HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

50 մլն դոլար՝ Հայաստանում փոքր բիզնեսին աջակցելու համար

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (ԶՖԿ) հայտարարել է «Ակբա բանկ»-ին 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին՝ Հայաստանում փոքր բիզնեսին աջակցելու, տնտեսական աճը խթանելու և ձեռներեցությունը խրախուսելու նպատակով: Համագործակցության մեկնարկի մասին հայտարարվել է ԶՖԿ-ի փոխտնօրեն Նիշա Բիսվալի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում, որն ընդգծում է ԱՄՆ հանձնառությունը  տարածաշրջանի տնտեսական աճին աջակցելու գործում: 

Ըստ ԱՄՆ դեսպանության հաղորդագրության՝ ԶՖԿ-ից ներգրաված միջոցներով «Ակբան» է'լ ավելի հասանելի կդարձնի ֆինանսավորումը Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կանանց ձեռներեցությանը: Միջոցների առնվազն 50 տոկոսը կուղղվի կանանց պատկանող և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ նպատակ ունենալով ստեղծել առավել ներառական տնտեսական հնարավորություններ:

Համագործակցության մեկնարկն ազդարարող փաստաթուղթը ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն ու ԶՖԿ-ի փոխտնօրեն Նիշա Բիսվալը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ  դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն։

«Փոքր բիզնեսն ամենուր ազատ շուկայի շարժիչ ուժն է, այն ստեղծում է աշխատատեղեր և հնարավորություններ  համայնքների համար։ ԶՖԿ-ն հպարտ է համագործակցել Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից Ակբա բանկի հետ, որը նպատակ ունի աջակցել փոքր բիզնեսին և խթանել կանանց ձեռներեցությունը», – նշել է ԶՖԿ-ի փոխտնօրեն Նիշա Բիսվալը։

««Ակբա բանկ»-ն առաջինն է Հայաստանում, որ համագործակցություն է մեկնարկում ԶՖԿ-ի հետ։ Ուրախ ենք համագործակցության մեկնարկի համար և համոզված ենք, որ դրա շարունակական զարգացումը հնարավորություն է տալու Հայաստանում մասշտաբային ծրագրեր իրականացնել։ Համագործակցության խորացման շրջանակում 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում ՄՓՄՁ-ների զարգացմանը։ Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության հիմնասյուներն են, որոնք խթանում են մեր երկրի զարգացումն ու զբաղվածությունը։ Այս համագործակցությամբ շարունակում ենք մեր կարևոր առաքելությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսվարողներին՝ առաջարկելով առավել հասանելի ֆինանսավորում, միաժամանակ հնարավորություն ընձեռելով հատկապես կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին։ Այս համագործակցությունը ոչ միայն լրացուցիչ խթան կհաղորդի Հայաստանի տնտեսության զարգացմանը, այլև մեր համայնքներում կստեղծի նոր հնարավորություններ՝ ապահովելով կայուն զարգացում», – նշել է «Ակբա բանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

ԶՖԿ-ի՝ «Ակբա բանկ»-ին տրամադրած վարկային միջոցները նպաստում են գործակալության գլոբալ գործունեությանը՝ մասնավոր ներդրումների մոբիլիզացման միջոցով զարգացումն առաջ մղելու համար: 

2024թ. ֆինանսական տարվա ընթացքում ԶՖԿ-ն  ավելի քան 12 միլիարդ դոլար է հատկացրել այնպիսի նախագծերի իրականացմանը, որոնք նպաստում են սննդի, էներգիայի, առողջապահության, ժամանակակից ենթակառուցվածքների և ֆինանսական ծառայությունների հասանելիության մեծացմանը: ԶՖԿ-ն աջակցում է այս նախագծերին վարկերով, բաժնեմասնակցային ներդրումներով, քաղաքական ռիսկերի ապահովագրությամբ և տեխնիկական աջակցության տրամադրման դրամաշնորհներով:

DFC-ի մասին

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (ԶՖԿ) համագործակցում է մասնավոր հատվածի հետ՝ ֆինանսական լուծումներ տրամադրելով աշխարհի զարգացող երկրների առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերների հաղթահարման համար: ԶՖԿ-ը ներդրումներ է կատարում էներգետիկայի, առողջապահության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, փոքր բիզնեսի և ֆինանսական ծառայությունների ոլորտներում: ԶՖԿ-ի ներդրումներն իրականացվում են բարձր չափանիշներով՝ հարգելով շրջակա միջավայրը, մարդու իրավունքները և աշխատողների իրավունքները:

Լուսանկարը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter