Իսրայելյան փորձ. նոր հեռանկարներ ԼՂ խնդրում
Հայտնվելով արաբական աշխարհի հեղափոխական իրադարձությունների հորձանուտում, որտեղ նկատվում են առանձին իսլամական երկրների ու ռազմաքաղաքական միավորումների, ինչպես նաև մեծ տերությունների համագործակցության նոր տարրեր` Իսրայելը վերջին շրջանում շարժվում է բավական բարդ դիվանագիտական օրակարգով:
Մասնավորապես, պաղեստինյան երկու մեծ ուժի` ՀԱՄԱՍ-ի ու ՖԱԹՀ-ի միջև հաշտեցման գործընթացը ու նաև` Պաղեստինի հարցում զիջումներ կատարելու Արևմուտքի ճնշումները Իսրայելի ողջ պետական մեքենան այս օրերին լծել են երկրի ազգային շահերն առանց դիվանագիտական նրբանկատության պաշտպանելու գործին:
Այդ տեսանկյունից մայիսի 19-ին և 22-ին արաբաիսրայելական հակամարտության կարգավորման կապակցությամբ Իսրայելի գլխավոր դաշնակցի` ԱՄՆ նախագահի հնչեցրած երկիմաստ հայտարարությունները պաշտոնական Թել Ավիվի համար սեփական ռազմական, քաղաքական, իրավական ու պատմական հիմնավորումները ներկայացնելու պատճառ դարձան:
ԱՄՆ նախագահը մայիսի 19-ին հանդես եկավ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ծրագրային ելույթով, որում հնչեցրեց Իսրայելի համար ոչ այնքան հաճելի դրույթներ: Ելույթում Բարաք Օբաման հայտարարեց, որ Իսրայելի և պաղեստինցիների միջև բանակցությունները պետք է ավարտվեն անկախ պաղեստինյան պետության կազմավորմամբ, իսկ Իսրայելն էլ պետք է վերադառնա մինչև 1967թ. պատերազմը եղած սահմաններին:
Իսկ արդեն մայիսի 22-ին` ԱՄՆ քաղաքական առանձին շրջանակների դժգոհություններից հետո, Օբաման հարկ համարեց ճշգրտել իր այդ առաջարկությունները: Նա հայտարարեց, որ խոսքը տարածքային այնպիսի փոխանակությունների մասին է, որոնցում հաշվի կառնվի 1967թ. հետո ստեղծված փաստացի իրավիճակը, և այդ հիմքով կհամաձայնեցվի Իսրայելի և Պաղեստինի միջև երկուստեք ընդունելի սահմանը:
Հարկ է նշել, որ ԱՄՆ նախագահի այս վերջին հայտարարությունը հետևել էր Բենիամին Նեթանյահուի հետ մայիսի 20-ին Վաշինգտոնում կայացած բանակցություններին, որոնց ավարտից հետո Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ վերադարձը 1967թ. սահմաններին հրեական պետության համար սպառնում է աղետի վերածվել, քանի որ դրանք հնարավորություն չեն տալիս պաշտպանել երկիրը:
Սպիտակ տանն արված հայտարարությունից զատ` վարչապետ Նեթանյահուն մայիսի 24-ին ելույթ ունեցավ նաև ԱՄՆ Կոնգրեսի առջև, որտեղ հանդես եկավ սեփական հիմնավորումների առավել հստակ ձևակերպումներով: Նա մասնավորապես հայտարարեց, որ ելնելով Իսրայելի պատմության ծանր դասերից` հրեաներն իրենց ինքնապաշտպանվելու իրավունք են վերապահում: «Մենք պնդում ենք, որ երկար ժամանակով պետք է պահպանվի մեր ռազմական ներկայությունը Հորդանան գետի երկայնքով»,- ասաց Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետի ելույթում տեղ գտած մի շարք դրույթներ կարևոր նշանակություն ունեն նաև այլ հակամարտությունների և մասնավորապես ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում նոր իրավական ու քաղաքական թեզեր ներառելու տեսանկյունից, քանի որ հիմնվում են միջազգային հարաբերություններում ընդունված չափորոշիչներից բոլորովին տարբերվող ռազմաքաղաքական ու պատմաիրավական հայեցակարգերի վրա:
Որո՞նք են արաբաիսրայելական հակամարտության կարգավորման, հրեական կողմի առաջ քաշած այն դրույթները, որոնք եթե քաղաքական տեսանկյունից տրամաբանված են թվում, ապա միջազգային իրավունքի առկա նորմերի (հատկապես խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած մի շարք բանաձևերի) ու սկզբունքների (պետությունների ինքնիշխանության, այլ երկրների ներքին գործերին չխառնելու և այլն) հետ գոնե ունեն որոշակի խզում: Իսրայելի վարչապետի խոսքում տեղ էին գտել հետևյալ թեզերը.
- ապառազմականացված պաղեստինյան պետություն,
- Իսրայելի ռազմական ներկայություն Հորդանան գետի երկայնքով,
- Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող վերաբնակեցված առանձին բնակավայրերի, ռազմավարական կարևոր օբյեկտների ճանաչում` որպես Իսրայելի մաս,
- պաղեստինցի փախստականների խնդրի լուծում Իսրայելի սահմաններից դուրս,
- Երուսաղեմի ճանաչում` որպես ինքնիշխան և անքակտելի Իսրայելի մայրաքաղաքի:
Պաշտոնական Թել Ավիվի կողմից այս դրույթների առաջադրման համար բերվում են կարևոր հիմնավորումներ: Դրանց թվում գլխավոր տեղ է զբաղեցնում Իսրայելի անվտանգության խնդրի առաջքաշումը, որից էլ ածանցվում են սահմանների, փախստականների և մյուս հարցերը:
Իսրայելի պաշտոնական դիրքորոշման համաձայն` հրեական պետության անվտանգության երաշխիքը հրեա ժողովրդի` Իսրայել պետության այնպիսի սահմաններում երաշխավորված բնակություն է, որտեղ հաշվի են առնված ժողովրդագրական առկա վիճակը, ժողովրդի բնականոն կենսագործունեության հնարավորությունն ու հրեաների` հարևանների հետ ունեցած պատմական փորձը:
Պետականության կառուցման քաղաքական նման հիմնավորումները, որոնցում, մարդու իրավունքների պաշտպանությունից զատ և անգամ դրան զուգահեռ, առաջ են քաշվում ժողովուրդների իրավունքների ու անվտանգության մասին հայեցակարգեր, պատմական խնդիրներ ունեցող ժողովուրդներին միջազգային հարաբերություններում համանման օրակարգով շարժվելու հնարավորություն են ընձեռում:
Իհարկե, Իսրայելի ներկայացրած դրույթները նորություն չեն միջազգային քաղաքականության մեջ: Սակայն ժամանակ առ ժամանակ Թել Ավիվի դիրքերի սասանման պատճառով նման թեզերի ակտուալացումը նաև նոր հնարավորություն է բացում դրանք միջազգային իրավունքի ոլորտ ընդգրկելու առումով:
Սարո Սարոյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել