Հայաստանին ստիպելու են օրենսդրությունը կրկին բարեփոխել
«Հետքի» սրահում այս անգամ հյուրընկալվել են փաստաբան Հայկ Ալումյանը և միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Քննարկման թեման է Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի կայացված վերջին որոշումները եւ դրանց անդրադարձը ՀՀ դատական համակարգի վրա: Զրույցը վարում է դատաիրավական ոլորտի մեկնաբան Սառա Պետրոսյանը:
Սառա Պետրոսյան - Բարև ձեզ, «Հետքի» հյուրասրահում այսօր հյուրընկալել ենք ճանաչված փաստաբան Հայկ Ալումյանին և միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանին: Մեր զրույցի թեման այսօր վերջին երկու ամիսներին Եվրոպական դատարանի կողմից բավարարված մի քանի վճիռներն են, որոնցով շատ հետաքրքիր որոշումներ են կայացվել՝ և՛ կալանքի, և´ բարոյական վնասի ինստիտուտների հետ կապված: Այդ գործերից մեկը, որով Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել, հանրությանը շատ ծանոթ մի գործ է, որ հայտնի է «Կոմս Մոնտե Քրիստո» անունով, որովհետև այն անձը, որը դատապարտվել էր ծանր հանցագործության համար, անմեղ ճանաչվեց հինգ ու կես տարի ազատազրկման դատապարտված լինելուց հետո, և նրան պետությունը փոխհատուցեց` ընդամենը «Կոմս Մոնտե Քրիստոյի» հատորները նվիրելով: Քանի որ նա արդարացիորեն չէր փոխհատուցվել, Եվրոպական դատարան բողոք էր ներկայացվել, որը մի քանի տարի անց, ի վերջո, ստացավ իր հանգուցալուծումը: Պարոն Ղազարյան, պիտի խնդրեմ մեկնաբանել. ինչպիսի՞ դիրքորոշում հայտնեց այդ վճռով Եվրոպական դատարանը, և ի՞նչ խնդիրներ է պարտավորեցնում այդ վճիռը պետությանը՝ բացի տուգանքներ վճարելուց:
Արա Ղազարյան - Ամենակարևոր եզրահանգումը դատարանը կատարեց. այն է, որ երեք նյութական խախտումների դեպքում` կյանքի իրավունք, արգելված վերաբերմունք, այսինքն` խոշտանգում, և ազատազրկման, այն է` դատապարտվելու հիմքով ազատությունից զրկվելու դեպքերում անպայման արդարացի փոխհատուցումը պետք է ուղեկցվի նաև բարոյական վնասի փոխհատուցման եղանակով: Խոսքը դրամական փոխհատուցման մասին է: Սա այն կարևոր եզրահանգումն է, որ Եվրոպական դատարանը կատարեց, և սա նախադեպային դիրքորոշում է: Այսինքն՝ երբ հինգ ամսից սկսվի վճռի կատարումը, անպայման Նախարարների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության առջև խնդիր է դրվելու օրենսդրությունը բարեփոխել այնպես, որ այս երեք նյութական իրավունքների դեպքում Քաղաքացիական օրեսգիրքը ապահովի նաև բարոյական վնասի փոխհատուցում:
Սառա Պետրոսյան - Պարոն Ղալումյան, ըստ էության, բարոյական վնասի հատուցման խնդիրը փաստաբանների կողմից երկար արծարծված խնդիր է, և երկար սպասված է նաև հանգուցալուծումը: Տարբեր տարիներին իրականացվող մեր դատաիրավական բարեփոխումների ընթացքում այդ ինստիտուտը այդպես էլ օրենսդրության մեջ չներառվեց: Ի՞նչ խնդիր կարող է լուծել բարոյական վնասի ինստիտուտը, արդյո՞ք դատաիրավական բարեփոխումների առանցք է:
Հայկ Ալումյան - Նախ, միանամ պարոն Ղազարյանի այն կարծիքին, որ բարոյական վնասի փոխհատուցումը կարևոր ինստիտուտ է, ոչ թե բարոյական վնասի փոխհատուցում, այլ` բարոյական վնասի դրամական փոխհատուցումը: Մի բան ասեմ, որը երևի քչերն են հիշում, կամ քչերին է հայտնի, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսած եղել է ժամանակին բարոյական վնասի դրամական փոխհատուցում: Մինչև 1999 թվականը գործող Քաղաքացիական օրենսգրքի մեջ կար 7 պրիմ 1 հոդված, որը նախատեսում էր բարոյական վնասի դրամական փոխհատուցման հնարավորություն, սահմանում էր՝ ինչ է դրամական փոխհատուցում, և սահմանում էր, որ բարոյական վնասը կարող էր դրամական ձևով փոխհատուցվել: Սակայն այդ հոդվածը այդպես էլ ոչ մի անգամ չկիրառվեց` լինելով օրենսգրքի մեջ: Իսկ այն օրենսգիրքը, որ հիմա մենք ունենք, ընդունվելուն պես վերացրեց այդ ինստիտուտը: Վաղուց արդեն ժամանակն է, որ բարոյական վնասը դրամական ձևով էլ փոխհատուցվի: Ես համակարծիք եմ:
Սառա Պետրոսյան - Մեր հիշատակած այդ որոշումների մեջ ընդդեմ Հայաստանի ներկայացված բողոքներում դիմողները բողոքարկել են իրենց նկատմամբ կալանքի կիրառումը՝ անարդարացի համարելով: Կոնվենցիայի ինչպիսի՞ խախտումներ է գրանցել Եվրոպական դատարանն իր կայացրած վճիռներով:
Արա Ղազարյան - Եվրոպական դատարանը, դեկտեմբեր ամսից սկսած, առաջին անգամ անդրադարձավ խափանման միջոց կալանքին: Ցավոք, շատ քիչ որոշումներ են կայացվել դեռ, մինչդեռ գործերի հոսքը շատ մեծ է, Մարտի 1-ի գործերին, կարելի է ասել, գրեթե չի անդրադարձել, միայն մեկ կամ երկու գործի: Այնպիսի խնդիրների է անդրադարձել, որոնք մասամբ շատ կարևոր են և լուծված չեն, իսկ մասամբ էլ լուծված են, այսինքն՝ այստեղ ես համաձայն եմ փոխնախարարի այն համեմատությանը, որ երբեմն Եվրոպական դատարանի վճիռը աստղի էֆեկտ է, այսինքն՝ արդեն անցյալ է, արդեն Հայաստանում այդ խնդիրը լուծված է, իսկ Եվրոպական դատարանը վեց տարի հետո է վճիռ կայացնում այդ գործով, արդեն ուշացրած որոշում է: Բայց մի շարք հարցերով շատ կարևոր եզրահանգումներ է կատարել, ինչպես, օրինակ, Փիրուզյանի գործով Եվրոպական դատարանը որոշեց, որ հետագա քննչական գործողություններ կատարելու հանգամանքը բավարար պայման չէ և չի կարող ընդհանրապես պայման համարվել՝ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու կամ կալանք նշանակելու համար: Սա ուղիղ հակադարձ է Վճռաբեկ դատարանի՝ Ասլան Ավետյանի գործով եզրահանգմանը, որտեղ Վճռաբեկը նշել է, որ կարող է այդ հանգամանքը պայման հանդիսանալ: Նշանակում է՝ մենք ունենք բախում, և վաղ թե ուշ այս հարցը պետք է լուծվի: Ուստի, որոշումների մի մասում Եվրոպական դատարանը կարծես թե ուշացել է, որովհետև համակարգային խնդիրը լուծվել է առնվազն օրենսդրության մեջ, պրակտիկայում կամ լուծվել է, կամ չի լուծվել: Իսկ որոշ որոշումներում էլ այնպիսի եզրահանգումներ են արտահայտված, որ շատ կարևոր է, և համակարգային խնդիրը պետք է լուծվի: Խնդիրների խնդիրը կալանքի համատարած կիրառումն է, կալանքի ժամկետի երկարաձգումը՝ առանց կոնկրետ, փաստացի հիմքերի, այլ տրաֆարետային եզրահանգումներով: Ե′վ դեկտեմբեր ամսի Պողոսյանի գործով որոշման մեջ, և′ Փիրուզյանի գործով որոշման մեջ այդ խնդիրներին անդրադարձել է Եվրոպական դատարանը:
Սառա Պետրոսյան - Պարոն Ալումյան, նշված գործերով, որոնք Հայաստանի Հանրապետությունը քննել է 2005-2006 թվականներին և մինչև Եվրոպական դատարանի վճիռներ կայացնելը, անցել է 6-7 տարի: Մեր դատական պրակտիկայում այդ տարիների ընթացքում կալանքի վերաբերյալ մոտեցումները որքանո՞վ են փոխվել: Ստեղծվե՞լ են արդյոք այնպիսի նախադեպեր, որոնք արդեն կարգավորում են այդ խնդիրը նաև կիրառության մեջ:
Հայկ Ալումյան - Այո, կան խնդիրներ, որոնք Եվրոպական դատարանն արձանագրել է իր վճիռների մեջ, սակայն այդ խնդիրները Հայաստանում Եվրոպական դատարանի վճռի կայացման պահին արդեն լուծված եղել են: Այդ խնդիրների մեջ կարելի է նշել նախ այն խնդիրը, որ ՀՀ օրենսդրությամբ գրավ չէր կարող կիրառվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ, Եվրոպական դատարանը այդ խախտումը գտավ, սակայն նախքան այդ մեր դատարանները իրենց դատական պրակտիկայում շտկել էին օրենքի այդ թերությունը` վկայակոչելով Եվրոպական կոնվենցիայի պահանջները: Մի ուրիշ խնդիր էր ՀՀ օրենսդրության մեջ, որ գործը նախաքննության փուլից դատարան ուղարկելիս արդեն կալանքը ավտոմատ երկարաձգվում էր: Սկսած այն պահից, երբ գործը ներկայացվում էր ծանոթացման, նախաքննության ավարտ էր հայտարարվում: Գործը մինչև դատարան մուտք լինելը և դատական քննություն նշանակելը մի փուլ էր, երբ կալանքը երկարաձգվում էր, որ հակասում էր Եվրոպական կոնվենցիային: Եվրոպական դատարանը դա ֆիքսեց, բայց նախքան այդ մեր դատական պրակտիական գնացել էր Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղղությամբ, և այդ խնդիրը շտկվել էր: Կար մի ուրիշ խնդիր, երբ քննիչը կալանքի վերաբերյալ դատարանին միջնորդություն ներկայացնելիս քրեական գործի նյութերը տրամադրում էր դատարանին, նախաքննական գաղտնիքի հիմնավորմամբ նյութերը փաստաբանին չէին տրամադրվում՝ անհավասար պայմաններ ստեղծելով: Եվրոպական դատարանը դա ֆիքսեց որպես խախտում, բայց մինչև ֆիքսումը մեր ներպետական դատարանները գնացել էին այն ուղղությամբ, որ հավասարությունը պահպանելու համար բոլոր նյութերը, որ ներկայացվում են դատարան, պիտի ներկայացված լինեն նաև պաշտպանական կողմին: Կան հանգամանքներ, որոնք լավատեսության առիթ են տալիս: Ամենայն հավանականությամբ, մեր դատարանները այդ սխալներն ուղղում էին, երբ այդ գործերը գնում էին Եվրոպական դատարան: Չի կարելի ասել, որ Եվրոպական դատարանի գործընթացները դեր չխաղացին մեր դատական պրակտիկան ուղղելու համար: Լավ է, որ այստեղ հետևություններ են անում մինչև վճիռների կայացումը, հակառակ դեպքում վճիռներն ավելին կլինեին:
Սառա Պետրոսյան - Այդ իմաստով վերջին երեք վճիռները ի՞նչ նոր բան ավելացրին՝ կալանքների հետ կապված:
Արա Ղազարյան - Փիրուզյանի գործով նորությունը միայն այն էր, որ դատարանը նշեց՝ սպասվելիք նախաքննական գործողությունները չեն կարող կալանքի հիմք հանդիսանալ: Սա, ի թիվս այլ հանգամանքների, կարող է հիմք հանդիսանալ, որ կալանքների թիվը նվազի: Ընդհանուր առմամբ, մյուս եզրահանգումներին Վճռաբեկ դատարանը շատ թե քիչ անդրադարձել է իր նախադեպերում: Հարցը այն է, որ դրանք մեծ մասամբ համատարած պրակտիկա չեն դարձել, որովհետև թույլ են առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները: Շեշտը պետք է դնել, որ այս դատարանները սկսեն աշխատել, և ծանրությունը Վճռաբեկ դատարանի վրա չընկնի: Մի հետաքրքիր ֆենոմեն ներկայացնեմ: Եվրոպական դատարանը հետադարձ ուժ է տալիս Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին: Համակարգային խնդիր է, երբ փախուստի մեջ գտնվելիս կալանքի մասին որոշում էր կայացվում: Պրակտիկան մինչև 2008 թվականի վերջը այն էր, որ եթե հայտնաբերվում էր անձը, անմիջապես տարվում էր կալանավայր, որովհետև կար դատարանի որոշում, նա զրկվում էր դատավորի մոտ տարվելու իրավունքից: Վճռաբեկ դատարանը Ավետիսյանի գործով որոշեց, որ անձը պետք է տարվի դատավորի մոտ, որովհետև Եվրոպական դատարանի պահաջն է, և դա դարձավ կայուն հաստատված պրակտիկա: Նաև Փիրուզյանի գործը, որի փաստերը 2005-2006 թվականներին են վերաբերում, այս գործով Եվրոպական դատարանը կիրառեց Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Վահրադյանի գործով նախադեպը, որը Վճռաբեկ դատարանը 2008 թվականին է ստեղծել: Այսինքն՝ 2012 թվականին Եվրոպական դատարանը որոշեց, որ 2008 թվականի նախադեպը ընդունելի է 2005-2006 թվականի դեպքերի համար: Մենք ունենք նախադեպային իրավունքի հետադարձ կիրառում, որը կիրառելի է այն հիմքով, որ մարդու իրավունքները ընդլայնող է: Սա է նորություն, մեծ մասամբ, ինչպես վարչական կալանքի դեպքերում, երբ մենք համակարգային լուրջ խնդիներ ունեինք, և դրանք սկսեցին վերացվել 2005-2006 թվականից, Եվրոպական դատարանի՝ վարչական կալանքին վերաբերող առաջին վճիռները սկսեցին գալ 2008-2010 թվականներին: Ես Եվրոպական դատարանի որոշումների կարևորությունը չեմ նվազեցնում: Բոլոր դեպքերում եթե մենք այսօր օրենսդրության մեջ ունենք նախատեսվող փոփոխություններ, դրանք պայմանավորված են Եվրոպական դատարանի նախադեպերով:
Սառա Պետրոսյան - Նշվեց, որ Վճռաբեկ դատարանն արդեն ունի կալանքի հետ կապված որոշումներ: Այս դեպքում, պարոն Ալումյան, ինչպե՞ս հասկանալ կալանքների հետ կապված դժգոհությունները, քանի որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ (առիթ ունեցել ենք նման քննարկման, որտեղ ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ) 2300 միջնորդություն է մեկ տարվա մեջ ներկայացվել, որից միայն 100-ը չէր բավարարվել: Այդ նախադեպերը ի՞նչ խնդիր են լուծում, եթե այդ կալանքները կիրառվում են զանգվածաբար, և դժգոհությունն այդքան մեծ է:
Հայկ Ալումյան - Կարևոր մի կետ կա, որտեղ մեր դատական պրակտիկան այդպես էլ չի փոխել իր արատավոր գործելակերպը: Փիրուզյանի գործով Եվրոպական դատարանը, ի թիվս այլ խախտումների, նշել է, որ կալանավորման մասին որոշումը վերացական և շաբլոնային արտահայտություններով է հիմնավորված: Սա այն արատն է, որը կա շատ ավելի վաղ՝ 2005 թվականին, և հիմա: Մեր դատարանների կողմից կալանավորման վերաբերյալ որոշումների մեծամասնությունը հիմնված է շաբլոն, ոչինչ չասող արտահայտությունների վրա: Սա է պրոբլեմի հիմնական մասը: Կա ևս մեկ խնդիր. Վճռաբեկ դատարանը, սահմանելով ինչ-որ մի նախադեպային որոշում, հետագայում հետամուտ չի լինում, որ այդ մոտեցումը կիրառվի բոլոր դատարաններում: Հետագայում Վճռաբեկ դատարանը անտեսում է հսկայական ծավալի գործեր, որոնք այնտեղ են հասնում հենց այն փաստարկով, որ ստորագրված վճիռները շաբլոն արտահայտություններով են հիմնավորված: Այստեղ Վճռաբեկ դատարանը շատ մեծ թերացում ունի, ու այսօր էլ կալանքի 10-ից 9 որոշում եթե գնա Եվրոպական դատարան, 5 տարի հետո էլ կունենանք նույնպիսի վճիռներ Հայաստանի դեմ:
Սառա Պետրոսյան - Վերջին հարցս ուղղեմ ձեզ: Ի՞նչ պետք է անենք, որ դատական պրակտիկան այդ իմաստով փոփոխության ենթարկվի: Կան և՛ պրակտիկա, և՛ վճիռներ, օրենսդրական լուծումներ, բայց կիրառություն չկա:
Արա Ղազարյան - Օրենսդրական լուծումներ չկան, ցավոք: Մենք սպասում ենք Քրեական դատավարության նոր օրենսգրքին, որտեղ արդեն այնպիսի լուծումներ կլինեն, որ Վճռաբեկ դատարանը միայնակ չլուծի այդ խնդիրները: Մինչև հիմա մենք ունեցել ենք մի օրենսդիր, որը 10 տարով անգործության է մատնվել, մենք ունենք քննչական-դատախազական ապարատներ, որոնք նորը շատ դժվարությամբ են կլանում, և այս պայմաններում Վճռաբեկը մնացել է մենակ մեր իրականության առջև: Չի կարելի Վճռաբեկից այդքան շատ բան պահանջել. ի վերջո, նա օրենսդիր չէ: Առաջին հերթին պետք է ուժեղացնել Վերաքննիչ և առաջին ատյանի դատարանները, որպեսզի նրանք աշխատեն: Երկրորդ, ինչպես Հայկն է ասում իր հարցազրույցներում անգլիացիների վերաբերյալ, որոնք գազոնները լավ մշակելու մասին ասում են հերթականությունը և ժամկետը` 200 տարի, մենք դեռևս 6 տարվա նախադեպային երկիր ենք: Փոփոխությունները հնարավոր չէ այդքան արագ ակնկալել: Նոր օրենսդրության պայմանները, կալանքի մասով այլընտրանքային միջոցներն ավելի բազմազան են, ճկուն են, ժամանակակից: Պետք է որ աշխատի. եթե չաշխատի, իսկապես կարելի է ասել, որ խնդիրը քաղաքական դաշտում է, այլ բացատրություն չկա:
Հայկ Ալումյան - Այս վերջին մասով այնքան էլ չի: Այսօրվա խմբագրությամբ Քրեական օրենսգիրքը շատ լավ սահմանումներ ունի, հատկապես այն առումով, թե որ դեպքերում և հատկապես ինչ նախապայմանների առկայությամբ պիտի անձը կալանավորվի: 135-րդ հոդվածի մեջ այսպիսի սահմանում կա. եթե գործի նյութերը հիմք են տալիս ենթադրել, որ անձը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել, խոչընդոտել, նոր հանցանք կատարել: Սահմանումներն այս մասով շատ լավն են և համահունչ են Եվրոպական կոնվենցիային, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Մեր դատարանները դրանք չեն կիրառում: Ես վախենում եմ, որ ամեն անգամ, երբ մեզ հարցնում են, թե ինչու մեր դատական համակարգը դեռ չի կայացել, բոլորին ձեռնտու է սլաքը ուղղել օրենսդրի ուղղությամբ: Նախ, որովհետև այնտեղ կոլեկտիվ պատասխանատվություն է, իսկ եթե պրոբլեմը փնտրվի դատական համակարգի մեջ, ապա պիտի նաև պատասխանատուները փնտրվեն: Եվ երկրորդը, երբ հղում է արվում օրենսդրի անկատարությանը, բարեփոխումներ անելուն, կարելի է նաև փող խնդրել բարեփոխումների համար: 1995 թվականից մենք փող ենք խնդրում, բարեփոխում ենք ու շարունակական բարեփոխումների մեջ ենք և չգիտենք, թե դա ինչքան կտևի:
Սառա Պետրոսյան - Շնորհակալություն հայտնենք մեր հյուրերին հետաքրքիր զրույցի համար և հուսանք, որ նոր իրականացվելիք դատական բարեփոխումները ինչ-որ առումով շտկում կմտցնեն մեր կյանքում, և մեր դժգոհություններն այդ իմաստով կպակասեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել