
Սամվել Լաբլաջյանը չի քանդելու ձկնաբուծարանի ինքնակամ կառուցված պարիսպները
Վարչական դատարանը 2024թ. սեպտեմբերին երկու վճիռ է կայացրել Արարատի մարզում գործող խոշոր ձկնաբուծարաններից մեկի սեփականատիրոջ՝ Սամվել Լաբլաջյանի հայցերի հիման վրա։ Մեկ տարի առաջ հրապարակել էինք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը 2022թ․ դեկտեմբերին Սամվել Լաբլաջյանին տուգանելու որոշում էր ընդունել՝ Հայանիստ գյուղի վարելահողերի վրա ձկնաբուծարան կառուցելու համար։
Համայնքի ղեկավարը թիվ 6042-Ա որոշումով Ս․ Լաբլաջյանին պարտավորեցրել էր 15-օրյա ժամկետում քանդել Հայանիստ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցած ինքնակամ շինությունները՝ պարիսպները, և տարածքը բերել նախկին տեսքի։
Մասիս համայնքի Հայանիստ գյուղում գտնվող ձկնաբուծարանը Ս․ Լաբլաջյանը կառուցել է 2008թ․-ին, և մինչ օրս այն ինքնակամ կառույց է համարվում։ Անհատ ձեռներեց Սամվել Լաբլաջյանի Արարատի մարզում գտնվող ձկնաբուծարանը մեծերի ցանկում է:
Ս․ Լաբլաջյանը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով վերացնել Մասիս համայնքի ղեկավարի ընդունած 6042-Ա որոշման 2-րդ և 3-րդ կետերը։ Դրանցով համայնքի ղեկավարը պարտավորեցրել է քանդել համայնքային հողում կառուցված պարիսպները, քանի որ դրանք կառուցվել են դաշտամիջյան ճանապարհի և ջրային նպատակային նշանակության հողամասի վրա և չեն կարող օրինականացվել։
Հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով կառուցված, ինչպես նաև հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք առաջացնող ինքնակամ կառույցները ենթակա չեն օրինականացման:
Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը 2024թ․ օգոստոսի 21-ին կայացրած վճռով բավարարել է Սամվել Լաբլաջյանի պահանջը։ Դատարանն արձանագրել է, որ Մասիսի համայնքապետարանը չի ներկայացրել այնպիսի ապացույցներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ հաստատել պարիսպի դաշտամիջյան ճանապարհի և ջրային նպատակային նշանակության հողամասի վրա կառուցված լինելը:
«Պատասխանողը, դատարանի պահանջով, ներկայացրել է դաշտամիջյան ճանապարհի և ջրային նպատակային նշանակության հողամասի հատակագծերը, սակայն չկա որևէ ապացույց այն մասին, որ վիճարկվող որոշմամբ մատնանշված պարիսպները կառուցված են այդ հողամասերի վրա: Վարչական վարույթի նյութերում ընդհանրապես բացակայում են կառուցված շինությունները նույնականացնող ապացույցները: Պատասխանողի ներկայացուցիչը պնդեց, որ դա տեղի է ունեցել վարչական մարմնի մասնագետների տեղում ուսումնասիրության արդյունքում»,- արձանագրել է դատարանը:
Դատարանը եզրակացրել է, որ վիճարկվող որոշմամբ մատնանշված պարիսպների տեղորոշման բացակայության պայմաններում հնարավոր չէ պնդել, որ դրանք կառուցված են դաշտամիջյան ճանապարհի և ջրային նպատակային նշանակության հողամասի վրա: Հողամասի և կառույցի համադրումը ենթադրում է որոշակի մասնագիտական գործողությունների կատարում (չափագրում, հատակագծում, կոորդինատների որոշում և այլն), որոնց բացակայության պայմաններում պատասխանողը չի կատարել գործի փաստական հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկելու իր պարտականությունը:
Դատարանն անվավեր է ճանաչել համայնքի ղեկավարի որոշումը։
Մասիսի համայնքապետարանը չի բողոքարկել վարչական դատարանի կայացրած վճիռը, հավանաբար, չափագրում և նույնականացում չկատարելու համար։ Հետևաբար՝ Սամվել Լաբլաջյանը չի քանդելու ձկնաբուծարանի ինքնակամ կառուցված պարիսպները։
2020թ․-ին հրապարակված մեր հետաքննությունը պարզել էր, որ Ս․ Լաբլաջյանի ձկնաբուծարանն ինքնակամ շինություն է, կառուցվել է գյուղնշանակության հողերի վրա։ 2022թ․-ին Հետք»-ը պարզել էր, որ դրանից բացի, նա իր ձկնաբուծական տնտեսությունն ընդլայնել է Հայանիստի բնակիչների սեփական հողատարածքներում։ Դրանք ամբողջությամբ ընդգրկել է մի ցանկապատի մեջ՝ ձկնաբուծարանի զբաղեցրած տարածքը հասցնելով 13 հեկտարի։ Այնուհետև դիմել է դատարան՝ հողերը տիրազուրկ ճանաչելու պահանջով։
Ձկնաբուծարանում առկա չորս խորքային հորերի վրա տեղադրված ջրաչափիչ սարքերից մեկը կնիք չի ունեցել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել Ս․ Լաբլաջյանի ձկնաբուծարանում և արձանագրել է, որ տարածքում առկա չորս խորքային հորերի վրա տեղադրված ջրաչափիչ սարքերից մեկի կնիքը 02.12.2022թ․-ի դրությամբ առկա չի եղել: Տեսչական մարմինը 06.02.2023թ․-ին թիվ 03/03-Ա որոշումով Սամվել Լաբլաջյանին ենթարկել էր վարչական պատասխանատվության՝ 500 000 դրամի չափով վարչական տույժ էր նշանակել:
Վերջինս որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել էր վարչական դատարան՝ հայտնելով, որ տեսչական մարմինը բաց է թողել տույժ նշանակելու համար սահմանված ժամկետը։ Ենթադրյալ իրավախախտման դեպքը ստուգմամբ բացահայտվել է 02.12.2022թ․-ին, հետևաբար վարչական տույժը կարող էր նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ կամ դիտարկմամբ բացահայտելու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում։ Միայն նշված հիմքն արդեն իսկ բավարար է վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար:
Դատավոր Մհեր Պետրոսյանը 2023թ․-ի հոկտեմբերին կայացրած վճռով բավարարել էր ձկնաբույծի պահանջը։ Դատավորը համամիտ է եղել հայցվորի հետ, որ դրա համար կարող էր վարչական պատասխանատվության ենթարկվել մինչև 02.02.2023թ․-ը, իսկ դրանից հետո վարչական իրավախախտման վարույթը պետք է կարճվեր։ Դատարանն արձանագրել է, որ այն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջների խախտումով, հետևաբար անվավեր է ճանաչել տեսչական մարմնի 06.02.2023թ․ թիվ 03/03-Ա և 06․03․2023թ․ թիվ 12 որոշումները։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պնդելով, որ 2023թ․ հունվարի 26-ին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելով և 2023թ․ փետրվարի 6-ին վարչական տույժ նշանակելով վարչական մարմինը սահմանված ժամկետը չի խախտել:
Վերաքննիչ դատարանը համաձայնել է տեսչական մարմնի հետ։ «Դատարանի գնահատմամբ՝ տվյալ դեպքում իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օր է համարվում ոչ թե 02.12.2022թ․-ը, երբ կազմվել է արձանագրություն, այլ 26.01.2023թ․-ը, քանի որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգման ակտը կայացվել է 26.01.2023թ․-ին և ստուգման արդյունքներն, ըստ էության, ամբողջովին ամփոփվել են հենց այդ ակտով: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նախատեսված ժամկետի խախտում սույն դեպքում առկա չէ, մինչդեռ, վարչական դատարանը եկել է սխալ եզրահանգման, ինչը հիմք է դատական ակտը բեկանելու համար»,- ասվում է որոշման մեջ:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ հայցադիմումով հայցվորը վկայակոչել է վիճարկվող որոշման անվավերության մի շարք այլ հիմքեր, որոնց Դատարանը վճռում չի անդրադարձել: 2024թ․ սեպտեմբերի 19-ին ընդունած որոշումով վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է վարչական դատարանի 2023թ․-ին կայացրած վճիռը և գործն ուղարկել վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել