HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արտաշատ համայնքի ղեկավարը դատարանում վիճարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը

Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վերջինիս որոշումը, որով արձանագրվել է համայնքի ղեկավարի կողմից շահերի բախման վերաբերյալ իրավակարգավորումներն առերևույթ խախտելու հատկանիշներ, անվավեր ճանաչելու պահանջով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Հետքի»՝ «Արտաշատի ավագանու անդամի ընկերությունը՝ նույն համայնքի սուբվենցիոն ծրագրերի հաղթող» վերնագրով հոդվածը:

Հանձնաժողովն արձանագրել է, որ Արտաշատ համայնքի ղեկավարի հետ քաղաքական հարաբերություններով կապված անձ (Արտաշատ համայնքի ավագանու անդամ), «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Նարեկ Բաղդասարյանի հետ իրականացված գնման գործընթացի արդյունքում 2023թ. նոյեմբերի 7-ին պայմանագրի կնքմամբ համայնքի ղեկավարն իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն (անգործություն), որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման: Մինչդեռ, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, այդ մասին «Հանրային ծառայության» մասին օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել հանձնաժողով՝ այդ կերպ թույլ տալով օրենքի առերևույթ խախտում:

«Հետքը» գրել էր, որ Արտաշատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանի ընկերությունը վերջին երկու տարվա ընթացքում մոտ 723 մլն դրամի ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի հաղթող է եղել Արտաշատ համայնքում: Համայնքապետարանում որևէ խնդիր չեն տեսնում, ուղղակի վկայակոչում են «Գնումների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ գնումների մասնակիցները հավասար են:

Նշենք, որ գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին: Առաջին դատական նիստը նշանակվել է 2025թ. մարտի 13-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter