
Իրավապահները չեն հայտնում՝ Գյումրու նախկին քաղաքապետի նկատմամբ հետախուզում հայտարարվել է, թե ոչ
Ներքին գործերի նախարարությունից գրավոր հարցում են խնդրում՝ պատասխանելու հարցին՝ արդյոք Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվե՞լ է։ Գյումրի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ընդգրկված «Սև բերդ» ամրոցի հարակից մոտ 20 հա հողերի վաճառքի գործով համայնքի նախկին ղեկավար Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ 70-ամյա նախկին քաղաքապետն այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և իրավապահները դժվար կարողանան իրագործել ձերբակալման որոշումը, հետևաբար ենթադրվում է, որ պետք է հետախուզում հայտարարվի։
Սամվել Բալասանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի փողերի լվացման համար։ Մեկ շաբաթ առաջ էլ՝ հոկտեմբերի 11-ի գիշերը, «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվեց Ս․ Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Վերջինս այժմ տնային կալանքի մեջ է, նրա համար վճարվել է 70 մլն դրամ գրավ։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել է իր և իր մերձավորներին վերաբերող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։
Դրանից հետո ձերբակալվել էր նաև Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինը՝ Ռուբեն Սանոյանը, ով Ս․ Բալասանյանի պաշտոնավարման տարիներին եղել է Գյումրու փոխքաղաքապետը, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի գործող տեղակալ Սուրեն Ջանոյանը։ Վերջինս նույնպես տնային կալանքի մեջ է։ Դատարանի որոշմամբ կիրառվել է 20 մլն դրամ գրավ, իսկ Ռ․ Սանոյանն ազատ է արձակվել։
Նշենք, որ Ս․ Բալասանյանը Գյումրի համայնքը ղեկավարել է 9 տարի և պաշտոնավարումը դադարեցրել 2021թ․-ին։ Թեև նա փաստացի համայնքի ղեկավարը չէ, սակայն համայնքային բարձր օղակներում նրա ազգականներն են՝ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը մորաքրոջ թոռն է, իսկ տեղակալներից մեկը՝ Լուսինե Սանոյանը, Բալասանյանի քրոջ դուստրն է և այլն։
Վիճահարույց հողամասը Գյումրի համայնքին փոխանցվել է սեփականության իրավունքով, որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս, սակայն Ս․ Բալասանյանի ու ավագանու որոշումներով հողամասը նախ օտարվել է Բալասանյաններին մտերիմ անձին, իսկ հետո՝ Ս․ Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։
Քրեական վարույթ նախաձեռնվել է այն հիմնավորմամբ, որ ամրոցին հարակից հողամասն օտարման ենթակա չի եղել, սակայն տարբեր կեղծիքներով այն օտարվել է։
Բալասանյանների և իշխող քաղաքական ուժերի հարաբերությունները վատ չէին։ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, Հանրապետության նախագահի 2023թ․ սեպտեմբերի 5-ի հրամանագրով նշանակվեց Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)։ Սակայն, երբ քաղաքական ուժերի կոալիցիան պառակտվեց, նշանակումից մոտ 4 ամիս անց Միսակ Բալասանյանը հետ կանչվեց դեսպանի պաշտոնից։
Լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ խզվեց «Բալասանյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կոալիցիան։ Մասնավորապես՝ 2021թ․ հոկտեմբերի 17-ին Գյումրի համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո «Բալասանյան դաշինքը» և «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Սակայն քաղաքական այս միությունը երկար «կյանք» չունեցավ։ 2023թ․ դեկտեմբերի 6-ին հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզում է համագործակցության հուշագիրը՝ պատճառաբանելով, որ համայնքում իրականացվում է ստվերային կառավարում։
Մեկնաբանել