HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». արդարությունն ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության

Թեև գործն ունի օրինականության պատմուճան

Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի, նրա որդու` Ալբերտ Մանրիկյանի, ինչպես նաև նրանց կողմից ևս երկու անձանց, իսկ մյուս կողմից` լրագրող Ռուբեն Գրդձելյանի միջև տեղի ունեցած հայտնի ընդհարման կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում արդեն ավարտվել է: Գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել վերջինիս վարույթ: «Գետնին ընկնելուց հետո շարունակեցին հարվածել ինձ, ինչ-որ մի պահից էլ չեմ հիշում, որովհետև գիտակցությունս մոտ 2 րոպե կորցրել եմ»,- երկու ամիս առաջ «Հայացք»-ին տված հարցազրույցում ասել էր մեր գործընկերը:

Ինչպես դատախազի որդուն, այնպես էլ «Ռեգնում» լրատվական գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Ռուբեն Գրդձելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ), իսկ Մ. Մանրիկյանի առնչությամբ որոշում է կայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ: Ահա արդարությունն ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության: Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը «Ռեգնում» լրատվական գործակալության երևանյան բյուրոյի ղեկավար Ռուբեն Գրդձելյանի հետ:

- Դուք արդեն ծանոթացել եք քրեական գործի նյութերին: Ըստ դրանց` ո՞ւմ եք հասցրել թեթև մարմնական վնասվածք և ընդհանրապես ի՞նչ կարծիք, ասելիք ունեք քրեական գործի կապակցությամբ:

- Գործի նյութերի համաձայն` այդ վնասվածքը ես պատճառել եմ դատախազ Մանրիկյանին, նրա տղան էլ` ինձ: Ցանկանում եմ շեշտել, որ քննությունը միանշանակ ուղղորդվել է այն ուղղությամբ, որ Մեսրոպ Մանրիկյանը չներգրավվի որպես մեղադրյալ, չտուժի նրա աշխատանքը, դրա համար էլ որպես մեղադրյալ հանդես է գալիս միայն նրա տղան: Բացարձակապես անտեսվել են իմ, մորս և կնոջս տված վկայությունները, և ամբողջ քննությունն ու գործը կառուցվել է հակառակ կողմի վարկածի վրա: Այսինքն` իրենց ներկայացրած ցուցմունքները, իրենց ձևով ներկայացրած պատմությունը վերցվել ու դրվել է քննության, գործի հիմքում: Ընդհուպ կատարվել է հետևյալը. դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հակասում էր իրենց վարկածին, փաստում, որ ես մի քանի հարվածի հետևանքով եմ ստացել մարմնական վնասվածքները, սակայն հետո դատաբժշկին կանչելու և հարցաքննելու միջոցով հարմարեցրել են իրենց վարկածին, ըստ որի` ես բազմակի վնասվածքներ կարող էի ստանալ մեկ հարվածից` ընկնելու հետևանքով: Այսինքն` իմ կարծիքով, ուղղորդել են դատաբժշկին: Կարծես ունեցել են գործի հիմքը` Մանրիկյանների վարկածը, և պետք է եղել այդ հիմքը որոշակի ձևով ամրապնդել` դատաբժշկի փորձաքննության արդյունքը փոխել, դրա համար կանչել, բերել են նրան, հարցրել, թե, բոլոր դեպքերում, հնարավո՞ր է, որ մեկ հարված է եղել, մնացած վնասվածքներն ինքն այլ բանից է ստացել, նա էլ ասել է, որ կարող է, չեմ բացառում: Մի հատ էլ տատի են գտել հարևաններից, Մանրիկյանների հետ երկարամյա հարևաններ են, թեև, չգիտեմ ինչպես, իրար չեն ճանաչում: Դե, թոշակառու կին է, կարող է մի քիչ էլ կարիքի մեջ է, և վերջինս վկայություն է տվել, թե աղբ թափելիս ինքն ականատես է եղել ինչ-որ բաների: Էլ չեմ ասում, որ քննիչը պարբերաբար փորձում էր պրովակացիոն ձևով տարբեր հարցեր տալ, որպեսզի ես խճճվեմ իմ ցուցմունքներում, բայց քանի որ ես հստակ պատմում էի այն, ինչ եղել էր, չէի կարող խճճվել իմ ցուցմունքների մեջ:

- Ձեր մարմնի ո՞ր մասերում են եղել պատճառված վնասվածքները:

- Պարանոցի դիմացի և հետևի մասում, գլխի` աչքի և ճակատային մասերում, ընդ որում, մեկը` աջ, մյուսը` ձախ կողմից, բութ առարկայի ներգործության հետևանքով:

- Ի՞նչ փաստարկներ ունեք ի նպաստ Ձեր այն պնդման, որ Դուք առաջինը չէիք կարող հարվածել անծանոթ տղամարդուն (որը, ինչպես հետագայում պարզ դարձավ, դատախազ Մանրիկյանն է), և որ Ձեր հարվածը եղել է ընդամենը պատասխան գործողություն:

- Եթե ես մենակ լինեի, գուցե կարելի էր մտածել, թե այդ մարդու վիրավորական արտահայտությունից բորբոքվել եմ, տաքացել և ձեռք բարձրացրել նրա վրա: Բայց ես մորս հետ էի, հղիության 9-րդ ամսում գտնվող կնոջս, մանկահասակ որդուս, զարմիկիս և քրոջս 8-ամյա աղջկա: Այսինքն` չէի կարող ինձ հաշիվ չտալ, որ ֆիզիկապես ինձ չզիջող տղամարդուն հարվածելուց հետո նա անպատասխան չէր թողնի իմ գործողությունը: Այսինքն` ինքն էլ անպայման կհարվածեր ինձ, դրան կհաջորդեին փոխադարձ հարվածները, և ընդհարումը կվերաճեր մեծ կռվի` ոչ միայն դիմացինիս, այլև ինձ համար անկանխատեսելի հետևանքներով, ինչը, բնականաբար, հոգեկան մեծ ցավ, տրավմա կպատճառեր ինձ հարազատ ու սիրելի մարդկանց` մորս, երեխաներին, իսկ կնոջս առողջությունը կարող էր վտանգել նաև ֆիզիոլոգիապես` վտանգի տակ դնելով նաև երեխայիս կյանքը, որին սպասում էր մեր ընտանիքը: Այդ մարդկանց ներկայությամբ ծեծկռտուք սկսելը բնավ չէր բխում իմ շահերից, ուղղակի անտրամաբանական է: Բացի դրանից` ես, որ որևէ դատվածություն չունեմ, ավելին` երբևիցե նման իրավիճակներում ներգրավված չեմ եղել, ընդհանրապես նման բան ինձ թույլ չեմ տվել, երկար տարիների լրագրող եմ, գիտությունների թեկնածու, տարբեր կարծիքների համաձայն` բավականին լավ կրթություն ու դաստիարակություն եմ ստացել, պարզապես չէի կարող նախահարձակ լինել ու ձեռք բարձրացնել հորս տարիքի տղամարդու վրա:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter