HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Դպրոցի տնօրենը նոր պահանջ ունի «7 օր»-ից

Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հայցով դատական նիստն ընդդեմ «7օր» (www.7or.am) լրատվամիջոցի: 

Հիշեցնենք, որ «7օր»-ը այս տարվա ապրիլի 16-ին հրապարակել է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի վերաբերյալ «Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենը ուսուցիչներից 100 դոլա՞ր է պահանջում» վերնագրով նյութը` նույն դպրոցի ծնողների ահազանգով, որ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն առաջին դասարանի ուսուցիչներից 100-ական դոլար է պահանջում։

Սակայն հաջորդ օրը' ապրիլի 17-ին, «7 օր»-ը որոշ կրճատումներով «Հերքում» խորագրի ներքո' «Ձեզ զանգահարողները ոչ թե դժգոհ ծնողներ են, այլ դպրոցից ազատված 2-3 նախկին ուսուցչուհիներ» վերնագրով հրապարակել է Ռուզաննա Ազիզյանի փաստաբան Արշակ Թովմասյանից ստացված պարզաբանումն առ այն, որ «7օր» լրատվամիջոցին ահազանգողները ոչ թե դժգոհ ծնողներ են, այլ դպրոցից ազատված 2-3 նախկին ուսուցչուհիներ, որոնք «հալածյալի» կերպարանք ընդունած ամեն կերպ փորձում են վարկաբեկել թե Ռ. Ազիզյանին և թե դպրոցի ողջ կոլեկտիվին:

Այսօրվա նիստին հայցվորի ներիայացուցիչ Արշակ Թովմասյանը դատարանին ներկայացրեց հայցի առարկան և հիմքը, ինչպես նաև ապացույցներ` «7 օր»-ի վերոնշյալ 2 հոդվածները, ինչպես նաև 28.06.2012թ.-ի «Սերժ Սարգսյանի համակուրսեցին դատի է տվել «7օր»-ին և փող է պահանջում» հոդվածը: Հայցվորը նաև փոփոխել էր հայցապահանջը, այն է՝ «7օր»ից պահանջում է վիրավորանքի և զրպարտության համար 300 հազար ՀՀ դրամ` գումարած նախկինում փաստաբանական ծախսերի համար պահանջվող 100 հազար դրամին:

Պատասխանող «7օր»-ի ներկայացուցիչ և «Թևանյան»ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Թևանյանը դատարանին հայտնեց, որ իրենց հանդեպ հայց չպետք է ներկայացվեր, քանի որ իրենք կատարել են օրենքով նախատեսված բոլոր գործողությունները, այն է` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8–րդ հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան հրապարակել են հերքում: Ինչպես նաև ավելացրեց, որ իրենք վիճահարույց հոդվածում իրենց ստացված ահազանգը ոչ թե հաստատել են, այլ ստացված տեղեկատվությունը հարցական նշանով են հրապարակել։

Սակայն Ա.Թովմասյանը դատարանին հայտնեց, որ «7օր»-ին ուղարկած իր նամակում նա միայն պարզաբանում է արել, այն ներկայացված չի եղել որպես հերքում, իսկ «7օր»-ն այն ամբողջությամբ չի հրապարակել, այլ կրճատել է: Փաստաբանը նաև ավելացրեց, որ «7օր»-ը իր հոդվածներով ցանակացել է վիրավորել և զրպարտել Ռուզաննա Ազիզյանին՝ մեղադրելով քրեորեն պատժելի արարքի` կաշառք վերցնելու մեջ:

Ա.Թևանյանը դատարանին հայտնեց, որ Ա.Թովմասյանի կողմից ստացված պատասխանն իր ծավալով մի քանի անգամ գերազանցել է հրապարակված լուրի ծավալին, դրա համար էլ իրենք կրճատել են խնդրո առարկային չվերաբերող որոշ հատվածներ:

Դատավոր Ա.Կուբանյանը դատաքննության փուլ անցնելու և ապացուցման բեռի հարցը բաշխելու  նպատակով դիմեց կողմերին: Ա.Թովմասյանը պատասխանեց, որ իրենք ապացուցելու ոչինչ չունեն, քանի որ արդեն իսկ դատարանին ներկայացրել են այն հոդվածները, որոնցով արատավորվել է հացվորի պատիվն ու արժանապատվությունը: Ա.Թևանյանը նույնպես պատասխանեց, որ ապացուցելու ոչինչ չունի՝ հղում կատարելով Քաղ. օր.-ի 1087.1-ի 10-րդ կետի, ըստ որի` անձը չի կարող դիմել դատարան, եթե «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը: Ա. Թևանյանը վկայակոչեց նաև «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ` հերքման և պատասխանի իրավունքին վերաբերող հոդվածը:

Այսպիով, կողմերն անցան դատաքննության փուլ և հերթական նիստի օր նշանակվեց օգոստոսի 8-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter