
Արցախցիների ժամանակավոր պաշտպանության վկայականի ժամկետը երկարաձգվեց մեկ տարով
Կառավարությունն նախատեսում է մոտ մեկ տարով երկարացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրվող ժամանակավոր պաշտպանության վկայականի ժամկետը։ Այն տրվում էր մեկ տարով։ Որոշմամբ նախատեսում են ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը երկարաձգել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։
Անցած տարի Կառավարությունը որոշել էր ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել և փախստական ճանաչել։ Որոշմամբ ամրագրված էր փաստաթուղթը տրամադրել ԼՂ բնակչության ռեգիստրում հաշվառվածներին, անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, և նրանց, ովքեր չունեն հաշվառում, բայց բնակվել են ԼՂ-ում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը և բռնի տեղահանությունից հետո հաշվառվել են ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի որոշմամբ 070 կոդով անձնագիրը ճանաչվել էր որպես փախստականի անձը հաստատող փաստաթուղթ և սահմանվել, որ ՀՀ տարածքից դուրս այն վավեր է միայն փախստականի վկայականի հետ միասին գործածելու պարագայում։
Սակայն, մի շարք դեսպանատներում, ըստ Արցախի ՄԻՊ Գեղամ Սարգսյանի, մուտքի արտոնագիր չեն տրամադրում 070 կոդով անձնագիր ունեցող անձանց։
Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից/հեղ՝ Ալյոնա Հայրապետյան, Ստեփանակերտ, 26.09.2023
Մեկնաբանել