
Մոլդովայի նախագահական ընտրություններում կլինի 2-րդ փուլ
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, Մոլդովայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոսի շեմը, ինչը նշանակում է, որ այդ երկրում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այդ մասին վկայում են Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։
Քվեաթերթիկների 98,29%-ի հաշվարկի արդյունքում՝ երկրի գործող նախագահ Մայա Սանդուն ստացել է ձայների 41,92%-ը։ Հաջորդ փուլում, որը կկայանա նոյեմբերի 3-ին, նրա մրցակիցը կլինի երկրորդ տեղը զբաղեցրած Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը ստացել է ձայների 26,35%-ը։ Վերջինիս աջակցում է այդ երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի Սոցիալիստների կուսակցությունը։ Ստոյանոգլոն նախկինում զբաղեցրել է Մոլդովայի գլխավոր դատախազի պաշտոնը ու նրա անվան հետ են կապված մեծ հնչեղություն ստացած քրեական մի շարք գործեր։
Moldova has faced an unprecedented assault on our country’s freedom and democracy, both today and in recent months.
— Maia Sandu (@sandumaiamd) October 20, 2024
Ձայների հաշվարկի ընթացքում Մայա Սանդուն հայտարարել է, որ «հանցավոր խմբավորումները», որոնք աշխատում են Մոլդովայի ազգային շահերին թշնամական վերաբերմունք ունեցող «օտար ուժերի» հետ, մտադիր էին 300 հազար ձայն գնել: Նրա խոսքով՝ իր թիմը այս «աննախադեպ մասշտաբի խարդախության մասին» ապացույցներ ունի:
«Նրանց նպատակն էր խաթարել ժողովրդավարական գործընթացը։ Նրանց նպատակն է հասարակության մեջ վախ և խուճապ սերմանել»,- գրել է Սանդուն։ Նա հավելել է, որ սպասում է վերջնական արդյունքների և «կարձագանքի վճռական լուծումներով»:
Ենթադրաբար, Մայա Սանդուն ի նկատի ուներ գործարար Իլան Շորին, որն իր դեմ հարուցված քրեական գործերի պատճառով գտնվում է փախուստի մեջ ու Մոսկվայից ֆինանսավորում է ռուսամետ դիրքորոշում ունեցող մոլդովական ուժերին։
Նախագահական ընտրություններին զուգընթաց Մոլդովայում ընթանում էին նաև Եվրամիությանն անդամակացության նպատակով սահմանադրության մեջ փոփոխությունների հանրաքվեն։ Ձայների ավելի քան 98%-ի հաշվարկի արդյունքում՝ 50,03%-ը կողմ է քվեարկել անդամակցությանը, իսկ 49,97%-ը՝ դեմ։
Ինչպես նշում է BBC News-ը, նախնական հարցումները, որոնք արվել էին հանրաքվեից առաջ, ցույց էին տվել եվրաինտեգրման աջակիցների առավել վստահ հաղթանակը։ Եվրամիությանն անդամակցության կոչ էր անում նաև նախագահ Սանդուն։
Նախագահի մի քանի թեկնածուներ բոյկոտել էին հանրաքվեն, իսկ երկրորդ փուլ դուրս եկած Ալեքսանդր Ստոյանոգլոն հայտարարել է, որ չի պաշտպանում Մոլդովայի սահմանադրությունը փոխելու գաղափարը, թեև հավելել, որ Մոլդովայի «եվրոպական ձգտումների» կողմնակիցն է:
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել