HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցի 4-րդ շրջափուլն ավարտվեց

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր, ԵՊՀ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի նախագահ Գևորգ Արշակյանը մտադիր էր ոչ ֆորմալ կրթության մի ծրագիր իրականացնել, որը պիտի համախմբեր իր ընկերներին։ Այդ գաղափարը նրա զոհվելուց մեկ տարի անց՝ 2021 թվականի հոկտեմբերի 4-ին իրագործեցին Լիլիթ Իշխանյանը և Գեւորգի ընկերները ու անվանեցին Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոց։ Այսօր՝ հոկտեմբերի 14-ին  Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում Գիտելիքի դպրոցի 4-րդ շրջափուլի շրջանավարտների վկայականների շնորհման արարողությունն էր։ 

Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Ափոյանը, դպրոցի ղեկավար Լիլիթ Իշխանյանը, Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը և այլք։ 

Միջոցառման ժամանակ հայտարարվեց երկու կրթամրցանակի մասին՝ «Գիտելիք» դրամական մրցանակ և Վահե Սահակյանի անվան մրցանակ։ 

Լիլիթ Իշխանյանի խոսքով, գիտելիքի դպրոցի շրջանակներում փորձում են ուսանողներին լսարանից դուրս նոր հմտություններ ստանալու, անձնական աճի, հաղորդակցման հնարավորություն տալ և լինեն մեդիագրագետ։ «Մենք կարևորում ենք դպրոցը և  փորձում ենք պրոֆեսիոնալ աշխատել։ Մեր դպրոցն արդեն իսկ ունեցել  է 649 շրջանավարտ, այսօր նրանցից 201-ը կստանան իրենց հավաստագրերը»,- ասաց Լիլիթ Իշխանյանը։

«Ես վստահ եմ, որ դուք այստեղից ավելին եք տանելու, քան այն փաստաթուղթը, որ հաստատում է՝ դուք ավարտել եք դպրոցը։ Ես ձեզ հաջող ընթացք եմ մաղթում, ուրախ եմ, որ ձեր օգնությամբ մենք կարողացանք հերթական շրջափուլը ավարտել և վստահ եմ, որ հաջորդ շրջափուլերը լինելու են էլ ավելի լավը»,- շրջանավարտներին ասաց Դավիթ Ափոյանը։

Գեւորգի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը վստահեցրեց, որ  Գիտելիքի դպրոցը դեռ իր 50-ամյակն է տոնելու․ «Գիտելիքի դպրոցը տոնում է իր 4-ամյակը, որի ետևում անսահման նվիրում, սեր, հոգատարություն և պետության նկատմամբ պարտավորություն կա, առանց այդ ամենի Գիտելիքի դպրոցը չէր կարող դառնալ 4 տարեկան, և այդ ամենը՝ Գևորգի ընկերների շնորհիվ։ Գիտելիքի դպրոցը մի մեծ ընտանիք է, որտեղ մարդիկ բացի գիտելիքից ձեռք են բերում սեր ու նվիրում»։ 

Նաիրա Հովսեփյանը հաղթողին անձամբ հանձնեց «Գիտելիք» կրթամրցանակը։ Կրթամրցանակի հաղթողը դպրոցի երեք շրջափուլերի  շրջանավարտ Նելլի Խաչատրյանն էր։ «Մեծ պատիվ է ինձ համար, որպես Գևորգ Արշակյանի անվան դպրոցի շրջանավարտ ստանալ այս մրցանակը և  պատասխանատվություն է՝ ձգտելու ավելիին, իրացնելու այն պոտենցիալը, որը դասընթացավարները նկատել են իմ մեջ»,- ասաց նա։

Վահե Սահակյանի անվան տնտեսագիտական կրթամրցանակի հաղթողի մասին առաջիկա օրերին կհայտնեն Գիտելիքի դպրոցի ֆեյսբուքյան էջում։ 

Հաջորդիվ տեղի ունեցավ «Սահմաններից դուրս, բացահայտելով ոչ ֆորմալը» խորագրով պանելային քննարկում, որի բանախոսներն էին՝ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը, ԿՏԱԿ PR մասնագետ Էլինա Արեստակեսյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մերի Վարդումյանը, «Ապագա Հայկականը» հիմնադրամի փորձագիտական խմբերի համակարգող Դավիթ Աքելյանը,  ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի դասախոս Հասմիկ Չալոյանը։ Քննարկման թեմաների ընդգրկումը լայն էր՝ արհեսատական բանականությունից մինչև ֆորմալ կրթություն։ 

Հանրային խոսքի հմտությունների դասընթացավար Դավիթ Թովմասյանն ընդգծեց, որ այս դպրոցի հիմքում գաղափար կա՝ հավատ դեպի մեր ուժեղ պետականությունը։ «Այն մարդը, ում անունով այս դպրոցը կոչվել է, բացառիկ պետականամետ մտածելակերպի կրող էր։ Մենք ընկերներով փորձում ենք փոխանցել այն գաղափարները, որոնցով Գևորգը վարակում էր մեզ։ Հանրային խոսքի դասընթացը սերտ առնչություն ունի ամենատարբեր առարկաների հետ, որը տալիս է համալիր գիտելիքներ»։

Միջոցառման ավարտին հավաստագրեր հանձնվեցին դասընթացավարներին և շրջանավարտներին։

Դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ սոցոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Մերի Հաջյանի խոսքով, դասընթացի շրջանակներում հնարավորություն ստացել կյանքի կոչել իր բոլոր գաղափարները․ «Մենք դուրս ենք եկել մտահորիզոնի սահմաններից ու ոգեշնչվել ենք նոր մտքեր իրականացնելու։ Ես շատ կցանկանայի, այս դպրոցում արդեն հանդես գալ որպես դասավանդող»։

Մեկ այլ շրջանավարտ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Ալբերտ Սահակյանը նշեց, որ 2-րդ շրջափուլի տպավորություններից հետո չէր կարող չդիմել 3-րդ, 4-րդ շրջափուլին. «Ակնկալում էի գաղափարակից ընկերներ գտնել, և այդ առումով Գիտելիքի դպրոցն իրեն արդարացրեց։ Մյուս շրջափուլերին նույնպես դիմելու եմ»։

Միջոցառումն ավարտվեց միասնական լուսանկարներով։

Տեքստը եւ լուսանկարները՝ Սիլվի Շահբազյանի

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter