HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հեզբոլահը անօդաչուներով հարված է հասցրել Իսրայելին. կա 4 զոհ և տասնյակ վիրավորներ

Իսրայելցի չորս զինվորական է զոհվել, 67-ն էլ՝ վիրավորվել Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Վերջինիս տվյալներով՝ յոթ զինծառայող գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում Հայֆայից հարավ գտնվող Բինյամինա-Գիվատ-Ադա բնակավայրում տեղակայված բազայի վրա հարձակման հետեւանքով:

Մագեն Դավիդ Ադոմ բժշկական ծառայությունը (MDA) ավելի վաղ հայտնել էր, որ հարձակման հետևանքով տուժել է 61 մարդ: 37-ը շտապօգնության մեքենաներով և ուղղաթիռներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ 

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան Հեզբոլահ արմատական խմբավորումը: Ինչպես հայտնել է խմբավորման մամուլի ծառայությունը, հարվածը հասցվել է հինգշաբթի՝ Լիբանանի հարավում և Բեյրութում իսրայելական հարձակումներին ի պատասխան:

Խմբավորման պնդմամբ՝ բազան գրոհել է «անօդաչուների շարասյունը»։ 

Դատելով դեպքի վայրից ստացված կադրերից՝ հարվածի պահին զինծառայողները գտնվել են ճաշարանում։ Լուսանկարներում, որոնք տարածվում են սոցցանցերում, պատկերված է դատարկ ճաշասենյակը, որի տանիքին առկա է անցք։

Ինչպես գրում է The Times of Israel-ը, հղում անելով նախնական հետաքննության տվալներին, Հեզբոլահը Միջերկրական ծովից արձակել է Mirsad տեսակի երկու անօդաչու։

Իսրայելական Alma Research հետազոտական կենտրոնի տվյալներով՝ դրանք ունեն «120 կիլոմետրանոց խոցման շառավիղ, 370 կմ/ժ առավելագույն արագություն, կարող են կրել մինչև 40 կգ պայթուցիկ և թռչել մինչև 3 կմ բարձրության վրա»:

Պարբերականը հայտնում է, որ անօդաչու թռչող երկու սարքերի շարժին հետևել են իսրայելական ռադարները, և մեկը խոցվել է Հայֆայից հյուսիս ընկած ափերի մոտ, սակայն երկրորդ անօդաչու թռչող սարքն անհետացել է ռադարներից, հավանաբար այն պատճառով, որ այն շատ մոտ է եղել գետնին:

Իր հայտարարության մեջ Հեզբոլահը սպառնացել է նոր հարձակումներ իրականացնել, եթե Լիբանանի հարավում շարունակվի Իսրայելի ռազմական գործողությունը:

«Մենք թշնամուն խոստանում ենք, որ այն, ինչ տեղի է ունեցել այսօր Հայֆայից հարավ, ոչինչ է այն բանի համեմատ, ինչը սպասում է նրան, եթե որոշի շարունակել ագրեսիան մեր ազնիվ ժողովրդի դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Bloomberg գործակալությունից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter