
ԲՏԱ նախարարությունը բավարար չափով թվայնացված չէ. ԲՏԱ փոխնախարար
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը նախարարության թվայնացման մակարդակը բավարար չի համարում։ Այս մասին փոխնախարարը հայտարարեց հոկտեմբերի 12-ին՝ «Krisp» ընկերության կազմակերպած AI Conf 2024-ի «Արհեստական բանականությունը կառավարությունում» թեմայով պանելային քննարկման ընթացքում։
Սիմոնյանի խոսքով՝ ԲՏԱ նախարարությունը հանդիպումներ է կազմակերպել տեղական ընկերությունների հետ, որոնք թվայնացման գործիքակազմ են առաջարկում։ Քննարկվում է այդ գործիքները փորձնական տարբերակով նախարարությունում ներդնելու հարցը։
«40-45 հայկական ընկերություններ կան, որոնք թվային լուծումների վրա են աշխատում կամ թվային լուծումներ են տրամադրում։ Ուզում ենք հանդիպել, ներկայացնել, թե կառավարությունը ինչ տեսլական ունի, որտեղ ենք ու ուր ենք ուզում հասնել։ Ակնկալում ենք հանդիպման արդյունքում ունենալ հստակ պլան, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը»,- նշեց Ռուբեն Սիմոնյանը։
Հարցին, թե ինչպես են ֆինանսավորվելու թվային լուծումներ առաջարկող ընկերությունները, Սիմոնյանը պատասխանեց՝ ամեն տարի թվայնացման համար բավականին մեծ գումար է հատկացվում, ներդրումներ են անում նաև միջազգային կազմակերպությունները։ Այդ գումարը արդյունավետ ծախսելու խնդիր կա։
«Հիմա թրենդ է, ամեն տեղ խոսում են թվայնացումից։ Բավականին մեծ գումարներ են ներդրվում թե՛ Եվրամիության, թե՛ ամերիկյան կազմակերպությունների կողմից։ Վստահ եմ, որ դրա համար գումար կգտնվի»,- նշեց փոխնախարարը։
Սիմոնյանը հայտնեց, որ սկսել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագրեր մշակել, որոնք կվերաբերեն նաև արհեստական բանականությանը։
«Արհեստական բանականությունը մեր առօրյա կյանքում է։ Մեր որոշումը չէ՝ մենք պիտի՞ զբաղվենք արհեստական բանականությամբ, թե՞ ոչ, պիտի՞ տեխնոլոգիական լուծումներ տանք առողջապահության ոլորտում։ Դա, այսպես թե այնպես, լինելու է։ Ռազմավարական ծրագրերից հետո հստակ քայլեր կլինեն»,- ասաց Սիմոնյանը։
Կարդացե՛ք նաև.
Մեկնաբանել