
Չեխիան Ռուսաստան կվերադարձնի իր դեսպանին
Չեխիան Ռուսաստանում նոր դեսպան է նշանակել, որը 2025 թվականի առաջին ամիսներին կժամանի Մոսկվա։ Այդ մասին հայտնում է České noviny պարբերականը։
Մոսկվայում Պրահայի շահերը կներկայացնի այդ երկրի պաշտպանության նախկին փոխնախարար Դանիել Կոշտովալը։ Նա արդեն իսկ ստացել է իր ագրեմանը՝ այդ երկրում չեխական դիվանագիտական առաքելությունը գլխավորելու Մոսկվայի համաձայնությունը։
Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո Չեխիան խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչել իր դեսպանին ու այդ ժամանակվանից ի վեր Մոսկվայում չեխական դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Դեսպանի վերադարձը Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին բացատրել է նրանով, որ Չեխիայի խոշորագույն դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան դեսպաններ ունեն Մոսկվայում:
Ռուսաստանում Չեխիայի նախկին դեսպանը Վիտեզսլավ Պիվոնկան էր, որն այդ պաշտոնը լքել էր 2024 թվականի մայիսի վերջին։
Լուսանկարը՝ Shamil Zhumatov/Reuters
Մեկնաբանել