Այսօր հեպատիտների մասին իրազեկման համաշխարհային օրն է
Հուլիսի 28-ը նշվում է որպես հեպատիտների մասին իրազեկման համաշխարհային օր: Այս տարի օրվա կարգախոսն է. «Հիվանդությունն ավելի մոտ է կանգնած քեզ, քան դու կարծում ես»: Վիրուսային հեպատիտները աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են:
Առավել տարածված են Ա, Բ, Ց, Դ և Ե հեպատիտները: Աշխարհում տարեկան արձանագրվում է վիրուսային հեպատիտ Ա-ի շուրջ 1,4 միլիոն դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ երկրագնդի բնակչության շրջանում հեպատիտ Բ-ի վիրուսակրությունը 2-7% է, որից 240 միլիոնը հիվանդ է հեպատիտ Բ-ի քրոնիկ ձևերով: Յուրաքանչյուր տարի շուրջ 600 հազար մարդ մահանում է սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ի հետևանքներից: Քաղցկեղի առաջացման տեսանկյունից հեպատիտ Բ-ի վիրուսը գրավում է 2-րդ տեղը ծխելուց հետո:
Աշխարհի ազգաբնակչության 150 միլիոնից ավելին վարակված է հեպատիտ Ց-ով, և տարեկան հայտնաբերվում է 3-4 միլիոն վարակի նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետևանքներից:
Հեպատիտ Ա-ի և Բ-ի համար առկա են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն աշխարհում դեռ շարունակվում են:
Այս հիվանդությունների կանխարգելումը և բուժումը զգալի ներդրումներ են պահանջում, որի հետևանքով բազմաթիվ երկրներում հեպատիտները շարունակում են հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների բեռը, առողջությանը և տնտեսությանը հասցրած վնասը նշանակալի է աշխարհի բազմաթիվ երկրների համար:
ՀՀ առողջապահության նախարարությունը որպես ղեկավար փաստաթուղթ է ընդունել 2010 թ. մայիսի 21-ին՝ Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովի ժամանակ, ընդունված վիրուսային հեպատիտների, մասնավորապես Բ-ի և Ց-ի մասին որոշումը և իր աշխատանքներն իրականացնում է այդ համատեքստում:
Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ համաձայն վարչական վիճակագրության տվյալների՝ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 90 %-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ Ա-ով հիվանդացության նվազման միտում. հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008թ. 25,7-ից 2011-ին նվազել է 9,1-ի:
Հայաստանում վերջին տարիներին դիտվում է վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում. հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008թ. 3,4-ից 2011-ին նվազել է 2,2-ի:
Վերջին տասնամյակում հեպատիտ Բ-ով հիվանդացության նվազումն ակնառու է: Մինչև 1999թ. պատվաստումների ներդրումը նկատվում էր համաչափ նվազում և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում՝ 2,5 %: Պատվաստումների ներդրումից հետո արձանագրվում է հիվանդացության կտրուկ նվազում, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում 98 անգամ (ցուցանիշը 9,8-ից նվազել է 0,1-ի): Նշվածը ապացուցում է պատվաստումների անհրաժեշտությունը, կարևորությունը և դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում:
Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա, համաձայն վարչական վիճակագրական տվյալների, վերջինիս հիվանդացության աճ չի արձանագրվել: Սակայն այն շարունակում է մնալ առողջապահության գերակա հիմնախնդիրներից մեկը:
«Հաշվի առնելով, որ վիրուսային հեպատիտներն ամբողջ աշխարհում հանրային առողջապահության հիմնախնդիրներից են՝ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիվանդության դեմ պայքարի ու կանխարգելման միջոցառումներն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու համար»,- հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել