
Ռուսական անօդաչուները հարձակվել են Կիևի վրա
ՌԴ զինված ուժերը հոկտեմբերի 19-ի գիշերը հարվածային անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա։ Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, քաղաքում օդային տագնապի ազդանշանը հնչել է մոտ 3,5 ժամ:
Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ Դնեպրի շրջանում վնասվել է շենքերից մեկի ճակատային հատվածը, մեկ կին էլ ոտքի շրջանից վիրավորում է ստացել։
«ԱԹՍ-ի փոքր բեկորը պատշգամբի պատուհանից ընկել է կնոջ սենյակ»,- փոխանցել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Կլիչկոյի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է նրա տելեգրամյան ալիքում, նշվում է, որ տուժածն ապրում է Կիևի Դարնիցկի շրջանում։
Իր հերթին Պոպկոն պատմել է, որ Դարնիցկի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են մի քանի շենքերի ճակատներ, պատշգամբներ և կոտրվել են պատուհանները: Անօդաչուների բեկորները վնաս են հասցրել նաև մեքենաներին։
Հոկտեմբերի 19-ի առավոտյան Կիևում հայտարարվել էր նաև հրթիռային վտանգ։ Նախազգուշացումը գործել է մոտ երկու ժամ։ Քաղաքին հրթիռային հարվածների մասին, սակայն, չի հաղորդվել։
Լուսանկարը՝ REUTERS/Gleb Garanich
Մեկնաբանել