
Հանրային խորհրդում քննարկվել է հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման հարցը
Հուլիսի 27-ին տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակումը և Հանրային խորհրդի մասին օրենքի մշակումը:
Հեռուստաեթերին վերաբերող հարցի քննարկման ժամանակ ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը, ով Հանրային խորհրդում հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման գործընթացը համակարգող խմբի անդամներից մեկն է, ներկայացրեց 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ, որում ի մի են բերված խնդրի վերաբերյալ Հանրային խորհրդում վերջին մեկ ամսում հնչած առաջարկները: Այդ առաջարկները ներկայացրել են Հանրային խորհրդի հանձնաժողովներն ու ենթահանձնաժողովները, ՀՀ նախագահին նամակով դիմելու նախաձեռնության անդամները և ստեղծագործական միությունները:
Առաջիկա օրերին Հանրային խորհրդում տեղի կունենա հեռուստաընկերությունների ղեկավարների հետ քննարկում, որի ընթացքում կներկայացվեն նաև այդ առաջարկները: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ հեռուստաեթերի խնդիրների վերաբերյալ հանրային քննարկումներն ակտիվորեն կշարունակվեն սեպտեմբերին: Արդյունքում կձևավորվի փաստաթուղթ, որը կներկայացվի երկրի նախագահին:
Օրակարգի երկրորդ՝ Հանրային խորհրդի մասին օրենքի մշակման հարցի քննարկման ժամանակ Վազգեն Մանուկյանի հանձնարարականով ստեղծվեց աշխատանքային խումբ, որում ընդգրկվեցին ՀԽ անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վազգեն Սաֆարյանը, Գրիգոր Բադիրյանը և Հանրային խորհրդի գրասենյակի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը:
Մեկնաբանել