
Մակրոնն ազդարարել է Ֆրանսիայում Լիբանանի հարցով միջազգային կոնֆերանսի անցկացման մասին
Ֆրանսիան իր տարածքում հոկտեմբերի 24-ին կանցկացնի Լիբանանին նվիրված միջազգային համաժողով: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան հոկտեմբերի 24-ին Լիբանանին նվիրված միջազգային համաժողով կանցկացնի»,- նշել է Ֆրանսիայի առաջնորդը։ Նրա պնդմամբ՝ խոսքը բացառապես հումանիտար բնույթի միջոցառման մասին է։
France will hold a conference in support of Lebanon and its sovereignty on October 24, as it is an essential cause. Lebanon, a country greater than itself, carries a message of peace and diversity that is valuable to the entire region. pic.twitter.com/kwx6cWDI9o
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) October 18, 2024
Մակրոնի խոսքով՝ խոսքը հարյուր հազարավոր մարդկանց մարդասիրական օգնություն տրամադրելու մասին է, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները իսրայելական գործողությունների պատճառով:
Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ տարաձայնություններին: Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան աջակցում է Հրեական պետությանը, «սակայն այդ հանգամանքն իրեն չի զրկում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ չհամաձայնելու իրավունքից»:
Մի քանի օր առաջ գրել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախարարների խորհրդի փակ նիստում հայտարարել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն պետք է հիշի, որ Իսրայելը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ։ «Պարոն Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ, ուստի այն չպետք է զերծ լինի ՄԱԿ-ի որոշումներից»,- Մակրոնի խոսքերը մեջբերել էր ֆրանսիական Le Parisien պարբերականը։ Մակրոնի համանման արտահայտության մասին գրել էր նաև AFP գործակալությունը։
Իսրայելի վարչապետը մեկնաբանել էր Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությունը: Նեթանյահուն ընդգծել էր, որ Իսրայելը ստեղծվել է իր անկախության համար պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ:
«Հիշեցնում եմ Ֆրանսիայի նախագահին. Իսրայել պետությունը ստեղծվել է ոչ թե ՄԱԿ-ի բանաձևով, այլ Անկախության պատերազմում հերոսական մարտիկների արյամբ ձեռք բերված հաղթանակով, որոնցից շատերը վերապրել են Հոլոքոստը, այդ թվում՝ փրկվել Ֆրանսիայում Վիշիի ռեժիմից»,- Նեթանյահուի խոսքերը մեջբերել էր The Times of Israel-ը։
Լուսանկարը՝ Ludovic MARIN/AFP
Մեկնաբանել