
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին. 21 մարդ վիրավորվել է
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Ուկրաինայի Խարկով քաղաքը։ Այդ մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ հրթիռները հարվածել են քաղաքացիական ձեռնարկություններից մեկին։
Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ նշել է, որ ավերվել է Խարկովի Ինդուստրիալնի շրջանի ենթակառուցվածքներից մեկը։ Թե կոնկրետ որ ձեռնարկությանն է հասցվել հարվածը, չի նշվում։
Վերջին տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 21 մարդ։ Տերեխովը նշել է, որ հոսպիտալացվել է 17 տուժած, այդ թվում՝ 16-ամյա մի դեռահաս։ Սինեգուբովն էլ հավելել է, որ վիրավորներից երեքը գտնվում են ծանր վիճակում։
Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ պարզում են սպառազինության այն տեսակը, որով ՌԴ զորքերը հասցրել են հարվածը:
ՌԴ ՊՆ-ն չի մեկնաբանել Խարկովին հասցված հարվածը։
Լուսանկարը՝ Օլեգ Սինեգուբովի տելեգրամյան ալիքից
Մեկնաբանել