
ՄԻԵԴ-ը «Նաիրիտի» աշխատակցի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել
«Նաիրիտ» քիմիական գործարանի նախկին աշխատակցին՝ գործարանում տեղի ունեցող իրավիճակի մասին թերթում հարցազրույց տալու պատճառով աշխատանքից ազատելու գործով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել: Արձանագրվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում, և Հայաստանին պարտավորեցվել է վճարել 6100 եվրո:
2003թ-ից Իշխան Աղաջանյանն աշխատել է «Նաիրիտ» գործարանում, որպես ավագ գիտաշխատող: Գործարանի ղեկավարության կողմից 2007թ. հրաման է տրվել, ըստ որի՝ աշխատակիցների աշխատավարձերի չափի մասին տեղեկատվությունը համարվում է կոմերցիոն գաղտնիք։ Որոշվել է աշխատողների աշխատանքային պայմանագրերում ավելացնել աշխատավարձի չափի վերաբերյալ գաղտնիության պարտավորության մասին հատուկ կետ։
2008թ. հուլիսի 1-ին Իշխան Աղաջանյանը և գործարանը ստորագրել են հավելված, որպես հիմնական աշխատանքային պայմանագրի մաս, որով արգելվել է գործարանին վերաբերող կոմերցիոն տվյալների հրապարակումը: Իսկ 2009թ. հունվարին գործարանն ընդունել է առևտրային գաղտնիքների իր ներքին կանոնակարգը: Վերջինով սահմանվել է, որ առևտրային գաղտնիքի տարածումը կարող է բացասաբար ազդել գործարանի գործունեության վրա:
Իշխան Աղաջանյանն իր ղեկավարությանը մի քանի անգամ ներկայացրել է քիմիական թափոնների, մասնավորապես՝ էթինոլ լուծիչով լաքի պատշաճ մշակման անհրաժեշտության մասին, որը պահվել է գործարանի տարածքում: 2006թ. Աղաջանյանն ու գործընկերները հաշվետվությամբ ներկայացրել են այդ նյութերից ներկ արտադրելու առաջարկ, որը կարող է օգտագործվել գործարանի խողովակների և սարքավորումների ծածկման համար՝ դրանք կոռոզիայից պաշտպանելու նպատակով: 2007թ. այս առաջարկը փորձարկվել է, սակայն, ըստ փորձի արձանագրության, արդյունքները գոհացուցիչ չեն եղել։ Իշխան Աղաջանյանը բողոքել է իր ղեկավարությանը, որ փորձը պատշաճ չի իրականացվել, հետևաբար արդյունքները ճշգրիտ չեն եղել: Նա առաջարկել է աշխատանքները շարունակել ավելի պատասխանատու կերպով։
Փորձերը շարունակվել են, թեև ընթացքում Ի. Աղաջանյանին գործարանի ղեկավար կազմից պարբերաբար ասել են, որ դադարեցնի: 2010թ. մարտին Աղաջանյանը ևս մեկ հաղորդում է ներկայացրել իր ղեկավարությանը` նշելով քիմիական թափոնների պատշաճ մշակման բացակայության մասին, և մեղադրել գործարանի ղեկավարությանը պատասխանատվության բացակայության մեջ:
Դրանից մոտ մեկ ամիս անց ավագ գիտաշխատողը թերթերից մեկին հարցազրույց է տվել: Խոսել է այն մասին, որ «Նաիրիտ» քիմիական գործարանը չի գործում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը մեկ միլիարդ դրամի պարտքի պատճառով։ Նշել է, որ խորհրդային տարիներին գործարանն արտադրել է մոտ 100 հազար տոննա կաուչուկ, իսկ անցած հինգ տարիներին արտադրել է ընդամենը հինգ հազար տոննա։ Այդ պատճառով ընկերությունը շահույթ չի ունենում և չի կարողանում վճարել իր ծախսերը։ Բացի այդ, նշել է, որ կաուչուկի վերամշակման ժամանակ արտադրվում է մեկ այլ քիմիական նյութ՝ լաք, որը նախկինում արտահանվել է Ռուսաստան։ Սակայն, գնորդների բացակայության պատճառով լաքը պահպանվում է գործարանում՝ առաջացնելով պայթյունավտանգ իրավիճակ։
«Հարկ է նշել, որ այս կողմնակի արտադրանքի երկարատև չօգտագործումը կարող է հանգեցնել դրա այրման՝ լուրջ վնաս հասցնելով, ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ մարդու առողջությանը: Գործարանում տիրող այս իրավիճակը պայմանավորված է ղեկավարության անտարբերությամբ և պատասխանատվության բացակայությամբ»,- հարցազրույցում նշել է Իշխան Աղաջանյանը՝ խոսելով նաև կատարված անհաջող փորձերի և դրանց արգելքների մասին:
Իշխան Աղաջանյանը լրագրողի հետ խոսել է նաև աշխատավարձերի մասին, նշելով, որ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող փորձառու փորձագետը գործարանում ամսական վաստակում է ընդամենը 85 հազ. դրամ աշխատավարձ, մինչդեռ գործարանի տասներկու փոխտնօրեններից յուրաքանչյուրը ստանում է 3-4 միլիոն դրամ։
2010թ. մայիսի 19-ին «Նաիրիտ» գործարանի տնօրենն առանց նախազգուշացման Աղաջանյանին ազատել է աշխատանքից: Տնօրենը նշել է, որ թերթում հոդված է հրապարակվել գործարանի մասին՝ հիմնված Աղաջանյանի անհիմն հայտարարությունների վրա։ Մասնավորապես, իբր Աղաջանյանը կեղծ տեղեկատվություն է տարածել գիտական աշխատանքների և փորձերի, ինչպես նաև գործարանում աշխատողների աշխատավարձերի մասին՝ խախտելով Աշխատանքային օրենսգրքի և աշխատանքային պայմանագրի պահանջները: Տնօրենը եզրակացրել է, որ դա բավարար է, որպեսզի գործարանը կորցնի իր վստահությունը Իշխան Աղաջանյանի նկատմամբ և այդ հիմքով դադարեցնի նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
«Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենի՝ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, զբաղեցրած պաշտոնում վերականգնելու, աշխատանքային պայմանագրի մաս կազմող հավելվածն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին Աղաջանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան: Նա, պնդել է, որ իր ազատման հրամանն անօրինական է եղել, քանի որ չի նշվել, թե Աշխատանքային օրենսգրքի որ կետն է խախտվել: Ինչ վերաբերում է աշխատանքային պայմանագրի ենթադրյալ խախտմանը, ապա ինքը երբեք տեղյակ չի եղել գործարանին առնչվող պետական, մասնագիտական կամ առևտրային գաղտնիքի սահմանմանը: Հայտնել է, որ գաղտնիքի կանոնակարգերի մասին նա իմացել է միայն խնդրո առարկա քաղաքացիական դատավարության ընթացքում, երբ գործարանը դրանք ներկայացրել էր դատարան։ Ավելին, Աղաջանյանը նշել է, որ հարցազրույցի ժամանակ բացահայտված տեղեկատվությունը չէր կարող կոմերցիոն գաղտնիք համարվել։ Այն վերաբերել է այնպիսի հարցերի, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանությունը, մարդկանց առողջությանը հասցված վնասը և աշխատավայրի անվտանգությունը: Ինչ վերաբերում է աշխատավարձի չափին, ապա նրա պնդմամբ, գործատուն չէր կարող նման տեղեկատվությունը դարձնել կոմերցիոն գաղտնիք:
Գործարանը ներկայացրել է առարկություն՝ պնդելով աշխատանքից ազատման օրինական լինելը:
Առաջին ատյանի դատարանը բավարարել է Իշխան Աղաջանյանի հայցադիմումը, իսկ վերաքննիչ դատարանը (դատավորներ՝ Նարինե Բարսեղյան, Արսեն Մկրտչյան, Նոյեմ Հովսեփյան) գործարանի բողոքի հիման վրա բեկանել է վճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այս անգամ առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժել է Իշխան Աղաջանյանի հայցադիմումը (դատավոր՝ Նաիրա Հովսեփյան): Իշխան Աղաջանյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան, սակայն բողոքը մերժվել է (դատավորներ՝ Գոհար Մատինյան, Լևոն Գրիգորյան, Արմեն Թումանյան): Իսկ Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ Երվանդ Խունդկարյանի (այժմ Սահմանադրական դատարանի դատավոր), վերադարձրել է բողոքը՝ փաստացի օրինկան ուժ տալով վերաքննիչ դատարանի որոշմանը:
Հարկ է նշել, որ 2017թ. «Նաիրտում» պայթյուն եղել է: Ավելի վաղ ևս նմանատիպ դեպքեր գրանցվել են:
Ներպետական ատյանները սպառելուց և արդյունքի չհասնելուց հետո Իշխան Աղաջանյանը դիմել է Մարդու իրավուքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պնդելով, որ իրեն աշխատանքից ազատելու պատճառը եղել է թերթում հրապարակված հարցազրույցը, որով խախտվել է իր խոսքի ազատության իրավունքը:
ՄԻԵԴ-ում Իշխան Աղաջանյանի շահերը պաշտպանել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբաններ Հասմիկ Հարությունյանը, Մարիամ Ղազարյանը և Արաքս Մելքոնյանը:
Իշխան Աղաջանյանը նշել է, որ հանդես է եկել որպես ազդարարող, իսկ ներպետական օրենսդրությունը բավարար երաշխիքներ չի տրամադրում ազդարարների պաշտպանության համար: Ստիպված է եղել հանդես գալ հրապարակային խոսքով, քանի որ ապարդյուն է եղել իր ղեկավարության հետ հարցը լուծելու բոլոր փորձերը՝ հրավտանգ նյութի գործարանի տարածքում չպահելու և այն վերամշակելու մասին։ Պնդել է, որ անձնական դժգոհությունից ելնելով չէր գործել, այլ նպատակ ուներ լուծել բնապահպանական լուրջ խնդիրներ և նույնիսկ առաջարկ է արել՝ միջոցներ ձեռնարկել խնդրի դեմ պայքարելու համար։
Հայաստանի կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում չվիճարկելով Աղաջանյանի խոսքի ազատության իրավունքին միջամտելը, պնդել է, որ նրան աշխատանքից ազատելը համապատասխանել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջներին (Արտահայտվելու ազատություն): Մասնավորապես, Իշխան Աղաջանյանն աշխատանքից ազատվել է օրենքով սահմանված կարգով՝ նրա նկատմամբ վստահության կորստի, ինչպես նաև աշխատանքային կարգապահության կոպիտ խախտման, տվյալ դեպքում՝ առևտրային գաղտնիքի բացահայտման պատճառով:
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ թեև, աշխատանքից ազատման հրամանի և ներպետական դատարանների վճիռների համաձայն, Իշխան Աղաջանյանը խախտել է Աշխատանքային օրենսգրքի պահանջները և հրապարակել է առևտրային գաղտնիք, սակայն ազատման հրամանում նշվում է, որ նա հրապարակել է «անհիմն» և «կեղծ». տեղեկատվություն: Ոչ ներպետական դատարանները, ոչ Կառավարությունը չեն անդրադարձել այս հակասությանը, թեև Աղաջանյանն ընդգծել է դա ինչպես ազգային իշխանությունների առջև, այնպես էլ ՄԻԵԴ-ին ուղղված իր դիմումում։
ՄԻԵԴ-ը նշել է, որ ոչ Աղաջանյանի ազատման հրամանում, ոչ էլ ներպետական դատարանների վճիռներում նշված չէ, թե թերթում հրապարակված հայտարարություններից որն է անճշտություն կամ զրպարտություն: Նրանք երբեք չեն վերլուծել Աղաջանյանի փաստարկները՝ վերադասների հետ իր մտահոգությունները բարձրաձայնելու բազմաթիվ փորձերի վերաբերյալ: Ներպետական դատարանները նաև չեն ստուգել Իշխան Աղաջանյանի դրդապատճառը և չնայած Կառավարության փաստարկին, ներպետական վճիռներում որևէ նշում չկա այն մասին, որ նա գործել է անբարեխիղճ:
«Դիմումատուն իր հարցազրույցում բարձրացրել է հանրային հետաքրքրություն ներկայացնող շատ զգայուն և կարևոր հարցեր, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի պաշտպանությանը, մարդկանց առողջությանը և աշխատավայրի անվտանգությանը: Այնուամենայնիվ, դիմումատուի հավատարմության պարտականության և բնապահպանական խնդիրների մասին տեղեկացված լինելու հանրային շահի և Հայաստանի հսկայական քիմիական գործարանում հայտնաբերված ապօրինությունների միջև կապը ներպետական դատարաններն ընդհանրապես չեն քննել»,-նշված է ՄԻԵԴ վճռում:
ՄԻԵԴ-ն նաև նշել է, որ ներպետական դատարաններն իրենց դատական ակտերում չեն հիշատակել այն վնասի մասին, որը կրել է գործարանը Աղաջանյանի հարցազրույցի հետևանքով:
«Հաշվի առնելով վերը նշվածը, Դատարանը գտնում է, որ սույն գործի հանգամանքներում ազգային դատարանները չեն կարողացել ապահովել արդար հավասարակշռություն՝ մրցակցող շահերի միջև, հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում»,-նշված է ՄԻԵԴ վճռում:
Մեկնաբանել