
Արևմուտքը դրդում է Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն
Սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը Հայաստանի կառավարությանը դրդում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին, Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում, ավելի մեծ կախվածության մեջ կդնի Հյուսիսատլանտյան դաշինքից։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
«Իսկ հաշվի առնելով աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի միջնորդության նախորդ ողջ փորձը, Դաշինքի ամրագրումն Անդրկովկասում ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը։ Գնահատելով ամերիկացիների և նրանց դաշնակիցների հետ ամենատարբեր հարցերի շուրջ մեր փոխգործակցության արդյունքները՝ մենք եկել ենք եզրակացության. այն, ինչ արևմտյան գործընկերները պահանջում են ուրիշներից, իրենք չեն կատարում ու երբեք չեն պատրաստվում կատարել»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Ռուսաստանի ԱԴԾ տնօրենը պնդում է, թե Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներից կազմված իր խաղաղապահ զորակազմը մտցնել Անդրկովկաս՝ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։
«Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Ձգտելով ձգձգել բանակցությունները Բաքվի հետ՝ Արևմուտքը փորձում է իր վերահսկողության տակ վերցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական խաղաղապահ անձնակազմի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,- պնդել է նա՝ բանակցությունների ձգձգման մեղքը բարդելով Հայաստանի վրա։
Իր ելույթում Բորտնիկովը, ինչպես ռուսաստանցի մյուս պաշտոնյաները, չի թաքցրել իր բացասական վերաբերմունքը հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ։
«Նման խաղաղապահության հնարավոր բնույթի մասին է վկայում արդեն այն, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ, այսպես կոչված, անկախ քաղաքացիական դիտորդական առաքելությունը ընդդեմ Ռուսաստանի և մեր գործընկերների հետախուզական գործունեություն է ծավալում ի շահ ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի»,- ռուսական քարոզչական թեզը շարունակելով՝ պնդել է Բորտնիկովը։
Տարբեր առիթներով ռուսաստանցի պաշտոնյաներն իրենց վրդովմունքն են արտահայտում Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ։ Այսպես, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե իբր այս առաքելությունը «լրտեսում է ՌԴ-ին, Ադրբեջանին և Իրանին»։
«ԵՄ առաքելությունը Հայաստանի տարածքից լրտեսում է մեր երկրին, Իրանին, Ադրբեջանին։ Սա նույնպես փաստական հաստատումներ ունի։ Նման ապակառուցողական ակտիվությունը հանգեցնում է տարածաշրջանում աճող լարվածության, իսկ ընդհանրապես կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների»,- հայտարարել էր ռուսաստանցի պաշտոնյան։
Այս տարվա մարտի 20-ին ՀՀ ԱԺ-ն վավերացվեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը: Այն ընդունվեց 57 կողմ, 0 դեմ և 27 ձեռնպահ ձայներով: Փաստաթուղթը կարգավորում է դիտորդական առաքելության գործառույթները, նրանց անձեռնմխելիություն է տրամադրում։
Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Дружинин
Մեկնաբանել