HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Տավուշի մարզի բնապահպանական խնդիրները

Եկեք հասկանանք բնության լեզուն

Հայաստանում առկա են բնապահպանական լուրջ խնդիրներ, ու թեև մենք միացել ենք շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող միջազգային կոնվենցիաների մեծ մասին, միջազգային կազմակերպությունների կողմից շարունակաբար ստացել և ստանում ենք տնտեսական ու ֆինանսական աջակցություն, այնուհանդերձ, Հայաստանի բնությունը շարունակում է լուրջ վնասներ կրել: Մենք հասել ենք այն սահմանագծին, որ արդեն գիտակցում ու զղջում ենք տարիների ընթացքում բնապահպանական համարժեք քաղաքականության, իրավակիրարկման պրակտիկայի պակասի, կոռուպցիոն ռիսկերի ահագնացող մակարդակի ու բնական հսկայական ռեսուրսների անխնա օգտագործման հետևանքների համար: Այս խնդիրներով մտահոգված` ՀՀ բնապահպանության նախարարությունը պարբերաբար կազմակերպում է շրջայցեր մարզերի բնապահպանական հիմնախնդիրներին ծանոթանալու և համատեղ լուծման նպատակով: Շրջայցի հերթական «թիրախն» այս անգամ Տավուշի մարզն էր` Հայաստանի թթվածնի ամենամեծ «ամբարը», իսկ կայանատեղին` «Դիլիջան» ազգային պարկը, որտեղ էլ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, բնապահպանական ՀԿ-ների ու լրատվամիջոցների մասնակցությամբ քննարկվեցին ազգային պարկի հիմնախնդիրները:

Այստեղ ամեն ինչ կարգի՞ն է

Բուսական և կենդանական աշխարհի պահպանման և տեղական պայմաններում նոր տեսակների բուծման նպատակով 1958 թ. ստեղծվեց «Դիլիջան» պետական արգելոցը, որը 2002 թ. վերափոխվեց ազգային պարկի: Արգելոցի տարածքը վերջին տարիներին 28000 հեկտարից ընդարձակվել է և այսօր 33765 հեկտար է: Ազգային պարկի բյուջեն ավելի քան 110 մլն դրամ է, որի 76 միլիոնը հատկացվում է պետության կողմից, իսկ 35 միլիոնը գոյանում է փայտանյութի վաճառքից և հողի վարձակալությունից: Տարածքների պահպանությունն իրականացվում է տեղամասերի պետերի, տեղամասային տեսուչների և պահպանության բաժնի աշխատակիցների միջոցով: Թվում է, թե բնության այս գողտրիկ անկյունում ամեն ինչ հարթ է ու հանգիստ, սակայն «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանի կարծիքով այդպես չէ:

- Պարկի ամբողջ տարածքի պահպանությունն իրականացնող տեղամասային տեսուչները ստանում են 55 հազար դրամ աշխատավարձ, այն դեպքում, երբ յուրաքանչյուրը հսկում է 600-1200 հեկտար տարածք: Խնդիրն այն է, որ 8 ժամ աշխատելու փոխարեն նրանք պարտավոր են աշխատել 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով, ինչը ֆիզիկապես անհնար է: Թեև պարկի տարածքն ավելացել է, տեսուչների թիվը մնացել է անփոփոխ: 60 տեսուչով հնարավոր չէ վերահսկել տարածքը, այդ պատճառով ոչ ոք չի ցանկանում աշխատել մեզ մոտ,- ասում է Աշոտ Դավթյանը:

Ազգային պարկի տնօրենին մտահոգում է նաև տեսուչների արտագահուստի խնդիրը, քանի որ վերջին անգամ արտահագուստ ստացել են 2006-2007 թթ.: Իսկ երբ նշեց, որ երեք տարի շարունակ արտահագուստ ստանալու իրենց խնդրանքը նախարարությունը անպատասխան է թողել, բնապահպանության նախարարը նրան հիշեցրեց ազգային պարկի այն 35 միլիոն դրամ եկամուտը, որից թեկուզ 1 միլիոնը կարելի էր հատկացնել արտահագուստ ձեռք բերելուն. «Հարկավոր է ճիշտ օգտագործել արտաբյուջետային միջոցները»: Նախարարը նաև հանձնարարեց ազգային պարկի միջոցների հաշվին մինչև սեպտեմբերի 1-ը լուծել արտահագուստի խնդիրը:

«Հայացք»-ի հետ զրույցում Աշոտ Դավթյանը խոսեց մեկ այլ խնդրի շուրջ.

- Եթե անտառում մի ծառ է կտրվում, դրա համար պարտադիր ակտ է գրվում, ստուգումների ժամանակ եթե հայտնաբերվում է, ասենք, երեք հատած ծառ, որից մեկը տեսուչը չի նկատել, նրա վրա անմիջապես ակտ է գրվում` 200-250 հազար դրամի: Այդ մարդը քանի՞ ամիս պետք է աշխատի պարտքը փակելու համար: Ինչո՞ւ մեր դեպքում կորստի տոկոսը` այդ գործակիցը, չի գործում, մինչդեռ էլցանցի կամ գազամատակարարման ոլորտի աշխատողների նպատմամբ հաշվի է առնվում կորստի 20 տոկոսը,- ասում է Ա. Դավթյանը:

Պարզվում է` հայտնաբերված ծառահատումների համար կազմվող արձանագրությունների տվյալներով` ամենաշատ հատումները կատարվում են «Դիլիջան» ազգային պարկում: Պարկի տնօրենը, սակայն, նշում է, որ «եթե մյուս տարածքներում չեն արձանագրվում, դեռ չի նշանակում, թե այնտեղ ծառահատումներ չեն կատարվում: Պարկի տարածքում 2011-2012 թթ. կանխվել է որսագողության 15-20 դեպք: Մեր որսագետը բավականին հմուտ է, որսագողություն անելը դժվարացել է. եթե տան տղամարդիկ բացակայում են, գիտի որտեղ փնտրել, գալիս կանգնում է գլխին»:

Ի դեպ, «Դիլիջան» ազգային պարկում 40 կմ երկարությամբ հակահրդեհային նորաստեղծ ճանապարհի շնորհիվ այս տարի հրդեհի դեպքեր չեն գրանցվել, պարկի որոշ տարածքներ ոռոգվում են Պարզ լճի գետից եկող վտակի ջրերով:

Ազգային պարկի նոր բնակիչները

Ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ Տավուշի մարզի տնտեսության զարգացման գերակա ոլորտ է համարվում տուրիզմի, այդ թվում` էկոտուրիզմի զարգացումը: Սակայն ըստ բնապահպանության նախարարի` «Էկոտուրիզմի վիճակը գոհացնող չէ: Թեև այստեղ ազգային պարկն ունի տուրիստական 12 երթուղի, ստեղծված են ծառայություններ մատուցող ենթակառուցվածքներ, սակայն այցելու չկա: Անհրաժեշտ է մտածել նաև էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրելու մասին»:

Ի դեպ, էկոլոգիապես մաքուր սննդի արտադրության նպատակով բնապահպանության նախարարությունը «Դիլիջան» ազգային պարկին նվիրել է անգլիական և գերմանական ցեղատեսակի 8 այծ, որոնց խնամքի և բազմացման համար հատկացվել է շուրջ 7000 հեկտար տարածք: Բարձր կաթնատվությամբ հայտնի այծերն օրական տալիս են 4-5 լիտր կաթ և տարեկան ծնում 2-3 ձագ: Արդյունքում մարզի կենդանական աշխարհը կհարստանա ոչ միայն այծերի նոր ցեղատեսակով, այլև դրա շնորհիվ կլինի էկոլոգիապես մաքուր սնունդ:

Ամենակարևորի մասին

Հայաստանի անտառային տարածքներն անխնա կերպով հատկացվում են տարբեր տեսակի տնտեսական գործունեություն իրականացնելու, մասնավորապես` հանքարդյունահանման նպատակով, ինչն էլ աղետալի հետևանքներ է թողնում բնաշխարհի վրա: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսական և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի տեղեկացմամբ` մարզի տարածքում ընդերք օգտագործողներից շատերը չունեն անհրաժեշտ սահմանային թույլատրելի նորմատիվների նախագծեր, ջրաչափ սարքեր, չի կատարվում օգտագործվող ջրերի նախնական պետական հաշվառում, չունեն լիցենզային պայմանագրեր և լեռնահատկացման ակտեր: Վարչության պետը թեև խուսափեց «մեղավորների» անունները նշելուց, սակայն ասաց, որ 2011-ին «դրանց գործունեությունը բերվել է օրինական տեսքի»:

Տավուշի մարզի բնապահպանական խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Օրախնդիր է դարձել աղբի տեղափոխումը, աղբավայրի ընտրությունն ու սահմանների ճշգրտումը: Խնդրի լուծման համար մարզպետ Արմեն Ղուլարյանը ակնկալում է բնապահպանության նախարարության աջակցությունը:

- Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի նման քաղաքներում աղբավայրի բացակայությունը լուրջ խնդիր է: Մեզ հարկավոր է աղբի վերամշակման կայան: Որպեսզի մարզում զարգանա էկոտուրիզմը, հարկավոր է պահպանել շրջակա միջավայրի մաքրությունը, իսկ դրա համար Դիլիջան-Իջևան հատվածում հարկավոր է կազմակերպել աղբի վերամշակում,- ասաց մարզպետը:

Մարզի համար պակաս «գլխացավանք» չեն սողանքները, որոնք նաև ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման հետևանք են: Ա. Ղուլարյանի հավաստմամբ` սողանքը կարող է առաջանալ ջրամբարի կառուցման ժամանակ ջրերի արտահոսքի հետևանքով, ուստի այն պետք է կառուցել նախնական լուրջ ուսումնասիրությունից հետո: Ու թեև ջրամբարների, ջրանցքների կառուցումը ծախսատար է, այնուհանդերձ դրանք` որպես տուրիստական և հանգստի տարածքներ, շատ կարևոր են:

Վերջաբանի փոխարեն

Տավուշի մարզի բնապահպանական խնդիրներով մտահոգ աշխատանքային խումբը ստացած տեղեկություններն ու տպավորություններն ամփոփոց «Զիկատար» ուսումնական կենտրոնում, որի կանաչ ու զով բակում Կողբ համայնքի արվեստի դպրոցի սաները ներկայացրին բնապահպանության թեմայով իրենց գեղանկարչական գործերը: Դրանք մեկ անգամ ևս համոզում են, որ բնությունը հասկանալու, գնահատելու համար պարզապես պետք է հասկանալ այն լեզուն, որով խոսում է այն:

Անուշ Ներսիսյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter