
ԲՐԻԿՍ-ին Բաքվի ու Երևանի միանալը դրական կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների կարգավորման վրա. ՀՀ-ում ՌԴ դեսպան
ԲՐԻԿՍ-ին Երևանի և Բաքվի հնարավոր անդամակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկում։
«Ես նման տեղեկություն չունեմ։ Կարող եմ միայն ավելացնել, որ ապագայում ԲՐԻԿՍ-ի գործունեությանը Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր միացումն օբյեկտիվորեն կմեծացնի միջպետական երկխոսության դաշտը, ինչը դրականորեն կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- նշել է ռուսաստանցի դեսպանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ օգուտներ կարող է ստանալ Հայաստանը, եթե անդամակցի այս կազմակերպությանը` Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանն այդ հարցում կօգնի Հայաստանին։
«Եթե Երևանում հասունանա ԲՐԻԿՍ-ի հետ երկխոսություն հաստատելու որոշումը, ապա մեր հայ բարեկամները կարող են հույս դնել Ռուսաստանի աջակցության վրա»,- հավելել է Կոպիրկինը։
Միևնույն ժամանակ Կոպիրկինը հիշեցրել է, որ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է ներդնել «գործընկեր պետություն» հասկացությունը, որն առանցքային որոշումներ կայացնելիս այդ պետություններին ձայնի իրավունք չի տա, բայց ժամանակի ընթացքում թույլ կտա դառնալ միավորման լիիրավ անդամ: Այս կապակցությամբ ռուսաստանցի դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանը կհամագործակցի 9 պետությունների միավորման հետ։
«Պաշտոնական Երևանի դիրքորոշումն այդ հարցում կձևավորվի նաև Կազան կատարած այցի արդյունքում։ Ակնհայտ է, որ Հայաստանը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, պետք է հստակ հասկանա, թե արդյոք իր շահերին համապատասխանում է այս կամ այն բազմակողմ կառույցին միացումը»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ կազանյան այդ գագաթնաժողովը կկայանա հաջորդ շաբաթ` հոկտեմբերի 22-24-ը։
Լուսանկարը՝ Sputnik գործակալության
Մեկնաբանել