
Արհեստական բանականության թեմայով քննարկում՝ Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի տարեկան համաժողովում
Հոկտեմբերի 7-10-ը Երևանում տեղի է ունենում Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities, MNRA) 23-րդ տարեկան համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են հարթակին անդամակցող 23 պետությունների ներկայացուցիչներ: Քննարկվող թեմաներից մեկը վերաբերում էր արհեստական բանականության կիրառմանը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կայուն զարգացման նպատակների համատեքստում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործընկերության խորհրդական Արևիկ Անափիոսյանը այս օրակարգում կարևորում է թվային խզվածքի խնդիրը, որն առկա է թե՛ երկրների միջև, թե՛ դրանց ներսում։
«Աշխարհը առաջ է շարժվում արհեստական բանականության կիրառումով մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ՝ առողջապահությունից մինչև սոցիալական ապահովություն, կրթություն և այլ ոլորտներ։ Սակայն, եթե թվային հասանելիությունը չապահովենք ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրների միջև, խզվածքը կմեծանա»,- ասում է Արևիկ Անափիոսյանը։
Անափիոսյանը շեշտում է՝ արհեստական բանականության զարգացումը հիմնված է տվյալների վրա: Որքան շատ և թափանցիկ են տվյալները, այնքան ավելի օգտակար և արդյունավետ կարող են լինել արհեստական բանականության հիման վրա ստեղծված ծրագրերը։
«Այստեղ ծագում է անձնական տվյալների պաշտպանության հարցը, ինչն անխուսափելի է, մենք տալու ենք այդ տվյալները։ Անհատական մակարդակում դրա կարգավորումը գրեթե անհնար է»,- ասում է Անափիոսյանը։
Այս իրավիճակը պահանջում է պետական կարգավորումներ՝ ապահովելու անձնական տվյալների պաշտպանությունը և դրանց կիրառության սահմանափակումները։ Անափիոսյանի խոսքով՝ ՄԱԿ-ը ակտիվորեն մասնակցում է թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման գլոբալ քննարկումներին։
«Ապագայի վեհաժողովի շրջանակներում մշակված «Թվային գլոբալ համաձայությունը» նախատեսում է ստեղծել անկախ գիտնականների խումբ, որը կզբաղվի այս հարցերով։ Սա թույլ կտա որոշել այն սահմանը, թե որտեղ պետք է կանգ առնի արհեստական բանականության զարգացումը՝ ապահովելով տվյալների անվտանգությունը և էթիկայի պահպանությունը»,- նշում է Անափիոսյանը։
ՄԱԿ-ի տեսակետն այն է, որ անհրաժեշտ են համահունչ կարգավորումներ, որոնք չեն սահմանափակի տեխնոլոգիաների զարգացման մեծ հնարավորությունները, սակայն միաժամանակ կպաշտպանեն մարդկանց իրավունքները և տվյալների անվտանգությունը։
Մեկնաբանել