HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ստեփանավանի նախկին քաղաքապետը, կինն ու զավակները հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին ու ընտանիքի անդամներին հոկտեմբերի 15-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց գույքի նկատմամբ իրականացվել է ուսումնասիրություն, հետևաբար հրավիրում են գործի նյութերին ծանոթանալու:

Սարգիս Ղարաքեշիշյանից բացի դատախազություն են հրավիրվել կինը՝ Անահիտ Մկրտչյանը, զավակները՝ Ռիմա, Դավիթ և Արմեն Ղարաքեշիշյանները, հարսը՝ Քրիստինե Մելիքսեթյանը:

Նշենք, որ այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի հրապարակում, թե նրանցից ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանությունն այն է, որ վերջիններս ապացույցներ, դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեն, ինչը կարող է փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա ենթադրյալ ապօրինի գույքի ցանկում:

Հիշեցնենք, որ Սարգիս Ղարաքեշիշյանին և որդիներին մեղադրանք է առաջադրված: 2023թ. դեկտեմբերի 25-ին Հակակոռուպցիոն քրեական դատարան է ուղարկվել քրեական գործ, ըստ որի՝ Սարգիս Ղարաքեշիշյանը, երբ քաղաքապետ էր, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարանջատման միջոցով առանձնացված տարբեր չափերով հողամասերը, ինչպես նաև Կառավարության կողմից նվիրաբերությամբ հստակ նպատակային օգտագործման համար Ստեփանավան համայնքին փոխանցված անշարժ գույքն օտարել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված «ՍՏԵՓ ԳՐԻՆՏՈՒՐ» ՍՊԸ-ին, մորաքրոջ որդուն՝ Կամո Սարգսյանին, ընկերոջ՝ Արարատ Բարսեղյանի որդուն՝ Պարույր Բարսեղյանին, Ստեփանավան համայնքի այդ ժամանակ ավագանու անդամի ղեկավարած «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ին, ինչպես նաև իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված այլ անձանց: 

Այդ կերպ, ըստ մեղադրանքի, Ստեփանավան համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Այնուհետև, Սարգիս Ղարաքեշիշյանը «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի, վերջինիս կողմից ստեղծված «ՍՏԵՓ ԳՐԻՆՏՈՒՐ» ՍՊԸ-ի, ինչպես նաև իր մորաքրոջ որդու անվամբ ձևականորեն ձեռքբերված և սեփականության իրավունքով հաշվառված հողամասերի իրական բնույթը, պատկանելիությունը, տնօրինման եղանակը, գույքի տեղաշարժը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, նախնական համաձայնության գալով հողամասերի՝ տվյալ պահի սեփականատերերի, ինչպես նաև իր որդիների և ընկերոջ որդի Պարույր Բարսեղյանի հետ, 2009, 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով փոխանցել է իր որդիներին՝ Դավիթ և Արմեն Ղարաքեշիշյաններին և ընկերոջ որդուն՝ Պարույր Բարսեղյանին, որի հիման վրա հողամասերի նկատմամբ Կադաստրի կոմիտեում գրանցվել է նրանց սեփականության իրավունքը և տրվել են համապատասխան վկայականներ:

Լուսանկարում` Սարգիս Ղարաքեշիշյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter