HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը կոչ է անում 2024 թվականին ավարտել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած իր ուղերձում կոչ է արել 2024 թվականին ավարտել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները: Ուղերձը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք էջում։

«Այժմ, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Բաքվի վրա COP29-ին, դուք եզակի հնարավորություն ունեք համաշխարհային հանրության առջև ցույց տալու խաղաղությանը ձեր նվիրվածությունը: Ինչպես գիտեք, խաղաղության պայմանագրի մնացած կետերի լրամշակումը կպահանջի ստեղծագործական մոտեցում և փոխզիջում բոլոր կողմերից։ Բայց ես վստահ եմ, որ դուք բաց չեք թողնի այս պահը և կոչ եմ անում այս տարի ավարտել պայմանագրի շուրջ աշխատանքը»,- ասված է նամակում, որն այսօր՝ հոկտեմբերի 21-ին Ալիևին է փոխանցել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը։

Իր ուղերձում նախագահ Ջո Բայդենը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը, որը վերջնականապես վերջ կդնի հակամարտությանը: ԱՄՆ նախագահը նշել է, որ «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովմանը զուգահեռ, խաղաղության պայմանագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ բացելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների ու կապերի ընդլայնման համար»։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ իր վարչակազմը «պատրաստ է ձեռնարկել խիզախ նախաձեռնություններ, որոնք կօգնեն ճանապարհ հարթել դեպի խաղաղություն»։

«Ես խնդրեցի Եվրոպայի հարցերով իմ ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ադրբեջանի նախագահին որոշ քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ն պատրաստ է ձեռնարկել, ինչպես նաև ստանալ Ձեր կարծիքը Հայաստանի հետ քննարկումների վերաբերյալ: Հուսով եմ, որ դուք կօգտվեք այս հնարավորությունից՝ տարածաշրջանի համար նոր ուղի հարթելու նպատակով, որը հիմնված է համատեղ բարգավաճման և ընդհանուր բարօրության ձգտման վրա»,- նշել է Ջո Բայդենը։

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին, որի հետ քննարկել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Լուսանկարը՝ NBC News-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter