
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը հրաժարական է տվել։ Այդ մասին հայտարարել է ուկրաինական այս գերատեսչության մամուլի ծառայությունը՝ մեջբերելով նրա խոսքերը։
Կոստինի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել է պաշտոնյաների կեղծ հաշմանդամության հետ կապված իրավիճակը: Նա ընդգծել է, որ չարաշահումների փաստերը հաստատվել են նաև դատախազությունում:
Կոստինն ընդգծել է, որ ճիշտ է համարում Զելենսկու մտադրությունը՝ չեղյալ հայտարարել պետական մարմինների պաշտոնատար անձանց հետ կապված հաշմանդամության, կենսաթոշակային և այլ վճարների տրամադրման վերաբերյալ բոլոր անօրինական որոշումները:
Նրա կարծիքով՝ չարաշահումների մեջ ներգրավված բոլոր անձինք պետք է քաղաքական և անձնական պատասխանատվություն կրեն։
«Ես շնորհակալ եմ Ուկրաինայի նախագահին և Ուկրաինայի Գերագույն ռադային վստահության համար։ Բայց այս իրավիճակում ճիշտ եմ համարում հայտարարել գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարականի մասին»,- եզրափակել է նա։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել