
Ալիևը բողոքել է Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջեբրայիլ (Ջրական, Մեխակավան) կատարած այցի ժամանակ նեղսրտել է Ադրբեջանի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունից։ Նա պնդել է, թե ԱՄՆ-ն փորձում է պատժամիջոցների օգնությամբ մանիպուլացնել Ադրբեջանին։
Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանն ամերիկյան սահմանափակումների տակ էր հայտնվել 1992 թվականին, երբ «հողեր էր կորցնում», իսկ 2001-ին այդ սահմանափակումները չեղարկվել էին: Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Ադրբեջանը պետք էր ԱՄՆ-ին, «քանի որ սկսվեց այդ երկրի օկուպացիոն գործունեությունը Աֆղանստանում»:
«Քանի դեռ նրանք Աֆղանստանում էին, այդ պատժամիջոցներն ամեն տարի չեղարկվում էին ԱՄՆ նախագահի կողմից։ Հենց որ նրանք փախան Աֆղանստանից, ընդ որում՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ, մեր դեմ կրկին կիրառվեցին այդ պատժամիջոցները։ Արդյոք հնարավո՞ր է այդքան անշնորհակալ լինել»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` նեղսրտել է Ալիևը։
Տվյալ պարագայում խոսքը «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» ամերիկյան օրենքի (հակիրճ՝ «Ազատությանն աջակցության բանաձև») 907-րդ փոփոխության մասին է, որը Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունել էր 1992 թվականին։ Այդ փոփոխությամբ՝ ԱՄՆ-ին արգելվում էր Ադրբեջանին օգնություն ցուցաբերել Արցախյան հակամարտության պատճառով։
Politico-ն գրում է, որ այդ փոփոխության գործունեությունը դադարեցվեց 2001 թվականին, երբ Ադրբեջանի իշխանությունները Ջորջ Բուշի վարչակազմին թույլատրեցին օգտագործել երկրի տարածքը՝ Աֆղանստան զորքերի տեղափոխման համար, ինչը դարձավ երկու երկրների միջև ռազմական լայնամասշտաբ գործընկերության սկիզբ։
2002 թվականից ի վեր ամեն տարի Սպիտակ տունը Ադրբեջանին օգնություն տրամադրելու թույլտվություն էր տալիս, սակայն 2023 թվականի օգոստոսից սկսած այդ մասին որոշում չի կայացվել:
Ալիևի խոսքով՝ այժմ մոտ 60 հայամետ կոնգրեսականներ ԱՄՆ պետքարտուղարին խնդրում են նոր պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ։ Ընդ որում` Ալիևը կարծում է, որ այդ դիմումը գրվել է հենց Պետքարտուղարությունում:
«Այսինքն՝ իրենք իրենց նամակներ են գրում, որ մեզ սպառնան, մեղադրեն»,- եզրափակել է նա։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել