HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի քաղհասարակությունը ԵԱՀԿ համաժողովի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները Արցախի բնակչության դեմ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և International Partnership for Human Rights-ը հոկտեմբերի 7-ին Վարշավայում՝ ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի շրջանակում, կազմակերպել էին հատուկ միջոցառում, որի ընթացքում միջազգային համայնքին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները։ Այս մասին ասվում է ԺԶՀ տարածած հաղորդագրությունում։

«ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունների պատվիրակություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից ավելի վաղ իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները։ Առաքելությունը համապարփակ փաստագրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության վիճակը 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից մինչև 2023 թ․-ի սեպտեմբերի տեղահանումը։ 

Փաստահավաք առաքելության արդյունքներով պատրաստված «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը, որի հիմնական եզրահանգումները նեկայացվել են Վարշավայի միջոցառմանը, փաստում են՝ Ադրբեջանը միտումնավոր և հաշվարկված գործողությունների միջոցով ենթարկել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը բռնի տեղահանման և էթնիկ զտման: Փաստահավաք առաքելության ընթացքում ավելի քան 300 վկաների հետ անցկացված  հարցազրույցները և բաց աղբյուրներում առկա տվյալների վերլուծությունը թույլ է տվել եզրակացնել, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են հանցագործություններ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, և համապատասխանում են բնակչության բռնի տեղահանման սահմանմանը, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների կողմից սահմանված էթնիկ զտումների չափանիշներին։

Միջոցառմանը հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները ելույթներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների տարատեսակ խախտումներին, ինչպես նաև բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության և ներկայության հետքերը վերացնելու Ադրբեջանի քաղաքականության և գործողությունների մասին։ 

ԵԱՀԿ մարդու իրավունքների համաժողովն ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որը կարևոր հարթակ է ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների իրավիճակի մասին քննարկումների համար։ Վարշավայում կազմակերպված այս միջոցառումը հերթական հնարավորությունն էր հայաստանյան քաղաքացիական հասարակության համար ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների խախտման և տեղահանման մասին իրականացված միջազգային փաստահավաք առաքելության արդյունքները։ Որպես այս գործընթացի մաս՝ մինչ այդ ԺԶՀ-ն և գործընկեր կազմակերպությունները «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի արդյունքները ներկայացրել էին ԱՄՆ պետական մարմիններում և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կառույցներում»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter