
Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել և՛ Հայաստանի, և՛ Իրանի տարածքներով. Թուրքիայի տրանսպորտի նախարար
Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես է՝լ Հայաստանի տարածքով։ Նման հայտարարությամբ թուրքական Kanal7-ի եթերում հանդես է եկել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Թուրք նախարարը նշել է, որ Իրանի պարագայում խոսքը 61 կիլոմետրանոց երթուղու մասին է, իսկ Հայաստանի դեպքում՝ 43 կիլոմետրի։ Ուրալօղլուն հավելել է, որ անկախ երթուղու վերջնական որոշումից, կստեղծվեն տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցություններ։
«Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համատեղ։ Կան որոշակի խնդիրներ, բայց դրանք առաջիկայում կարող են լուծվել։ Ժամանակի հարց է»,- նշել է թուրք նախարարը։ Նրա պնդմամբ՝ տարածաշրջանի և որևէ երկիր չպետք է դեմ լինի իր տարածքը «միջազգային տրանսպորտային զարկերակի վերածելուն»։ «Պարզապես անխոհեմ է նման գաղափարին ընդդիմանալը»,- հայտարարել է նա։
Ուրալօղլուն նաև ընդգծել է, որ չնայած Անկարան ուղղակիորեն չի մասնակցում Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացմանն ուղղված բանակցություններին, սակայն Բաքվի հետ մշտական կապի և համակարգման մեջ է։
Թուրքիայի տրանսպորտի նախարարն անդրադարձել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ Իրանի ունեցած բացասական վերաբերմունքին։ Թուրք նախարարն այն կարծիքին է, որ դեմ լինելով այս գաղափարին, Իրանը ցանկանում է, որ այդ միջանցքն անցնի միայն իր տարածքով։ «Իրանի կողմից այս հարցի մերժման պատճառը հնարավոր է բացառապես իրանական տարածքով միջանցք ստեղծելու Թեհրանի ցանկության մասին է»,- ենթադրել է Ուրալօղլուն։
Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին՝ համարելով դա Հայաստանի և Իրանի համար էքզիստենցիալ խնդիր։ Հայկական կողմը նշում է, որ պատրաստ է Նախիջևանի հետ կապի համար ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, սակայն դա պետք է լինի հայկական վերահսկողության ներքո ու չպիտի կասկածի տակ դրվի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը։
Լուսանկարը՝ թուրքական Akşam պարբերականից
Մեկնաբանել