40 մետրի վրա տեղի ունեցավ պայթյունը։ Հասկանալով, որ մնացած մասն էլ կարող է պայթել, փորձեցի դուրս գալ տարածքից, բայց դեռ երկու քայլ էի արել, երբ ոտքիս տակ պանելները փլվեցին ու չորս կողմից հայտնվեցի կրակի մեջ»,- հիշում է Արամայիսը։ Հասկանալով, որ ցած է ընկնում, կիսաքանդ, շիկացած ամրաններից բռնվելով՝ շունչը պահած, սողեսող դուրս է եկել. «Այնպիսի տպավորություն էր, որ երազում ես վազում, կարծես հողից պոկվել էի»։ Նա մինչ այժմ էլ չի հասկանում, թե ինչպես է կարողացել դուրս գալ փոսից։ Խորը այրվածքներով մոտ հինգ հարյուր մետր քայլել է, հետո, ծանոթի հանդիպելով, հասել է հիվանդանոց։
Մեկ տարի անց Արամայիսը վերհիշում է, որ զգացել է վտանգը, մի քանի հոգու զգուշացրել է ծխախոտ չվառել, բայց անգամ այդ պայմաններում վառելիք գտնելու ու ընտանիքը փրկելու միակ տարբերակն էր դա։
Ըստ Արամայիսի՝ ովքեր արագ կարողացել են երկաթներից բռնվելով ինչ-որ ձևով դուրս գալ, փրկվել են։ Բայց կրակից դուրս գալն անգամ կյանք չէր երաշխավորում։
«Երբ փամփուշտից ես վիրավորվում, այն կարող են հանել, բայց ի՞նչ կարող են անել եփված ու խանձված, հագուստիդ ու կոշիկներիդ հետ միաձուլված մարմնիդ հետ։ Դա անբացատրելի ցավ էր: Մեր իշխանությունները միայն մի խնդիր ունեին այդ իրավիճակում՝ անվտանգ հանել մեզ, բայց դա էլ չկարողացան»,- նշում է Ա. Գրիգորյանը։
Ամբողջությամբ այրվել է Արամայիսի ձեռքերի վերին մակերևույթը՝ երկրորդ աստիճանի, աջ ոտքը, աջ բազուկը, դեմքը՝ առաջինից երրորդ աստիճանի այրվածքներ։ Սկզբում շուրջ երկու ամիս բուժում է ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, հետո՝ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում։ Վիրահատել են աջ ձեռքը, բայց առջևում ձեռքերի մի քանի վիրահատություն էլ կա։
Արամայիսն ու մյուս վիրավոր տղաները պատմում են հիվանդանոցներում հոգատար վերաբերմունքի մասին, բայց հույս ունեն, որ արտասահմանում ավելի լավ վիրահատությունների հնարավորություն կունենան՝ իրենց վնասված վերջույթները հնարավորինս վերականգնելու համար։ Այդպես ավելի հեշտ կլինի ադապտացվել նոր իրականությանը։ Արդեն մեկ տարի մի քանի վիրահատություններից հետո նրանք շարունակում են վերականգնողական բուժումները և պատրաստվում հաջորդ վիրահատություններին։
Արամայիսը և բախտակից շատ վիրավորներ այսօր տաքսի են վարում, չնայած դա հակացուցված է նրանց այրվածքների առկայության պայմաններում։ Նա հույս ուներ, որ վերջույթներն ամբողջությամբ կվերականգնվեն, ու նորից բանակ կմտնի՝ շարունակելու զինվորական ծառայությունը արդեն Հայաստանի սահմանների պաշտպանության համար, բայց չի կարող։
Հայաստան տեղափոխվելուց հետո ծնվել է Արամայիսի երրորդ երեխան։
Հիմա նա ցանկանում է նոր մասնագիտություն սովորել ու նոր աշխատանք սկսել։ Հետաքրքրված է հատկապես անգլերենի բարելավմամբ ու ծրագրավորման կուրսերով։ Հույս ունի, որ իր նման հաշմանդամություն ունեցողների համար կլինեն համապատասխան դասընթացներ։
2020 թ. պատերազմից հետո Արամայիսի ընտանիքը Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից տեղահանվել և ապրում էր Ստեփանակերտում։ Այսօր արդեն երկրորդ անգամ տեղահանված Արամայիսը թերահավատությամբ է վերաբերվում Արցախ վերադարձի հնարավորությանը։ «Միայն եթե զենքով ազատագրենք»,- ասում է նա։ Ըստ նախկին զինվորականի՝ ադրբեջանցիների նպատակը հայերին վերջնական ցեղասպանելն էր, և արցախցիները, թողնելով իրենց երկիրը, տունը, ընտրել են չարիքներից փոքրագույնը՝ փրկելով իրենց ընտանիքներին ու սերունդներին։
Մայր ու դուստր դարձել են այրի
56-ամյա Ասյա Ամիրջանյանը և դուստրը՝ 35-ամյա Գայանեն, վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կորցրել են իրենց ամուսիններին։
Նրանք Հադրութի շրջանի Տումի գյուղից են։ 44-օրյա պատերազմից հետո Ասյան ապրում էր Ստեփանակերտում՝ հույսը չկորցնելով, որ կվերադառնան Տումի։ Իսկ Գայանեն ապրում էր Խաչենում, որտեղ ծառայում էր ամուսինը։
Ասյան պայթյունի օրը ամուսնուն ու փեսային ուղեկցել է վառելիքի պահեստ՝ հույս ունենալով, որ յուրաքանչյուրը գոնե հինգ լիտր բենզին կկարողանա գտնել, որ հասնեն Հայաստան։ Ամուսնու հետ կանգնած էին կողք-կողքի։ «Շատ ուժեղ բենզինի հոտ էր գալիս, որոշ տեղերից բաքերը ծակում էին: Հարազատներ ու տուն կորցրած, հուսալքված մարդիկ էին»,- այսպես է նկարագրում Ասյան իրենց ընտանիքները փրկելու հույսով ամեն մի լիտր վառելիքի համար պայքարող մարդկանց։
Նա նույնպես հիշում է փոսի մեջ այրվող ու անճանաչելի դարձած բազմաթիվ մարդկանց։
Պայթյունից հետո Ասյան հայտնվել է փոսում՝ ձախ վերջույթներն այրվել են։ Հետո է պարզվել, որ ողերն ութ տեղից վնասել են։ Սկզբում չի կարողացել դուրս գալ փոսից, քանի որ ոտքերը մնացել էին փլուզված պանելի տակ։ Հետո անծանոթի օգնությամբ դուրս է եկել։
Ո՛չ ամուսնուն, ո՛չ փեսային չի կարողացել գտնել։ Հիշում է համագյուղացու՝ Լևոն Բաղյանի գոռոցները, որը հուսահատ փնտրում էր որդուն՝ Կարենին, որը մինչև այսօր անհետ կորած է։
Միայն մի քանի ամիս հետո ԴՆԹ հետազոտությամբ Ասյան գտել է ամուսնուն՝ 58-ամյա Հենրիկին, և փեսային՝ 36-ամյա Արամ Մարտիրոսյանին։
Մեկ տարի նա բուժվում է Երևանի Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում ու 12 վիրահատություն է տարել։ Դեռ վերականգնման փուլում է և քայլում է մեջքին կապվող բժշկական ֆիքսատոր գոտու օգնությամբ։
Հիմա նա հաշմանդամության թոշակ է ստանում ու տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը։ Բայց դա բավարար չէ ընտանիքի կարիքները հոգալու համար։ Փեսայի համար՝ որպես զինվորականի, միանվագ աջակցություն են տվել, իսկ ամուսնու թաղման ծախսերն ընտանիքն է կատարել։
Այժմ դստեր ու թոռան հետ Ասյան տուն է վարձել Արզնի գյուղում։ Իր վիճակով պայմանավորված՝ նա աշխատել չի կարող։ Թոռանն է խնամում, որ դուստրը օրավարձով աշխատի տեղի գործարաններից մեկում։ «Չնայած դժոխքի միջով ենք անցել, եթե Արցախում թուրք չլինի, այսօր էլ հետ կգնամ ու այնտեղ կապրեմ»,- ասում է Ասյան։
«Մի բան արեք, փրկեք մեզ». այս ձայները հանգիստ չեն տալիս երիտասարդ բժշկուհուն
27-ամյա Սվետլանա Հարությունյանը Հանրապետական հիվանդանոցում բժշկի աշխատանքը սկսել է Արցախի համար ամենադժվար ժամանակ՝ շրջափակումից մեկ ամիս առաջ։ Նա թվարկում է այն դժվարությունները, որոնց բախվում էին բուժաշխատողները, առաջին հերթին՝ խնայողաբար օգտագործել չափազանց սուղ բժշկական ռեսուրսները։ Առանձնակի դժվարություն էր գազի ու էլեկտրաէներգիայի բացակայությունը, որի կարիքը հիվանդանոցն ուներ։ Ըստ բժշկուհու՝ վառելիքի բացակայության պատճառով հիվանդները հատկապես հեռավոր բնակավայրերից ուշ էին հասնում հիվանդանոց, և դա ավելացնում էր վիժումների ու մահերի թիվը։
Երբ սկսվեց սեպտեմբերյան հարձակումը, Սվետլանան Մարտունու շրջանի Հերհեր գյուղում էր։ «Հասկանում էի, որ 2020 թ. պատերազմի նման Հայաստանից չեն կարող օգնության գալ, և յուրաքանչյուր բուժաշխատողի կարիքը շատ է զգացվելու։ Առաջին միտքս Ստեփանակերտ՝ աշխատավայր հասնելուս մասին էր, որտեղ արդեն իսկ պատերազմի վիրավորներն էին»։
Սակայն այդ իրավիճակում անգամ գյուղից դուրս գալը վտանգավոր էր։ Ոտքով ու պատահական մեքենաներով մի կերպ հասել է Մարտունի։ Քանի որ կապ չկար, չգիտեր անգամ՝ պատերազմը դադարե՞լ է, թե՞ ոչ։ Միայն պայթյունների ինտենսիվության նվազումն է դրա մասին հուշել ու հույս տվել։ Տեղեկություններ չուներ նաև նշանածից, որը դիրքերում էր։ Սվետլանան Մարտունուց Ստեփանակերտ է հասել Կարմիր խաչի մեքենայով՝ ուղեկցելով Մարտունու հիվանդանոցի ծանր վիրավորներին։
Ասում է՝ Կարմիր խաչը վիրավորներին զգուշացրել էր, որ ադրբեջանցիները կարող են իրենց գերի վերցնել, քանի որ նման նախադեպեր եղել են։ Վիրավորներից ոմանք հրաժարվել են տեղափոխվել, նախընտրել են մեռնել Մարտունու հիվանդանոցում, քան գերության մեջ։
Սվետլանան Կարմիր խաչի հետ մեկնել է նաև Մարտակերտ՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համար. «Հեշտ չէր անցնել ադրբեջանցիների միջով, քանի որ նրանք վախի մթնոլորտ էին ստեղծել։ Կարծես ցեղասպանությունից փախչելու տպավորություն լիներ՝ արյուն, լքված մեքենաներ, պարկուճներ, գետնին թափված մանկական շորեր»։
Մինչև պայթյունը բժիշկները փորձում էին սուղ միջոցներով փրկել պատերազմում վիրավորվածների կյանքը։ Սեպտեմբերի 25-ին, երբ փոխել էին վիրավորների վիրակապերը, լսվեց ուժեղ պայթյուն։ «Մենակ թե նորից պատերազմ չսկսվի, այլևս միջոցներ չունենք»,- մտածել է Սվետլանան՝ չպատկերացնելով, որ ավելի մեծ արհավիրք է պատահել։
«Մենք դուրս եկանք բարձր գոռոցների վրա և հենց այդ պահին հասկացանք, որ սրանք սովորական այրվածքներ չեն։ Ընդամենը 15-20 րոպեում ամբողջ հիվանդանոցը լցված էր այրված մարդկանցով։ Նրանց պառկեցնում էինք գետնին, ախտարաններում, բժիշկների սենյակներում, զուգարաններում»,- պատմում է Սվետլանան։
«Մի բան արեք, փրկեք մեզ». այս ձայները հանգիստ չեն տալիս երիտասարդ բժշկուհուն։
Պատմում է, որ մինչև պայթյունը մի շարք բուժաշխատողներ արդեն բռնել էին գաղթի ճանապարհը, և ոչ միայն դեղամիջոցների, այլև բուժաշխատողների կարիք կար։ Կամավորները լցվել էին հիվանդանոց՝ օգնելու։
Ըստ բժշկուհու՝ բոլոր վիրավորները գիտակից վիճակում են հասել հիվանդանոց, ասել են իրենց անունները, բայց ոչ բոլորն են կենդանի մնացել։ Հենց առաջին ժամվա ընթացքում չորս վիրավոր մահացել է։ Դեղորայքի ու անհրաժեշտ միջոցների բացակայության պայմաններում, սահմանափակ ռեսուրսներով ու կամավորների աջակցությամբ, այնուամենայնիվ, փորձել են այրված մարդկանց առաջին բուժօգնություն ցույց տալ։ Սվետլանայի պատմելով՝ հիմնականում բոլորի վերջույթներն այրված էին, շատ դժվար էր կաթիլային տեղադրելը, քանի որ երակներ չկային։ Այրվածքների կլինիկան այնպիսին էր, որ հիվանդի վիճակը կարող էր շատ արագ վատանալ, այդ պատճառով բժշկուհին կարճ ուղերձ է հղել՝ վիրավորներին անհապաղ Հայաստանի մասնագիտացված բուժհաստատություններ տեղափոխել։
«Հիվանդները հիմնականում անճանաչելի էին․ այտուցված ու մեծացած գլուխներ, ամբողջությամբ սևացած մարմիններ»,- ասում է նա։
Սվետլանայի համար ամենածանրը անզորության զգացումն էր. «Աչքիդ առաջ մարդկանց ճակատագրերը դանդաղ վերջանում են։ Մարդիկ, որ մի քանի պատերազմ են անցել ու փրկվել, ուղղակի մահանում են, իսկ դու անգամ նրանց վերջին րոպեների ցավը չես կարող թեթևացնել»։
Երբ բոլոր վիրավորներին և պայթյունից ու պատերազմից տուժածներին տեղափոխեցին Հայաստան, Սվետլանան նույնպես ընտանիքի հետ բռնեց գաղթի ճանապարհը։ Փեսացուի հետ ամուսնությունը, որը բլոկադայի պատճառով հետաձգվել էր, կայացավ Երևանում։ Այժմ նրանք սպասում են իրենց առաջնեկին։ Սվետլանան չի պատկերացնում վերադարձը Արցախ ադրբեջանցիների ներկայության պայմաններում. «Անհնար է քեզ սովամահության հասցնել, հարձակվել, հետո ասել՝ եկեք միասին ապրենք»։ Բժշկուհին այլևս վստահություն չի կարող տածել, նույնիսկ եթե նորից խաղաղապահներ տեղակայվեն Արցախում։ Անգամ այստեղ՝ Հայաստանում, նա սպասում է պատերազմի։
Դժվար է հստակ ասել, թե քանի մարդ է վիրավորում ստացել բենզինի պահեստի պայթյունի հետևանքով։ Արցախի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ վիրավորում ստացածների թիվը 290 է, սակայն տարբեր հաշվարկներով այդ թիվն անցնում է 400-ից։ Սեպտեմբերի 26-ից պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին օդային ճանապարհով, շտապ օգնության մեքենաներով և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված հաստատություններ։
Հայաստանից Ստեփանակերտ ուղարկված բժիշկները փորձել են տեղում բուժօգնություն ցուցաբերել։
Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած հիվանդները շուրջ մեկ տարի բուժվում են ՀՀ բժշկական կազմակերպություններում։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ տարբեր հիվանդանոցներում բժշկական օգնություն է ստացել շուրջ 240 հիվանդ։ Մեկ տարի անց նրանցից շատերը բուժումը շարունակում են արտահիվանդանոցային պայմաններում։ Վիրավորների մեծ մասը մինչ օրս վերականգնման փուլում է և բուժվում է Ստեփանակերտի՝ Երևանում վերաբացված Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թերապիստների մոտ։
Չնայած պայթյունի վայրից հարյուրավոր քաղաքացիներ կարողացել են դուրս գալ և իրենց ոտքով կամ այլոց աջակցությամբ հասնել հիվանդանոց, նրանց մի մասը մահացել է հետագա ժամերին ու օրերին։ Բժիշկների մեկնաբանությամբ՝ այրվածքները մաշկի առավել խորը վնասվածքներ են համարվում և ազդում են երիկամների ու սրտի աշխատանքի վրա։
Բժիշկ. «Գիտեի, որ փրկվելու հույս ունեցողներից շատերը չեն ապրի»
«Խնդրում եմ բոլոր բժիշկներին և բուժքույրերին գան մանկական և Հանրապետական հիվանդանոցներ, աղաչում եմ, եկեք»,- սա բժիշկ Մարատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումն էր սեպտեմբերի 25-ի երեկոյան «Արևիկ» մանկական հիվանդանոցից։
Չնայած Հարությունյանն աշխատում էր Հանրապետական հիվանդանոցում, այդ պահին ավելի մոտ էր մանկական հիվանդանոցին, որտեղ մնացել էին միայն տնօրենը, փոխտնօրենը ու ևս երկու հոգի։
Դեռ հիվանդանոցի բակից նա տեսել էր այրվածքներով բազմաթիվ վիրավորների, որոնց բուժօգնություն ցույց տվող չկար։ «2020 թ. պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք Солнцепек-ից (ծանր հրանետային համակարգ - խմբ.) այրվածքային խորը վիրավորումներ, բայց այն, ինչ տեսա այստեղ, ոչ մի բանի հետ համեմատելի չէր,- պատմում է բժիշկն ու ավելացնում,- ոտքից գլուխ, ամբողջությամբ այրված էին, շորերն ու կոշիկները, գոտիները հալվել ու մխրճվել էին մարմինների մեջ, անհնար էր հանել»։
Այդ խառնաշփոթի մեջ մի հաղթանդամ տղամարդ է եկել ու գոռալով, օգնություն աղերսելով՝ գրկել է բժշկին ու գետնին գցել։ «Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ հնարավոր չէ տասնյակ տուժածների օգնություն ցույց տալ և այդ գրառումն արեցի, որին արձագանքեցին մի շարք թոշակառու բուժաշխատողներ, քոլեջի ուսանողներ և բժշկության հետ կապ չունեցող մարդիկ, որոնք դեռ մնացել էին քաղաքում»,- հիշում է Հարությունյանը։
Մի քանի րոպե անց կամավորները, կոտրելով քաղաքի կիսադատարկ դեղատների դռներն ու լուսամուտները, հիվանդանոց են բերել անհրաժեշտ ու ոչ պիտանի դեղամիջոցներ՝ հուսալով ինչ-որ կերպ օգտակար լինել։
«Փրկի՛ր ինձ, բժի՛շկ, կյանքս փրկի՛ր։ Անվերջ այս բառերն էի լսում»,- պատմում է Մարատ Հարությունյանը,- ամենացավոտն այն էր, որ այդ այրվածքները տեսնելով՝ գիտեի, որ փրկվելու հույս ունեցողներից շատերը չեն ապրի»։
Բայց անգամ այդ պայմաններում մի քանի տասնյակ հիվանդների ցավազրկողներով ու հեղուկներով առաջին բուժօգնություն են ցույց տվել։
Բժիշկը չի կարողանում մոռանալ ամուսինների մասին, որոնք անգամ ցավազրկումից հետո մի քանի ժամ շարունակ ուղղակի ողբում էին։ Կարծելով, որ ցավը պետք է գոնե մի քիչ թեթևացած լիներ, մոտեցել ու հարցրել է, թե որն է խնդիրը, գուցե նորից ցավազրկեն։ «Մեր աչքի առաջ երեխաս է մահացել, բժիշկ, այս ցավը հնարավոր չէ ցավազրկել»,- ասել է հայրը։
Մարատ Հարությունյանը նշում է, որ պայթյունը սարսափելի, բայց միևնույն ժամանակ սպասելի աղետ էր։ Դրանից երկու օր առաջ անձամբ էր ականատես եղել, որ մի քանի լիտր բենզինի համար մարդիկ անգամ զենք են հանել ու կրակել։ Ըստ բժշկի՝ այդ ամենը թշամու ստեղծած շրջափակման ու պատերազմական իրավիճակի անմիջական հետևանք էր։
«Սա աննկարագրելի աղետ է և պետք է համապատասխան արձագանք ստանա։ Այդ զոհերը պետք է համապատասխան կարգավիճակ ունենան, ու նրանց ընտանիքները համապատասխան աջակցություն ստանան Կառավարությունից»,- նկատում է նա։
Վերջաբան
Մեկ տարի առաջ տեղի ունեցած պայթյունը Արցախի պատմության ամենաողբերգական էջերից մեկն է, որի հստակ պատճառները պարզելն ու իրական պատկերն ամբողջ ծավալով փոխանցելը գրեթե անհնար է:
Պայթյունից տուժած ընտանիքները մեկ տարի անց իրենց չսփոփվող ցավի հետ մեկտեղ շարունակում են բախվել բազմաթիվ դժվարությունների։
Զոհերի հարազատները դեռ գերեզմանաքարերը կառուցելու ու տեղադրելու մասին են մտածում, բայց կորցնելով իրենց տան կերակրողներին՝ նրանք միաժամանակ ստիպված են հաղթահարել առօրյա, կենցաղային դժվարությունները։ Անհետ կորածների հարազատները դեռ փնտրում են ու հույսով սպասում իրենց հարազատներին, իսկ վիրավորները, շատ դեպքերում իրենց փրկվելը հրաշք համարելով, փորձում են հարմարվել նոր իրականությանը։
ՀՀ կառավարությունը չունի այս ընտանիքներին օգնելու առանձին սոցիալական ծրագիր։ Այս ուսումնասիրության գլխավոր նպատակներից մեկն աղետից տուժածների կարիքների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելն է։
ՀԳ. Հոդվածների այս շարքը հրապարակելու ընթացքում տեղեկացել ենք, որ Արցախի կառավարությունն սկսել է տրամադրել գերեզմանաքարերի տեղադրման համար խոստացած 1 մլն դրամ գումարները։ Ընտանիքների մի մասն արդեն ստացել է այն։ Բայց այս օգնությունը ընդամենը փոքր մասն է այն մեծ աջակցության, որի կարիքն ունեն տուժած ընտանիքները։ Անհրաժեշտ է համապարփակ և երկարաժամկետ ծրագիր՝ նրանց հոգեբանական վիճակի վերականգնման ու սոցիալ-տնտեսական դրության բարելավման համար։
Մենթոր՝ Վահե Սարուխանյան
Մեկնաբանել