Վաղը մեկնարկում է «Պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնը»
Մայիսի 31-ից հունիսի 3-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոն», որի կազմակերպիչը Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրն է:
Երաժիշտ-կատարողների ներկայացուցչական այս հավաքին կմասնակցի մինչև 18 տարեկան 31 պատանի Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից: Մասնակիցների շարքերում կան միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ, ովքեր բազմիցս հանդես են եկել աշխարհի տարբեր բեմերում:
Երևանյան փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 31-ին' ժ. 18.00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այդ օրը պատանի երաժիշտները հանդես կգան թե մենանվագ կատարումներով, թե Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ:
Հունիսի 1-ին և 2-ին երևանյան հանդիսատեսը նույն համերգասրահում կունկնդրի պատանի երաժիշտների կատարումները (սկիզբը՝ ժ. 18.00): Փառատոնի հանդիսավոր փակումը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ պատանի մենակատարների համերգը տեղի կունենան հունիսի 3-ին' ժամը 17:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հայաստանին ծանոթանալու նպատակով պատանի երաժիշտ-կատարողների համար փառատոնի օրերին կկազմակերպվեն մշակութային ճանաչողական ծրագրեր և էքսկուրսիաներ:
Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի աջակցությամբ: Փառատոնի հովանավորներն են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Հարավկովկասյան երկաթուղին», «Կակտուս» մեքսիկական բար-ռեստորանը և «Աֆրիկյանների պանդոկը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել