
Ավստրիայի նախագահը կանցլերին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը հանձնարարել է ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ, կանցլեր Կառլ Նեհամերին ձևավորել կառավարություն՝ ընտրություններում հաղթած աջ պոպուլիստական Ավստրիական ազատության կուսակցության առաջնորդ Հերբերտ Կիկլեի փոխարեն: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Նրա կարծիքով՝ խոսքը եզակի նախադեպի մասին է։ Ոչ մի այլ կուսակցություն չի ցանկանում կոալիցիա կազմել ընտրություններում հաղթած պոպուլիստների և նրանց առաջնորդ Կիկլեի հետ։ Սեպտեմբերին կայացած ընտրություններից հետո տեղի ունեցած նախնական բանակցությունների փուլում որևէ կուսակցություն չի ցանկացել կոալիցիա կազմել պոպուլիստների հետ։
Այս կապակցությամբ Ավստրիայի ղեկավարն արդեն իսկ հայտարարել է «բոլորովին անսովոր իրավիճակի» մասին։ «Երբ իրավիճակը նոր է, այն նոր լուծումներ է պահանջում», - նշել է Վան դեր Բելենը: Նրա խոսքով՝ այժմ խոսքը գնում է «կայուն և ազնիվ դաշնային կառավարություն ստեղծելու այլ տարբերակ գտնելու մասին, որը կարող է գործել որքան հնարավոր է արագ»:
Ավստրիայի նախագահը Նեհամերին խնդրել է «առանց հապաղելու» կոալիցիոն բանակցություններ սկսել երրորդ տեղը զբաղեցրած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ։
Կանցլեր Նեհամերն էլ հայտարարել է, որ ընդունել է կառավարություն ձևավորելու մանդատը և ցանկանում է հնարավորինս շուտ երկխոսություն սկսել սոցիալ-դեմոկրատների հետ: «Այսօր ես չեմ կարող ասել, թե արդյոք այդ բանակցությունները կհանգեցնեն կառավարության ձևավորմանը»:
«Խորհրդարանական կայուն մեծամասնության տեսանկյունից մեզ պետք է երրորդ գործընկեր»,- ընդգծել է նա:
Ավստրիայում խորհրդարանական ընտրությունները կայացել էին այս տարվա սեպտեմբերի 29-ին, ինչի արդյունքում հաղթել էր աջ պոպուլիստական Ավստրիական ազատության կուսակցությունը։ Դրան հաջորդում էին գործող կանցլեր Նեհամերի Ավստրիական ժողովրդական կուսակցությունը և սոցիալ-դեմոկրատները: Խորհրդարան են անցել նաև «Նոր Ավստրիա և Լիբերալ ֆորում» լիբերալ կուսակցությունն ու «Կանաչներ» ազատական կուսակցությունը:
Լուսանկարում՝ Կառլ Նեհամերը, Reuters գործակալություն
Մեկնաբանել