Ի՞նչ ծրագրեր են իրականացվում Սյունիքի մարզում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի հետ այսօր այցելեց Սյունիքի մարզ` ՀԲ աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու, նոր ծրագրերի հնարավորությունները տեղում քննարկելու նպատակով:
Հյուրերը նախ եղան «Որոտանի» կասկադի «Տաթև» ՀԷԿ-ում, ծանոթացան հզորություններին: Տեղում ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից գերմանական KfW բանկի հետ իրականացվող, 51 մլն եվրո արժողությամբ ծրագիրը, որով առաջիկա 5 տարվա ընթացքում նախատեսվում է արդիականացնել և վերազինել «Որոտան» կասկադի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը:
Քաջարանում պատվիրակությունը եղավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում: Տնօրինությունը ներկայացրեց արտադրողական կարողությունները և արդյունահանման ծավալները, առաջիկա ծրագրերը: Ներկայումս կոմբինատում հանքաքարի վերամշակման հզորությունը կազմում է տարեկան 14 մլն տոննա: Ընկերության ընդլայնման և վերազինման հաջորդ փուլի իրականացման արդյունքում նախատեսվում է վերամշակման ծավալը հասցնել տարեկան մինչև 20 մլն տոննայի: Ընկերությունը նաև աջակցում է տարածաշրջանի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացմանը:
Մեղրիի տարածշրջանի Վարդանիձոր համայնքի հատվածում պատվիրակությանը ներկայացվեցին ոռոգման նոր ինքնահոս համակարգի կառուցման հնարավորությունները. այստեղ է նախատեսվում նոր համակարգի գլխամասը: Ներկայումս տարածաշրջանի ոռոգումն իրականացվում է 18 պոմպակայանի միջոցով, որոնք ջուր են մղում Արաքսից: Պոմպակայաններն արդեն ֆիզիկապես մաշված են, իսկ դրանք գործարկելու համար մեծ ծախսեր են պահանջվում:
Այժմ քննարկվում են ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման հնարավորությունները, ինչի համար տարածաշրջանում առկա են հիմնական պայմանները: Համակարգը հնարավորություն կտա առավել արդյունավետ և նվազագույն ծախսերով կազմակերպել ոռոգումը տարածաշրջանում: Նախնական գնահատականներով` ինքնահոս համակարգի կառուցման համար կպահանջվի մոտ 7 մլն դոլարի ներդրում: Հյուրերը եղան «Արաքս-2» պոմպակայանում, ծանոթացան առկա վիճակին:
Պատվիրակությունը եղավ նաև Մեղրիի տարածաշրջանի համար կառուցվելիք բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացավ հիվանդանոցի հատակագծին: Նոր կենտրոնը նախատեսվում է կառուցել Մեղրի և Ագարակ քաղաքների միջև, ինչը օպտիմալ է համայնքների բնակչության սպասարկման տեսանկյունից: Ներկայումս և Մեղրիում, և Ագարակում գտնվող հիվանդանոցներն աշխատում են թերբեռնված, որոշ ծառայություններից բնակչությունը նախընտրում է օգտվել Մեղրիում, որոշներից` Ագարակում: Նոր կենտրոնի կառուցումը և ժամանակակից սարքավորումներով վերազինումը հնարավորություն կտա կենտրոնացնել բուժծառայությունների մատուցումը և բարձրացնել դրանց որակը:
Նախատեսվում է կենտրոնը կառուցել ու կահավորել Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում: Ներդրումների ծավալը կազմելու է մոտ 3,6 մլն դոլար: Շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարի:
Հյուրերն այցելեցին նաև Ագարակի սահմանակետ և Մեղրիի մաքսատուն, որտեղ ներկայացվեց նաև Մեղրիի մաքսատանն իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքը:
Մեղրիի մաքսատանը կայացած քննարկմանը ներկայացվեցին մարզային նշանակության մի շարք ծրագրեր: Մասնավորապես քննարկվեց Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի երրորդ վարկային ծրագրով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը: Այս տարի ծրագրեր են իրականացվում մարզի մոտ մեկ տասնյակ համայնքում` հիմնանորոգվում են դպրոցներ, մշակույթի և համայնքային կենտրոնների շենքեր: Ընդհանուր առմամբ, երրորդ ծրագրով մարզում իրականացվել է հիմնականում սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված 27 ծրագիր` 1,8 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ:
Ա. Գևորգյանը և Ա.Ալամը քննարկեցին Հայաստանի կառավարության և ՀԲ-ի միջև համագործակցության առկա մակարդակին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը բարձր գնահատեց ՀԲ-ի հետ համատեղ իրականացվող որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, սոցիալական և այլ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են ՀՀ կառավարության որդեգրած, տարածքների համաչափ զարգացման քաղաքականության իրականացմանը: Նա առանձնահատուկ ընդգծեց «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագիրը», որը նաև ՀԲ ղեկավարները լավագույնն էին ճանաչել:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ` Ա. Ալամը նշեց, որ Համաշխարհային բանկը շարունակելու է աջակցել Հայաստանի տնտեսական աճի խթանմանն ուղղված նախագծերին: Նա նշեց, որ Հայաստանում իրականացվող ծրագրերը դասվում են բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի շարքին, և դրանց իրականացման հարցում բարձր գնահատեց ՀՀ կառավարության ու ՀԲ տեղական թիմի ջանքերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել