
Արտակարգ իրավիճակներում առողջապահական ենթակառուցվածքը դիմակայուն չէ. Հաշվեքննիչ պալատ
Հաշվեքննիչ պալատն արտակարգ իրավիճակներում առողջապահական ենթակառուցվածքի դիմակայունության վերաբերյալ եզրակացություն է հրապարակել և վեր հանել լուրջ բացթողումներ ու չկարգավորված հարաբերություններ: Արձանագրվել է, որ Հայաստանում առողջապահության համակարգը պատրաստ չէ դիմակայել աղետներին:
Հաշվեքննիչ պալատը նշել է, որ արտակարգ իրավիճակները ձևավորում են անմիջական սպառնալիքներ մարդու կյանքի և առողջության համար։ Հնարավոր մարդկային կորուստների չափը մեծապես կախված է առողջապահական համակարգի արձագանքման կարողությունից։ Ամեաէական ռիսկն ուժեղ երկրաշարժն է, որի դեպքում ծանր ու միջին ծանրության վիրավորների թիվը կարող է հասնել մինչև 120 հազարի։ Մյուս էական ռիսկը ռազմական գործողություններով պայմանավորված իրավիճակն է, որի վերաբերյալ տվյալները համարվում են գաղտնի:
Արձանագրվել է, որ Առողջապահության նախարարության կողմից առողջապահական համակարգի ենթակառուցվածքային պատրաստվածության բացերի գնահատման, մշտադիտարկման և կառավարման ինստիտուցիոնալ կարողությունները սահմանափակ են, ինչն իր հերթին սահմանափակում է նպատակների իրագործելիությունը։ Կարիքները, կարողություններն ու դրանց միջև առկա խզումը համալիր կերպով բացահայտված չէ:
Նախարարությունը չունի առողջապահական բնագավառում արտակարգ իրավիճակների ռիսկի կառավարման համապարփակ մանդատ։ Որպես հետևանք՝ նախարարությունը հսկողություն է իրականացնում միայն իր ենթակա բժշկական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման գործընթացի նկատմամբ։ Մինչդեռ, ըստ Հաշվեքննիչ պալատի, արտակարգ իրավիճակների ժամանակ համակարգի արձագանքից առավելագույն արդյունք կարող է ստացվել միայն համակարգի՝ որպես մեկ միասնական միավորի պատրաստվածության պարագայում:
Անդրադառնալով առկա վիճակին՝ Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ չկա հուսալի տեղեկատվություն՝ առաջնահերթ ռիսկի գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների յուրաքանչյուր տեսակի դեպքում մահճակալների կարիքի վերաբերյալ: Առողջապահության նախարարության պլանները պարունակում են մահճակալային կարիքների ագրեգացված գնահատական՝ ուժեղ երկրաշարժի և հնարավոր ռազմական գործողությունների սցենարների դեպքում, որը շուրջ 25 հազ. մահճակալ է: Սակայն, այդ գնահատումն իրականացված է առանց հաստատված հաշվարկման մեթոդաբանության։
«Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլան»-ի համաձայն՝ բնակչության շրջանում սանիտարական կորուստները կկազմեն 154 հազ. 793 մարդ, որից 120 հազ. 212-ը՝ Երևանում: Մահճակալների գնահատված կարիքը կարող է ծածկել ծանր վիրավորների կանխատեսվող թվի 32%-ը, իսկ ծանր և միջին ծանրության վիրավորների կանխատեսվող թվի՝ 20%-ը։
Առողջապահության նախարարությունն անհրաժեշտության դեպքում շրջաբերականների միջոցով հավաքում է տեղեկատվություն բժշկական կենտրոններից, ինչն, ըստ Հաշվեքննիչ պալատի եզրակացության, ինստիտուցիոնալ մոտեցում չէ և հաճախ թույլ չի տալիս ապահովել համակարգի վերաբերյալ ամբողջական պատկերացում։
Արձանագրվել է, որ տեղեկատվության դիսկրետ հավաքման (միայն որոշակի տվյալներ ընդունող) պայմաններում աճում է նաև բժշկական կենտրոնների տրամադրած տվյալների որակի ռիսկը։ Օրինակ՝ հաշվեքննության ընթացքում բժշկական կենտրոնների ենթակառուցվածքային կարողությունների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատն Առողջապահության նախարարությունից հայցել էր համապատասխան տեղեկատվություն, այդ թվում՝ պահեստավորված մահճակալների քանակի, ըստ բաժանմունքների մահճակալների քանակի, կենսական սարքավորումների քանակի, դրանց պահեստավորված քանակի, էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների (այդ թվում՝ գեներատորների) փաստացի առկայության, դրանց գործարկման համար անհրաժեշտ ժամանակի, ծածկույթի, պահեստավորված ջրի փաստացի քանակի, թթվածնի պահեստավորված փաստացի ծավալի վերաբերյալ և այլն։
Հանրապետության տարածքում գործող հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններից նախարարությանը համապատասխան տեղեկատվությունը տրամադրել էին միայն 54-ը՝ ընդհանուրի 45%-ը, որոնց բաժին է ընկնում համակարգի մահճակալային ֆոնդի շուրջ 1/3-ը։ Ընդ որում, Երևան քաղաքում հարցմանը պատասխանել էր միայն 6 հիվանդանոց՝ ընդհանուրի շուրջ 10%-ը, որոնց բաժին է ընկնում մայրաքաղաքի մահճակալային ֆոնդի շուրջ 11%-ը։
Հարցմանը չպատասխանած հիվանդանոցների շարքում են եղել նաև հնարավոր արտակարգ իրավիճակներում հիմնական դերակատարում ունեցող՝ հանրապետության 3 խոշոր (500 մահճակալից ավել) հիվանդանոցներից 2 ոչ պետականները։
«Նշված պատկերը վկայում է տեղեկատվական կառավարման ինստիտուցիոնալ համակարգի ներդրման անհրաժեշտության մասին»,- նշված է եզրակացության մեջ։
Ըստ Հաշվեքննիչ պալատի եզրակացության՝ սահմանված չեն արտակարգ իրավիճակներում բժշկական կենտրոնների ֆունկցիոնալության պահպանման համար անհրաժեշտ կենսական համակարգերի պատրաստվածությունը երաշխավորող նորմատիվային պահանջներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, ջրի և թթվածնի մասով: Նման կարգավորումների առկայությունն անհրաժեշտ է լիցենզավորման և տեսչական ստուգումների ընթացքում համապատասխան գնահատումների իրականացման համար՝ ժամանակի ընթացքում խթանելով համակարգի պատրաստվածությունը։ Օրինակ, դեռևս 2015թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է, որ ի լրումն հրդեհների համար նախատեսված ջրի պաշարի, պետք է առկա լինեն ջրի մշտական պաշարներ, որոնք արտակարգ իրավիճակի պարագայում կբավարարեն ջրի առնվազն 72-ժամյա կարիքը (օրական 300 լիտր մեկ մահճակալի հաշվով):
Հաշվեքննիչ պալատի եզրակացության համաձայն՝ հանրապետության մահճակալային ֆոնդը 1990-2022թթ. կրճատվել է ավելի քան 2.5 անգամ՝ հիմնականում պայմանավորված համակարգի օպտիմալացմամբ: Համեմատության համար նշենք, որ եթե 1990թ․-ին եղել է 30 հազ. 500 մահճակալ, ապա 2021-ին՝ 12 հազ. 700, իսկ մեկ տարի անց 600-ով պակաս՝ 12 հազ. 100: Առողջապահական համակարգի գործող մահճակալային ֆոնդի շուրջ 2/3-ը տեղաբաշխված է մայրաքաղաքում: Հիվանդանոցների մեծամասնությունը փոքր է, իսկ խոշոր հիվանդանոցները 3-ն են։
Հանրապետությունում 55 հիվանդանոցի մահճակալային ֆոնդը 50-ից փոքր է: 200-500 մահճակալ ունի 13 հիվանդանոց, իսկ 500-ից շատ՝ 3 հիվանդանոց: Երևանից հետո մեծ մահճակալային ֆոնդ ունի Շիրակի մարզը, այնուհետև՝ Գեղարքունիքը, Կոտայքը, Արարատը, Լոռին, Սյունիքը, Արմավիրը, Տավուշը, Արագածոտնը: Ամենափոքր մահճակալային ֆոնդը Վայոց Ձորի մարզում է՝ ընդհանուրի 0.7%-ը:
Հաշվեքննիչ պալատը, հղում անելով Առողջապահության նախարարությանը, նշել է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ հնարավոր կլինի ծավալել մինչև 4 հազ. լրացուցիչ մահճակալ, որը լիովին չի կարողանա բավարարել առողջապահական համակարգի պահանջարկը: Բացի այդ, առողջապահական համակարգում առկա չեն շարժական դաշտային հոսպիտալներ, որոնք հնարավոր կլիներ ծավալել արտակարգ իրավիճակներում հիվանդանոցների կարողությունների անբավարար լինելու պարագայում։ Իրականացված չէ նաև բժշկական հաստատություններից տարբերվող այլ վայրերում լրացուցիչ մահճակալների ծավալման քանակական պլանավորում։
Բացի այդ, նախարարության պլաններում կատարվող հաշվարկներում հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ ինչպես ժամանակի ցանկացած պահին, այնպես էլ ենթադրյալ արտակարգ իրավիճակների ծագման պահին գործող մահճակալային ֆոնդը զբաղված է լինելու որոշ թվով ծանր (դուրսգրման ոչ ենթակա) հիվանդներով: Նույնը վերաբերում է առօրյա պայմաններում սարքավորումնրի ծանրաբեռնվածությանը, օրինակ՝ աղետի տեղի ունենալու պահին հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում արհեստական շնչառության սարքերին միացված բուժառուներ կլինեն կամ երիկամային սուր անբավարարությամբ՝ դիալիզի մշտական կարիք ունեցող բուժառուներ և այլն:
Արձանագրվել է նաև, որ հարակից պետական գործառույթները ևս արդյունավետորեն չեն հասցեագրում հիմնախնդիրը։ Հիվանդանոցների լիցենզավորման պարտադիր պահանջներից է գործող շիննորմերին համապատասխանությունը: Վերջիններիս պահպանումը, այլ հավասար պայմաններում, կնշանակեր սեյսմադիմակայուն հիվանդանոցային շենքեր՝ գործունակ ապաստարաններով և կենսապահովման (էներգիա, ջուր, թթվածին և այլն) բազային համակարգերով: Սակայն գործնականում շիննորմերին համապատասխանության պահանջն անտեսվում է լիցենզավորման գործընթացում։ Տեսչական մարմինները ստուգումների ընթացքում չեն անդրադառնում համակարգի ենթակառուցվածքային պատրաստվածությանը։
Հաշվեքննիչ պալատը նշել է, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգն աշխարհի ամենաբարձր սեյսմիկ ակտիվություն ունեցող տարածաշրջաններից է, ուժեղ երկրաշարժեր (M6.0-ից M6.9) տեղի են ունենում յուրաքանչյուր 2-3 տարին մեկ։ Հանրային իշխանության արձագանքը պատմականորեն եղել է շինարարական նորմերի խստացման տեսքով՝ հատուկ պահանջներ սահմանելով կրիտիկական շենքերի հանդեպ։
Արձանագրվել է, որ Քաղաքաշինության կոմիտեն Հայաստանում գործող բժշկական կենտրոնների շենքերի, շինությունների պահպանման և անվտանգ շահագործման, ինչպես նաև դրանց արդիականացման վերաբերյալ հատուկ առաջարկներ չի մշակել։ Ըստ կոմիտեի՝ վերջինս պայմանավորված է եղել մոնիթորինգային տվյալների հավաքման և հսկողական լիազորությունների վերապահման բացակայությամբ:
Հաշվեքննիչ պալատը 1988թ. Սպիտակի երկրաշարժի օրինակով ցույց է տվել աղետալի վիճակը: Մասնավորապես, նշվել է, որ երկրաշարժի հետևանքով լրիվ փլվել է մոտ 250 բժշկական հաստատություն, այդ թվում՝ 32 հիվանդանոց, 14 պոլիկլինիկա, 17 բժշկական ամբուլատորիա: Հանրապետության առողջապահական համակարգի կրած վնասը կազմել է ավելի քան 0.8 մլրդ դոլարին համարժեք գումար՝ շարքից հանելով 6,092 մահճակալով հիվանդանոցներ, մեկ հերթում 14,880 հաճախումով պոլիկլինիկաներ: Ծննդատան փլատակների տակ զոհվել են 200-ից ավելի ծննդկան, 10 բժիշկ, 55 միջին և կրտսեր բուժաշխատող: Երկրաշարժի հետևանքով, հիմնականում բժշկական կենտրոնների շենքերի փլուզմամբ պայմանավորված, մահացել է 254 բժիշկ և միջին ու կրտսեր բուժաշխատող: Սակայն համակարգի շարունակականությունը չի ընդհատվել, քանի որ հանրապետության առողջապահական ենթակառուցվածքի հիմնական մասը կենտրոնացած էր մայրաքաղաքում՝ աղետի գոտու սահմաններից դուրս, և մնացել էր անխաթար։
«Հաշվի առնելով արտակարգ իրավիճակներում առողջապահական ենթակառուցվածքի կարողությունների խզման գնահատման և հետագա կառավարման ինստիտուցիոնալ համակարգի առկա թերություններն ու առնչվող պետական գործառույթների կողմից բավարար չափով հիմնախնդրի չհասցեագրումը՝ արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի անխափան գործունեության երաշխավորման հարցում չի ապահովվել նպատակային արդյունավետություն»,- եզրակացրել է Հաշվեքննիչ պալատը։
Լուսանկարում՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը
Մեկնաբանել