
Հայաստանը սկսել է նախապատրաստությունն առաջիկա խաղերին
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության հոկտեմբերյան հանդիպումներին ընդառաջ այսօր սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ հավաքին արդեն միացել են հետեւյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարեւիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Արտակ Դաշյան - «Նոա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)
Այսօր՝ Հայաստանի առաջնության հանդիպումներից հետո, հավաքին կմիանան Հենրի Ավագյանն ու Էրիկ Սիմոնյանը, իսկ վաղը՝ Արամ Խամոյանը: Հոկտեմբերի 7-ին հավաքականի ճամբար կժամանեն հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները՝ Անդրե Չալըշըրը, Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Էդգար Սեւիկյանը, Արթուր Միրանյանը եւ Հրանտ-Լեոն Ռանոսը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ալեքսանդր Պետրակովի սաները մրցակցի հարկի տակ հանդիպելու են Ֆարերներին, իսկ ամսի 13-ին Երեւանում ընդունելու են Հս. Մակեդոնիայի ընտրանուն:
Եթե Ֆարերների հետ Հայաստանը հանդիպելու է առաջին անգամ, ապա Հս. Մակեդոնիայի հետ մեր ընտրանին իր պատմության մեջ ամենաշատ հանդիպումներն է անցկացրել: Մինչ օրս այս թիմերի միջեւ կայացել է 14 խաղ, որոնցից 13-ը՝ պաշտոնական: Հայաստանը տարել է 4 հաղթանակ, կրել 7 պարտություն, 3 անգամ գրանցվել է ոչ-ոքի, գոլերի տարբերությունը՝ 18-25՝ հօգուտ մակեդոնացիների։
Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբում հոկտեմբերի 10-ին տեղի կունենա ոչ միայն Ֆարերներ-Հայաստան, այլեւ Լատվիա-Հս. Մակեդոնիա խաղը, իսկ ամսի 13-ին, Հայաստան-Հս. Մակեդոնիա մրցավեճից բացի, կկայանա Ֆարերներ-Լատվիա հանդիպումը:
Այս պահին 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հս. Մակեդոնիան, որը 2 տուրից հետո ունի 4 միավոր, 3-ական միավոր են վաստակել Հայաստանն ու Լատվիան, Ֆարերները 1 միավորով հետնապահն է:
Մեկնաբանել