
Ախթալայի կոմբինատը 50 տոկոսով կրճատել է խտանյութի արտադրությունը
«Մեթըլ Փրինս Էլ-Թի-Դի» ընկերության Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը աշխատում է վնասներով և հայտնվել է դժվարին վիճակում: Կոմբինատում 50-60 տոկոսով նվազել է պղնձի խտանյութի արտադրությունը, այն հասել է 500-600 տոննայի: Այս տարվա մայիսին «Մեթըլ Փրինցը» «Առէկսիմ» բանկից 2 մլն դոլար վարկ է վերցրել: Ընկերությանը պատկանող շենքերն ու շինությունները, ինչպես նաև լեռնահարստացման կոմբինատը, վարկի դիմաց գրավ է դրված բանկում:
ԼՀԿ-ի աշխատողները մեզ հետ զրույցում կոմբինատի գործերի վատ լինելը կապում են հիմնական սեփականատերերից մեկի եւ գլխավոր տնօրենի Մադլեն Թաշճյանի հետ: Նա մասնագիտությամբ հոգեբան է: «Տիկին Մադլենը ԼՀԿ-ի գործադիր տնօրեններին արդեն մեկ տարի է` զրկել է իրենց լիազորություններից»,- ասում է նրանցից մեկը` չցանկանալով նշել իր անունը:
«Հետքի» աղբյուրը հայտնեց նաեւ, որ առաջիկա օրերին ԼՀԿ-ի արտադրության գծով տնօրեն Լյովա Վարդանյանը կազատվի իր զբաղեցրած պաշտոնից: Ախթալայում գաղտնիք չէ, որ Մադլեն Թաշճյանը ԼՀկ-ի պատասխանատու աշխատողների հետ իր հարաբերությունները կարգավորում է անվտանգության գծով իր խորհրդական Գրիշա Դավթյանի և լեռնահարստացման կոմբինատի անվտանության ծառայության պետ Արսեն Չիթչյանի (մականունը Բոդոլ) խորհուրդներով:
«Գերազանացելով իր պաշտոնական պարտականությունները` Արսեն Չիթչյանը կոմբինատի ջարդման արտադրամասի համար 100 000 դոլարով գնել է նոր ջարդիչ, որը շուկայում հնարավոր է ձեռք բերել 50 հազար դոլարով: Արսեն Չիթչյանը դեռ 3 ամիս առաջ որպես մետաղի ջարդոն վաճառել է ԼՀԿ-ի էքսկավատորներից մեկը, որը հնարավոր էր վերանորոգել և շահագործել: Անմխիթար վիճակում են հանքի տրանսպորտային միջոցները: Հանքափորները փակ հանքում չեն կարողանում աշխատել աշխատանքային գործիքներով ապահովված չլինելու պատճառով: Նրանց աշխատավարձը 250-300 հազար դրամից հասել է 100-150 հազար դրամի»,- հայտնում է «Հետքի» աղբյուրը:
Լեռնահարստացման կոմբինատից նաև տեղեկացնում են, որ տարեսկզբին բանվորների հավելավճարները չվճարելու մասին բողոքը «Հետքում» հրապարակվելուց հետո Մադլեն Թաշճյանի ցուցումով կատարվել է հավելավճարների վճարման ֆինանսական փաստաթղթերի կեղծումներ. «Բանվորները չգիտեն, որ ԼՀԿ-ում փաստաթղթեր են փոխվել, և իրենք իբրեւ ստացել են իրենց հասանելիք հավելավճարների կեսը»,- հայտնում է «Հետքի» աղբյուրը:
Այս փաստերի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ կոմբինատի արտաքին կապերի գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանից: ԼՀԿ-ում վերջին տարիներին կատարված ներդրումների մասին մեր հարցին տնօրենը պատասխանեց. «Հաշվապահը հիմա այստեղ չէ, Երևանում է, երբ կգա, ներդրումային թվերը վաղը Ձեզ կներկայացնեմ»: ԼՀԿ-ի տեխնոլոգիական վերազինման հետ կապված Գագիկ Շահնազարյանն ասաց. «Մեզ մոտ խնդիրը դրված է եղել վերականգնել արտադրությունը: Ինչ վերաբերում է նոր տեխնոլոգիաներին, ես Ձեզ ասեմ` հանքարդյունաբերության բնագավառում չկա նոր բան, էսօր մի քանի նորություններ են ընդամենը»:
Վարկի հետ կապված մեր հարցին` ԼՀԿ-ի տնօրենը պատասխանեց. «Եթե դուք այստեղ եք, նշանակում է ձեռնարկությունում պրոբլեմ կա: Եթե ձեռնակությունը վարկ է վերցրել, դա չի նշանակում, թե ամեն ինչ վերջացած է»: Բաց հանքի տրանսպորտային միջոցների մասին Գագիկ Շահնազարյանը հայտնեց, որ այս պահին Շամլուղի բաց հանքում աշխատում է «Վիտաչի» մակնիշի մեկ էքսկավատոր և «Դ-9» էքսկավատոր. «Մեր 19 միավոր տրանսպորտային միջոցներից աշխատում են 9-ը. 5 ավտոմեքենաների վերանորոգման համար ձեռք է բերել պահեստամասեր»,- ասաց նա:
Արսեն Չիթչյանի կողմից վաճառված էքսկավատորի ու գնված ջարդիչի մասին Գ. Շահնազարյանն ասաց, որ դրանց առքուվաճառքին ֆիզիկապես չի տիրապետում: Կճշտի և կհայտնի: Պղնձի խտանյութի արտադրության ծավալի մասին էլ տնօրենը հայտնեց. «Ես ասում եմ, որ արտադրության ծավալների անկում կա, ԼՀԿ-ի որոշ արտադրական պլաններից հետ ընկնելու խնդիրների լուծումը հետաձգվել է: Նման կարգի կազմակերպչական աշխատանքների հետաձգելը բերել է նրան, որ այդ Ձեր ասած անկումը եղել է: Հիմա ամեն ինչ իր ճանապարհով գնում է»:
Գագիկ Շահնազարյանը ԼՀԿ-ի բնապահպանական ծրագրերին եւ ներդրումներին նույնպես չէր տիրապետում. «Այդ թվերին ֆիզիկապես չեմ տիրապետում դրանք նույնպես վերցնելու եմ հաշվապահից»: Խոստացավ այդ թվերը հաղորդել հաջորդ օրը` հունիսի 26-ին: Նա իր խոստումը նույնպես չկատարեց: Ընկերության արտաքին կապերի հարցերով տնօրենից խնդրեցինք համաձայնություն ԼՀԿ –ի ջարդման արտադրամաս մտնելու համար: Գագիկ Շայնազարյանը համաձայնեց:
Մեզ ուղեկցող տրամադրելու համար նա դուրս եկավ աշխատասենյակից, վերադարձավ 30 րոպե հետո և հայտնեց, որ ԼՀԿ-ի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանը մեզ չի թույլատրում մտնել ջարդման արտադրամաս: Ջարդման արտադրամասի «Հետքի» աղբյուրն էլ հայտնեց, որ արտադրամասում ընդամենը 2 ամիս առաջ տեղադրված օդազտիչն իրեն չի արդարացնում, որի պատճառով արտադրամասը փոշու մեջ է միշտ, եւ մարդիկ աշխատում են իրենց կյանքի համար խիստ վտանգավոր պայմաններում:
Մեկնաբանել