Դատավորը մերժեց Նարեկ Հարթունյանի ներկայացրած բողոքները
Հուլիսի 27-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանն ամբողջությամբ մերժեց Նարեկ Հարթունյանի ներկայացուցիչների բողոքները. չվերացվեց ոչ ընկերության միջոցների վրա դրված կալանքը, ոչ էլ Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի և Արսեն Արտաշեսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
Հիշեցնենք, որ բողոքներից մեկը վերաբերում էր Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի («Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության տնօրեն) և Արսեն Արտաշեսյանի (ընկերության գլխավոր հաշվապահը) նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Ռ.Մկրտչյանի 2012թ. հունվարի 30-ի որոշումը վերացնելուն:
Վերը նշված որոշման դեմ Նարեկ Հարթունյանը բողոք էր ներկայացրել դատախազին՝ որոշումը վերացնելու խնդրանքով, սակայն դատախազի որոշմամբ բողոքը մերժվել էր:
Օրենքով սահմանված կարգով բողոք էր ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը ևս մերժել էր բողոքը՝ համարելով, որ քննիչի կայացրած որոշումը եղել է օրենքին համապատասխան: Այնուհետև Նարեկ Հարթունյանի փաստաբանները բողոք էին ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Դատավոր Ս. Համբարձումյանի որոշմամբ բեկանվել էր Կենտրոն դատարանի որոշումը, և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության: Այսօր, սակայն, դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժեց ներկայացված բողոքը՝ համարելով այն անհիմն:
«Առաջին անգամ եմ տեսնում, որ ընկերության տնօրենը (Արտյոմ Մարտիրոսյանը) նմանատիպ պատմությունից չոր դուրս գա՝ պատճառաբանելով, թե ինքը չի գիտակցել հարկերից խուսափելը, և փոխարենը մեղադրվի մեկը (Նարեկ Հարթունյան), ով ընդամենն ընկերության սեփականատիրոջ որդին է: Ակնհայտ է, որ այստեղ փորձ է արվում մեղավորության սայրն ուղղել Նարեկ Հարթունյանի կողմ»,-ասաց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով դատավորի որոշումը: Նրա խոսքով՝ իրենք կրկին դիմելու են վերաքննիչ դատարան:
Մյուս բողոքով պահանջ էր ներկայացվել ճանաչել, որ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գույքի վրա կալանք դնելու մասին քննիչ Ռ. Մկրտչյանի որոշումը եղել է ոչ իրավաչափ, և խախտվել են ընկերության իրավունքները:
Հիշեցնենք, որ քննիչի որոշման պատճառով կաթվածահար է եղել ընկերության գործունեությունը: Արդյունքում ընկերությունն այս պահին դադարեցրել է իր առևտրային գործունեությունը, տասնյակ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանը կայացրել էր բողոքը մերժելու որոշում: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ այն նույնպես բեկանվել էր և ուղարկվել առաջին ատյանի դատարան, որտեղ էլ այն կրկին մերժվեց:
Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ իրենք այդ գործով ևս կրկին դիմելու են Վերաքննիչ դատարան:
Երկու որոշումների մերժման հիմքերը դատարանը կներկայացնի մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հ.Գ. Այս դատավորի կայացրած որոշումներն ի սկզբանե կասկածի տեղիք են տվել՝ հաշվի առնելով այն, որ հենց նա էր 2011թ. դեկտեմբերի 9-ի կեսգիշերին կայացրել Նարեկ Հարթունյանին և նրա երկու աշխատակիցներին կալանավորելու որոշումները: Կալանավորումից մի քանի օր անց վերջիններս ազատ արձակվեցին:
Հարթունյան ընտանիքի մամուլի քարտուղար
Մարիամ Մուղդուսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել