HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոչ ամբողջական գույքագրում, գնահատում ու գույքի վաճառք. մի սնանկության գործի պատմություն

«Արթուն» ԲԲԸ-ն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ․ հուլիսի վճռով սնանկ է ճանաչվել: Սակայն ընկերության շուրջ աղմուկը դեռ չի դադարում: Ներկայացուցիչները պնդում են, որ ընկերության գույքը վաճառվել է էժան գնով՝ չգույքագրելով ու չգնահատելով ամբողջ ծավալով: 

«Արթուն» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը: Դատարանի 2020թ․ մարտի որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը: Ընկերության տնօրեն և 51,7% բաժնետեր Հմայակ Հարությունյանը մոտ 48 մլն դրամի պահանջով, ըստ ընկերության ներկայացուցիչների, գրանցվել է ամենախոշոր պարտատեր:

2023թ․ սեպտեմբերի 1-ի ակտով կատարվել է ընկերության գույքագրում: «Արթուն» ԲԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Գագիկ Գրիգորյանը պարզել է՝ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի հասցեում ընկերությանը պատկանող անշարժ գույքից գույքագրվել են միայն 18 հա մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող 2314.7քմ շինությունը: Կառավարիչը չի գույքագրել նույն հասցեում գտնվող ընդհանուր 16 միավոր անշարժ գույք, այդ թվում՝ պահեստներ, արտադրամաս, վարչական շենքեր և այլն: 

Փաստաբանի պնդմամբ՝ վերը նշված գույքի ամբողջական գնահատում ևս չի իրականացվել: Մասնավորապես, գնահատվել է միայն 18հա մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող 2314.7քմ շինությունը, ինչպես նաև նույն հասցեում գտնվող այլ գույքի մի մասը: Սեփականության վկայականում ներառված 7 միավոր անշարժ գույքը չի ներկայացվել գնահատման։

«Բիզնես Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից գույքերի գնահատման վերաբերյալ 2023թ․ սեպտեմբերի վերջին տրամադրվել է գնահատման հաշվետվություն, որտեղ բացակայում է «Արթուն» ԲԲԸ-ի սեփականության վկայականի շինության տվյալները պարունակող 9-րդ էջը: Հենց այդ էջում է եղել գնահատման չներկայացված անշարժ գույքը: 

Ըստ այդ հաշվետվության՝ գնահատված գույքի շուկայական արժեքը 2023թ. օգոստոսի 15-ի դրությամբ մոտ 2 մլրդ 896 մլն դրամ է եղել, որից 1 մլրդ 230 մլն դրամը միայն հողամասի կադաստրային արժեքն է: Ընկերության փաստաբանները նշում են, որ կառավարիչը պարտապան ընկերության անշարժ և շարժական գույքի գույքագրում իրականացրել է 2023թ. սեպտեմբերի 1-ին, սակայն, գույքը գնահատվել է նույն տարվա օգոստոսի 15-ին, երբ կառավարիչը դեռ չէր պարզել, թե «Արթուն» ԲԲԸ-ն ինչ ծավալի գույք ունի: 

Դատարանի 2023թ․ հուլիսի 24-ի որոշմամբ սկսվել է ընկերության լուծարման վարույթը: Կառավարիչը հրավիրել է պարտատերերի ժողով՝ Արին Բերդի հասցեում գտնվող անշարժ գույքը ուղղակի գործարքով՝ մոտ 1 մլրդ 665 մլն դրամ գումարով, «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ին վաճառելու օրակագրային հարցով՝ առանց հստակեցնելու նշված հասցեում գտնվող և ուղղակի գործարքով վաճառքի ենթակա կոնկրետ անշարժ գույքը։

Գագիկ Գրիգորյանն ասում է, որ նշված ժողովի մասին ընկերության ամենախոշոր պարտատեր Հմայակ Հարությունյանը չի ծանուցվել, նրան ծանուցել են որպես ընկերության  տնօրեն։ Իսկ ժողովում կառավարիչը Հմայակ Հարությունյանին թույլ չի տվել մասնակցել քվեարկությանը՝ պնդելով, որ վերջինս՝ որպես պարտապանի տնօրեն, ձայնի իրավունք չունի, մինչդեռ նա այդ ժողովին մասնակցում էր նաև որպես պարտատեր, և իր քվեարկությունը կարող էր վճռորոշ լինել գույքի վաճառքի հարցում։

Փաստաբանը նշում է, որ ժողովին մասնակցած 4 խոշոր պարտատերերից ուղիղ վաճառքին կողմ են քվեարկել միայն Պետական եկամուտների կոմիտեն և մի քաղաքացի: 

«ՊԵԿ-ը ընդհանրապես քվեարկող ձայնի իրավունք չի ունեցել և չունի, քանի որ սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովին, որը տեղի է ունեցել 2020թ․, չի մասնակցել, հետևաբար ուղղակի գործարքը չէր կարող հաստատվել և կատարվել»,- ասում է «Արթուն» ԲԲԸ-ի փաստաբան Գագիկ Գրիգորյանը:

Կառավարչի կողմից 2023թ․ հոկտեմբերին դատարան է ներկայացվել միջնորդություն՝ ընկերության գույքի վաճառքն իրականացնելու մասին՝ դարձյալ չնշելով սեփականության վկայականում ներառված և ուղղակի գործարքով վաճառքի ենթակա անշարժ գույքը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ անշարժ գույքը պետք է վաճառվի: Դատարանը թույլատրել է կառավարչին «Մեծ մայրիկ» ՍՊԸ-ին վաճառել «Արթուն» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Արին-Բերդի հասցեում գտնվող 18 հա հողամասը՝ անշարժ գույքով, առանց հստակեցնելու, թե որ անշարժ գույքերի մասին է խոսքը: Դատարանի որոշմամբ (դատավոր՝ Լիլիթ Կատվալյան) վերացվել են գույքի նկատմամբ ավելի վաղ կիրառված բոլոր սահմանափակումները: 

Սնանկության կառավարչի և «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ի միջև 2023թ․ նոյեմբերի 21-ին ստորագրվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որում որպես գնորդին հանձնման ենթակա անշարժ գույք, բացի հողամասից, նշվել է մեկ շինություն, որին վերագրվել է 11157.3 քմ մակերես։ «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ին Կադաստրի կոմիտեն տրամադրել է սեփականության վկայական, որում իբրև առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված շինություններ և շենքեր հանդիսացող անշարժ գույք, փաստաբանի փոխանցմամբ, նշված են բոլոր չգույքագրված և չգնահատված շենք-շինությունները՝ իրենց ծածկագրերով, ինչպես նաև հաշվետվությամբ գնահատված 2314,7 քմ մակերեսով շինությունը։

«Արթուն» ԲԲԸ-ի փաստաբան Գ․ Գրիգորյանը նշում է՝ թե ընկերությանը ժամանակին տրված սեփականության վկայականում, թե «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ին տրված վկայականում, առուվաճառքի պայմանագրում հիշատակված շինությունը 287.9քմ արտադրամաս է, և նշված կադաստրային ծածկագրով 11157.3 քմ մակերեսով շինություն երբևէ գոյություն չի ունեցել։ Փաստաբանի գնահատմամբ՝ կառավարիչը «Արթուն» ԲԲԸ-ին պատկանող անշարժ գույքերի մեծ մասը, ըստ էության, անհատույց ի սեփականություն հանձնել է «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ին։

«Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ն 2024թ․ մայիսին Երևանի քաղաքապետարանից ստացել է Արին Բերդի հասցեում գտնվող բոլոր շինությունները և շենքերը քանդելու թույլտվություն։

Կառավարչի գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել փաստաբան Դավիթ Դալլաքյանը: Վերջինս այդ հաղորդման մեջ անդրադարձել է նաև  Սնանկության դատարանին՝ նշելով, որ դատարանն իր հերթին, կա՛մ անփութությամբ, կա՛մ դիտավորությամբ թույլատրել է կառավարչին ուղղակի գործարքով իրականացնել գույքի վաճառքը: Փաստաբան Դալլաքյանը նշել է, որ ուսումնասիրելով գնահատման հաշվետվությունը՝ ակնհայտ է, որ գնահատումն իրականացվել է զուտ փաստաթղթային, առանց գնահատողի կողմից գույքի փաստացի հետազոտման, քանի որ այլ տարբերակում չէին կարող գնահատվել նշված 18 հա հողատարածքի վրա կառուցված միայն որոշ շինություններ, իսկ շինությունների մեծ մասը դուրս մնալ գնահատման հաշվետվությունից:

Դալլաքյանի դիտարկմամբ, եթե ընդունեն, որ նշված թերություններով հանդերձ գնահատողի կողմից շենք-շինության արժեքը որոշվել է ճիշտ մեթոդաբանության կիրառմամբ և համապատասխանում է իրական շուկայական արժեքին, ապա ստացվում է, որ չի գնահատվել մոտ 579 մլն դրամի շենք-շինություն, այսինքն՝ «Արթուն» ԲԲԸ-ին  պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

«Կառավարիչը, ունենալով հնարավորություն պարտապան ընկերությանը չզրկելու կենսունակությունից, որը ընկերության լավագույն շահն է, իսկ կառավարիչը պարտավոր է գործել այդ կանխավարկածով, վաճառել է ընկերության ամբողջ անշարժ գույքը՝ ընկերությանը զրկելով հետագա գործունեության հնարավորությունից»,- նշված է Դ. Դալլաքյանի հաղորդման մեջ:

Փաստաբանի պնդմամբ՝ կառավարիչը չի գնահատել ընկերության շարժական գույքը, որի վաճառքից ստացված գումարները կարող էր ուղղել պարտավորությունների մարմանը և դրանով ավելի նպաստավոր իրադրություն ստեղծել պարտապան ընկերության համար: Ավելին, արտադրամասի սարքավորումները, մնացել են արդեն վաճառված տարածքում, և հայտնի չէ դրանց ճակատագիրը։

«Արթուն» ԲԲԸ-ի տնօրեն և 51,7% բաժնետեր Հմայակ Հարությունյանը հայտնել է, որ ընկերության տարածքում տարիներ ի վեր տեղադրված են եղել ինչպես ընկերությանը, այնպես էլ իրեն պատկանող շարժական գույք, մասնավորապես՝ շարժական տնակներ և տարբեր շինարարական կոնստրուկցիաներ: «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները «Արթուն» ԲԲԸ-ին պատկանող 18 հա հողամասով անշարժ գույքը ձեռք բերելուց հետո, չեն թույլատրել Հմայակ Հարությունյանին տիրապետել, տնօրինել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող շարժական գույքը:

Փաստաբան Դավիթ Դալլաքյանն այս մասին ևս հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին: «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը նույնպես համակերպվել է այն մտքի հետ, որ Երևան քաղաքի Արին Բերդի հասցեում գտնվող 180.000 քմ հողամասի հետ օտարել է նաև շարժական գույքը, այնինչ վերջինս պարտավոր էր իրացնել նաև նշված գույքը և այն էլ առաջին հերթին՝ նախքան անշարժ գույքը իրացնելը»,- նշված է հաղորդման մեջ:

Կառավարիչը, ըստ հարկային տեղեկագրի, պաշտոնից ազատել է ընկերության տնօրեն Հմայակ Հարությունյանին: Ընկերության փաստաբաններն ասում են, որ այդ կերպ Հարությունյանին զրկել են նշված շարժական գույքի ճակատագիրը տնօրինելու, տիրապետելու հնարավորությունից, չնայած գույքը, ի պահ էր հանձնված նրան՝ որպես տնօրենի:

Նշենք, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ պարտապան «Արթուն» ԲԲԸ-ին պատկանող գրեթե ամբողջ գույքը տեղակայված է եղել ընկերությանը պատկանող Արին Բերդի հասցեում։ Հմայակ Հարությունյանը ճանաչվել է տուժող:

««Արթուն» ԲԲԸ-ն Հայաստանում միակ ընկերությունն է, որը զբաղվել է թունելաշինությամբ և նշված 18 հա հողատարածքում ամբողջությամբ գտնվում են թունելաշինության համար յուրահատուկ կոնստրուկցիաներ և սարքավորումներ»,- հայտնում է փաստաբան Դալլաքյանը:

2024թ․ մայիսի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։ Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է Արին Բերդի հասցեում գտնվող անշարժ գույքերը սնանկության կառավարչի կողմից ուղղակի գործարքով վաճառելուն նախորդող և վաճառքին վերաբերող հանգամանքների կապակցությամբ։

Քրեական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել Արին Բերդի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ՝ այդ թվում արգելվել է քանդել շենք-շինությունները: Սակայն, ընկերության իրավաբաններն օրեր առաջ՝ 2024թ. սեպտեմբերի 26-ին, պարզել են, որ արգելադրված գույքն ապամոնտաժվում է: Հաղորդման հիման վրա, փաստի կապակցությամբ սեպտեմբերի 27-ին Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ և միացվել ավելի վաղ հարուցված քրեական վարույթին:

Ընկերության ներկայացուցիչները պարբերաբար նախաձեռնություններով են հանդես գալիս, տարբեր գրություններով նոր տվյալներ են փոխանցում իրավապահներին, իրենց պնդմամբ՝ ցույց տալու համար, որ գույքերի վաճառքի գործընթացը ոչ ճիշտ ճանապարհով է ընթացել, սակայն հանդիպում են խոչընդոտների՝ այդ թվում դատարանում։

Փաստաբան Գագիկ Գրիգորյանը դիմել է Սնանկության դատարան՝ պահանջելով չկնքված ճանաչել «Արթուն» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի և «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ի միջև 2023թ․ նոյեմբերին ստորագրված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, և որպես դրա հետևանք անվավեր ճանաչել նշված գույքի հետ կապված «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի բոլոր պետական գրանցումները: Փաստաբանը նաև միջնորդություն է ներկայացրել սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ, սակայն դատավոր Լիլիթ Կատվալյանը մերժել է: 

Դատավոր Կատվալյանը սկզբում, որպես հայցի ապահովման միջոց, արգելել է «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ին՝ «Արթուն» ԲԲԸ-ին պատկանած անշարժ գույքի հետ կապված կատարել  տնօրինման կամ քանդման գործողություններ։ Սակայն կարճ ժամանակ անց դատավորը «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ի պահանջով ԲԲԸ-ին պարտավորեցրել է, որպես հնարավոր վնասի ապահովում, մոտ 323 մլն դրամ վճարել դատարանի դեպոզիտ հաշվին՝ պայմանով, որ այդ գումարը չվճարելու դեպքում նշված արգելանքները կվերացնի։ Փաստաբան Գ. Գրիգորյանը պնդում է, որ դատավորը դա կատարել է ի սկզբանե իմանալով, որ սնանկ ճանաչված «Արթուն» ԲԲԸ-ն ոչ ֆինանսապես և ոչ էլ իրավաբանորեն այդ գումարը վճարելու հնարավորություն չունի։ Դատավորը իմանալով, որ «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ին տրված է նշված անշարժ գույքերը քանդելու թույլտվություն և գիտակցելով, որ նշված արգելանքները հանելու դեպքում «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ն շարունակելու է քանդել այդ անշարժ գույքը՝ վերացրել է նշված արգելանքները՝ անտեսելով, որ այդ գույքի քանդման դեպքում այս գործի քննությունը կիմաստազրկվի։ 

2024թ. օգոստոսին դարձյալ դիմելով Սնանկության դատարան՝ Գ. Գրիգորյանը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի անգործությունը, քանի որ ամբողջ անշարժ գույքը «Արթուն» ԲԲԸ-ի գույքային զանգված վերադարձնելն ապահովող հայց դատարան չի ներկայացրել, ինչպես նաև ընկերության հասցեում գտնվող ողջ անշարժ և շարժական գույքը գնահատման ներկայացնելու վերաբերյալ չի տրամադրել համապատասխան փաստաթղթեր:

Փաստաբանը գնահատման հաշվետվության անարժանահավատության մասին կառավարչի անգործության և գործողությունների դեմ բողոքներ ներկայացրել է՝ հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի պետի տեղակալի 2024թ. հուլիսի 30-ի գրությունն այն մասին, որ կոմիտեի մասնագիտական հանձնաժողովն ուսումնասիրել է անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, և կայացրել է մասնագիտական եզրակացություն։ Վերջինիս համաձայն՝ շենք-շինությունների մակերեսները մոտ 2 անգամ ավել են, քան գնահատվել են գնահատման հաշվետվությամբ: Բացի այդ, նշված է, որ շինությունների մակերեսների ուղղումը հիմնավոր չէ, քանի որ բոլոր շինությունները տեղ չեն գտել հաշվարկում:

«Վերոնշյալ խախտումները բերել են գնահատված արժեքի անարժանահավատության»,- նշված է Կադաստրի կոմիտեի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության մեջ: 

Դատավոր Լիլիթ Կատվալյանը մերժել է նաև փաստաբանի այս պահանջը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ բողոքին կից չի ներկայացվել դրա պատճենը կառավարչին ուղարկելու և այն վերջինիս կողմից ստանալու վերաբերյալ ապացույց: Սա այն դեպքում, երբ օրենքը չի նախատեսում ստանալու վերաբերյալ ապացույցի ներկայացում, այլ միայն կողմին ուղարկելու վերաբերյալ ապացույց, ինչն էլ փաստաբան Գ. Գրիգորյանն իրականացրել էր: Սակայն, դատարանը որոշել է օրենքից դուրս կարգավորումներ «ներմուծել»՝ մերժման հիմք ստեղծելու համար: Դատավորի շարունակական նման պահվածքը հիմք է տալիս ընկերության փաստաբաններին կասկածելու, որ դատավորը կաշկանդվածություն ունի:

Ընկերության փաստաբանները դիմել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, սակայն դեռևս որևէ շոշափելի արդյունքի չեն հասել: Մինչ օրս որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել, ինչը տարակուսանք է առաջացնում փաստաբանների մոտ։

Սնանկության կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանն ասաց, որ մեր հարցերին կպատասխանի իր ներկայացուցիչը՝ փաստաբան Արթուր Ապիկյանը։ Վերջինս համաձայն չէ «Արթուն» ԲԲԸ-ի ներկայացուցիչների «մեղադրանքներին»։ Նշում է, թե վերջիններս տարատեսակ գործընթացներ են սկսում՝ բաց թողնելով դատավարական ժամկետները, ինչը անհեռանկարային է դարձնում դրանք: «Արթուն» ԲԲԸ-ն տարիներ շարունակ չի կատարել իր պարտավորությունները պետության և աշխատակիցների նկատմամբ: Դատարանը տվել է 3 տարի ժամանակ, որ սեփական նախաձեռնությամբ վաճառի գույքը և կատարի պարտավորությունները։ Սակայն, այդ ընթացքում պարտավորությունները չեն կատարվել։

Փաստաբան Արթուր Ապիկյանի խոսքերով՝ «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ի և «Արթուն» ԲԲԸ-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հողը վաճառվի։ Քանի որ ընկերությունը սնանկ է ճանաչված, ինքնուրույն չէին կարող գործարք կնքել: «Մեծ Մայրիկ» ընկերությունը դիմել է դատարան, որպեսզի թույլ տան այդ գույքը ուղղակի վաճառքով վաճառել իրեն, դատարանն էլ թույլ է տվել, վաճառքն իրականացվել է սնանկության կառավարչի միջոցով։ Ապիկյանի ասելով, երբ ընկերությունների միջև բանակցություններ են եղել գույքը վաճառելու հետ կապված, վաճառքի ավելի ցածր գին է առաջարկվել, քան վաճառվել է կառավարչի միջոցով։

Ապիկյանն ասում է, որ գույքագրման աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են, որին ներկա են եղել նաև «Արթուն» ԲԲԸ-ի տնօրենն ու ներկայացուցիչը։ Նրանք այդ ժամանակ որևէ առարկություն չեն ներկայացրել։ Փաստաբանը պնդում է, որ «Արթուն» ԲԲԸ-ի Արին Բերդի հասցեի գույքը նաև ամբողջական գնահատվել է։ Գույքագրվել է նաև շարժական գույքը, սակայն այն գնահատման չի ներկայացվել, քանի որ դարձյալ էական արժեք չի ներկայացրել:

«Ամբողջ գույքը գույքագրվել է, ուղղակի քառակուսին քիչ է գրվել, բայց դա չի նշանակում, որ այդտեղի գույքը չի գույքագրվել ու չի գնահատվել։ Սեփականության վկայականի վերջին էջը ընկերության տնօրենը կառավարչին չի տրամադրվել, ինչ ունեցել ենք, տվել ենք գնահատողին՝ գնահատել է»,- ասում է Ա․ Ապիկյանը, հավելելով, որ այդ տարածքի ընդերքն ամուր չէ, ճահճային հատված կա, ինչը վնասել է շենք-շինությունները, հետևաբար դրանք արժեք չեն ներկայացրել։

Անդրադառնալով նաև հարցին, որ Կադաստրի կոմիտեի մասնագիտական հանձնաժողովը անարժանահավատ է համարել գնահատումը, Արթուր Ապիկյանն ասաց, որ գուցե ընթացակարգային խախտումներ եղել են, սակայն  ամեն խախտում չէ, որ հանգեցրել է իրավունքի խախտման։ Փաստաբանը նշում է, որ եթե ԲԲԸ-ն համաձայն չէր գնահատման արդյունքներին, կարող էր փորձաքննություն պատվիրել։

Արթուր Ապիկյանն ասում է՝ անհիմն են պնդումները, որ սնանկության կառավարիչը ընկերության շահերից չի գործել: Անդրադառնալով հարցին, թե ինչու Հովհաննես Սողոմոնյանը սկզբում շարժական գույքը չի իրացրել, այնուհետև՝ անշարժ գույքը, փաստաբանը պատասխանում է, թե օրենքով սահմանված չէ հերթականություն, հետևաբար այդպես է վաճառվել:

«Մեծ Մայրիկ» ընկերության փաստաբան Սոնա Ասատրյանն ասում է, որ իր վստահորդն այս պատմության հետ որևէ կապ չունի, պարզապես գույք է ձեռք բերել, սակայն գործընթացներից մեծ վնաս է կրում: Նշում է, թե չի կարողանում ներդրումներ իրականացնել, քանի որ արգելանքներ են դրված:

«Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ի մյուս փաստաբանը՝ Հրանտ Անանյանը ևս նշում է, որ ընկերությունը վնասներ է կրում: Ավելին, պնդում է, որ իրական արժեքից մեծ գումարներ է վճարել, քանի որ ինչպես հետագայում են պարզել փորձաքննություններով, ձեռք բերված գույքն ու դրա վրա առկա շենք-շինություններն իրականում այդ արժեքը չեն ունեցել:

Ի տարբերություն սնանկության կառավարչի փաստաբանի, Հրանտ Անանյանն ասում է, որ շենք-շինությունների գնահատումն իրականացվել է մոտավոր, ինչը լուրջ հարց է ամբողջ Հայաստանի տարածքում: Նրա խոսքերով, խորքային գնահատումները թանկ արժեն, եթե արվեր, վնաս կկրեր հենց «Արթուն» ԲԲԸ-ն, քանի որ գույքի արժեքը կնվազեր: Փոխարենը իրենք են իրականացրել գույքի փորձաքննություն և պարզել են, որ ձեռք բերված հողատարածքի տակ ճահճային հատված կա, իսկ վաճառքի ժամանակ արժեք վերագրված անշարժ գույքերն իրականում 3-5-րդ կարգի վթարայնություն ունեն և ենթակա են ոչ թե վերականգնման, այլ՝ քանդման: «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ն լուրջ ծախսեր պետք է իրականացնի նաև, որ այդ շինությունները քանդի, դրանք ջրի մեջ կորած են:

Անանյանը ևս պնդում է, որ ներկայացված բողոքներն ու հայցադիմումներն առարկայազուրկ են, քանի որ ոչ միայն բաց են թողնվել դատավարական ժամկետները, այլև հիմքերն են թույլ:

Ինչ վերաբերում է վաճառքի օրինականությանը, երբ ժողովին մասնակից չի դարձել «Արթուն» ԲԲԸ-ի պարտատերերից Հմայակ Հարությունյանը և զրկվել ձայնի իրավունքից, Հ. Անանյանն ասում է, որ նա տարբեր հերթերում գրանցված պարտատեր է, և դրանք մեխանիկորեն գումարելով՝ չի կարող դառնալ հիմնական պարտատեր: Ըստ նրա՝ հենց այդ պատճառով նա խոշոր 5 պարտատերերի ցանկում չի ընդգրկվել:

«Արթուն» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանը նշում է, որ սնանկության կառավարչի ու գույքը ձեռք բերող ընկերության ներկայացուցիչները մանիպուլացնում են: ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տարբեր հերթերում գրանցված պարտատեր լինելը այդ պարտատիրոջ ձայնի իրավունքի և դրա չափի վրա որևէ ազդեցություն չունի»,- նշում է Գ. Գրիգորյանը և հավելում, որ իրենք բողոքներ են ներկայացրել այն հարցերով, որտեղ դատավարական ժամկետները բաց չեն թողել: Իսկ ինչ վերաբերում է գույքի անպիտան լինելուն, ապա Գրիգորյանի պնդմամբ՝ նույնիսկ եթե հողի վրա առկա շինությունները վթարային են եղել, միևնույն է որևէ արժեք են ներկայացրել՝ թեկուզ որպես շինանյութ, հետևաբար պետք է ամբողջությամբ գույքագրվեին և գնահատվեին, ինչը չի արվել:

Գլխավոր լուսանկարում՝ Հովհաննես Սողոմոնյանը և Լիլիթ Կատվալյանը

Գլխավոր լուսանկարը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter