HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պարեկային ծառայությանը տրամադրված վառելիքի ծախսի վերաբերյալ երթուղային թերթիկներ չեն լրացվել․ Հաշվեքննիչ պալատ

Հաշվեքննիչ պալատը Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննություն է իրականացրել և արձանագրել հաշվետվության փաստացի ցուցանիշի խեղաթյուրումներ։ Նախարարության կողմից գնումների մասնակից է դիտարկվել նաև մի ընկերություն, որի հետ փոխկապակցված անձը ներառված է եղել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերության ցուցակում, հետևաբար չպետք է նրա հայտը քննարկվեր։

Ճանապարհային ոստիկանության ծառայության hաշվառման-քննական բաժնի վարչական շենքի շինվերանորոգման աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացներում որպես մասնակից հայտ է ներկայացրել «Մուրադյան Շին 86» ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է 21 մլն 473 հազ. դրամի պայմանագիր:

Գնահատող հանձնաժողովի արձանագրությամբ հրավերին չհամապատասխանող հայտեր ներկայացրած մասնակիցներին, այդ թվում՝ «Մուրադյան Շին 86» ՍՊԸ-ին, տրվել է հնարավորություն շտկումներ իրականացնելու նպատակով: Հաշվեքննությամբ պարզվել է, որ վերջինս հայտը ներկայացրել է «Մուրադյան Շին» ՍՊԸ-ի ՀՎՀՀ-ով, որը ներառված է եղել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում՝ մինչև 2025թ. հունիսի 30-ը ժամկետով։ Ընկերությունը սխալը շտկել է, սակայն, ուսումնասիրելով «Մուրադյան Շին» ՍՊԸ-ի կողմից այլ պատվիրատուների գնման գործընթացներին  մասնակցելու և հայտեր ներկայացնելու փաստաթղթերը, Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ «Մուրադյան Շին 86» ՍՊԸ-ի ներկայացրած դիմում- հայտարարությունը տարբերվում է «Մուրադյան Շին» ՍՊԸ-ի-ի ներկայացրած փաստաթղթերից միայն ՀՎՀՀ-ով: Վավերապայմաններով 2 ընկերությունների տվյալները համընկնում են՝ ներառյալ էլեկտրոնային ստորագրությունը, որը ստորագրել է նախկին տնօրենը: 

Այսպիսով, գնահատող հանձնաժողովը չի ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը և չի բացահայտել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված իրավաբանական անձի հետ փախկապակցված անձ հանդիսանալու հանգամանքը, որի հիմքով պետք է զրկվեր գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից:  

Ներքին գործերի նախարարությունից պարզաբանել են, որ գնման ընթացակարգերի շրջանակում գնահատող հանձնաժողովը որպես մասնակից դիտարկել է «Մուրադյան Շին 86» ՍՊԸ-ին, իսկ հայտը գնահատելիս արձանագրել է, որ «Մուրադյան Շին» ՍՊԸ-ի ՀՎՀՀ-ն սխալ է և տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ։ Նշել են նաև, որ գնահատող հանձնաժողովը չուներ պատճառաբանված որոշում՝ ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը։

Հանձնաժողովի համար պարզ է եղել, որ նշված ՀՎՀՀ-ն «Մուրադյան Շին 86» ՍՊԸ-ի ՀՎՀՀ-ն չէ։ Այդ ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով, և անհամապատասխանությունը ակնհայտ էր։ 

«Գնահատող հանձնաժողովը չի ունեցել տեղեկատվություն առ այն, որ օրենքը սահմանափակում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում հայտնված ՍՊԸ-ի տնօրենին հանդես գալ այլ ընկերությունում որպես լիազորված անձ»,-պատճառաբանել են նախարարությունից՝ հավելելով, որ եթե շտկված հայտում ՀՎՀՀ-ն մնար անփոփոխ և փոփոխվեր ՍՊԸ-ի անվանումը՝ «Մուրադյան Շին 86» ՍՊԸ-ն փոխարինվեր «Մուրադյան Շին» ՍՊԸ-ով, ապա հանձնաժողովը հայտը մերժելու էր։

Հաշվեքննիչ պալատը հակադարձել է՝ Կառավարության որոշմամբ է սահմանվում, որ գնումներին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման: Հետևաբար, նախարարության ներկայացրած առարկությունը, որ գնահատող հանձնաժողովը չուներ պատճառաբանված որոշում՝ ստուգելու մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը, չի հիմնավորվում, քանի որ երկու կազմակերպությունների ներկայացրած նույն տվյալները՝  գործունեության հասցեն, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը, ակնհայտ պատճառ են՝ ստուգելու մասնակցի տվյալները: 

«Այսպիսով, առկա է փոխկապակցվածություն ՍՊԸ-ի տնօրենի` որպես այլ ընկերությունում լիազորված անձ հանդես գալու հանգամանքով պայմանավորված, որի հետևանքով չի պահպանվել մասնակցության իրավունքի սահմանափակում ունեցող մասնակցի, այս դեպքում՝ փոխկապակցված անձի հետ պայմանագիր չկնքելու օրենսդրական պահանջը»,-նշված է եզրակացության մեջ։

Հաշվեքննիչ պալատը օրենքին հակասող գործընթացներ է արձանագրել նաև ՆԳՆ-ի ավտոմեքենաների վառելիքի գնումներում։ Մասնավորապես՝ Ոստիկանության կարիքների համար, առանց օրենսդրությամբ սահմանված գնման գործընթաց իրականացնելու, փաստաթղթավորելու, հաշվապահական ձևակերպումներ տալու 2024թ. փետրվար ամսվա ընթացքում օգտագործվել է 526 հազ․ 950 լիտր ռեգուլյար և 151 հազ․ 870 լիտր պրեմիում տեսակի բենզին: Նշված ամսվա ընթացքում օգտագործված ռեգուլյար տեսակի բենզինից 170 հազ․ լիտրը ստացվել է ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Ինչպես Փրկարար ծառայությունում, այնպես էլ Ոստիկանությունում հաշվապահական ձևակերպումներ չեն տրվել, իսկ հաշվեքննության համար չի տրամադրվել բենզինի մնացած մասի ձեռքբերման վերաբերյալ  տեղեկատվություն։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի տրանսպորտային միջոցների վառելիքի ծախսը 2024թ․ երեք ամիսների հաշվետվություններում ավելի է ցույց տրված 8 հազ․ 329 լիտրով, քանի որ հաշվի չի առնվել եռամսյակի վերջում վառելիքի առկա մնացորդը, որը  հանգեցրել է 2024թ․ պետական բյուջեի երեք ամիսների կատարման ֆինանսական հաշվետվության փաստացի ցուցանիշի խեղաթյուրման՝ մոտ 4 մլն դրամի չափով:

Բացի այդ, հաշվեքննության եզրակացության համաձայն՝ տրանսպորտային միջոցների շահագործման համար Երևան քաղաքի պարեկային ծառայությանը և մարզային պարեկային ծառայություններին տրամադրված վառելիքի՝ 464 մլն դրամ փաստացի ծախսի վերաբերյալ երթուղային թերթիկներ չեն լրացվել։ Հետեւաբար, չի ապահովվել հաշվետու ժամանակահատվածի հեղուկ վառելիքի փաստացի ծախսի հիմնավորվածությունը: 

Ի դեպ, հաշվեքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի պարեկային ծառայությանը և մարզային պարեկային ծառայությանը տրամադրված վառելիքի ծախսի վերաբերյալ սկզբնական հաշվառման փաստաթղթեր՝ երթուղային թերթիկներ, բացառությամբ պարեկային ծառայության ղեկավար կազմին ամրակցված 15 տրանսպորտային միջոցների, չեն լրացվել: Իսկ վերջիններիս ամրակցված 15 տրանսպորտային միջոցների երթուղային թերթիկներում բացակայում են պարտադիր լրացման ենթակա բժշկի և  մեխանիկի ստորագրությունները:  

ՆԳՆ գլխավոր քարտուղարը հանձնարարական է տվել պարեկային նշանակության ավտոտրանսպորտային միջոցների երթուղային թերթիկները սահմանված կարգով լրացնելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter