Երևանում բացվել է հոլանդաբնակ Ներսես Ջալադյանի անհատական ցուցահանդեսը
«Իմ կարծիքով, մարդն ու բնությունն անբաժան են: Այստեղ ներկայացված աշխատանքներն այդ մասին են: Ինչպես տեսնում եք, կան և ֆիգուրատիվ կտավներ, և դիմանկարներ»,- «Նարեկացի» արվեստի միությունում կայացած իր անհատական ցուցահանդեսում ներկայացված կտավների մասին ասաց գեղանկարիչ Ներսես Ջալադյանը:
Ներսեսն ապրում ու ստեղծագործում է Հոլանդիայում: 10 տարուց ավելի է, Հայաստանում չէր եղել, և հիմա, ունենալով այս ցուցահանդեսը, իրեն հետաքրքիր է՝ ինչպիսին է հայ արվեստասերը, ինչ արձագանք կգտնի ցուցահանդեսը հայ արվեստասերների շրջանում:
«Նկարչի աշխատանքների մասին դժվար է խոսելը: Նկարիչն իր աշխարհն է բացում դիտողների համար, մնացածը պետք է իրենք՝ դիտողները, հասկանան, զգան: Ցուցահանդեսը կայացել է շատ անսպասելի: Այն ընկերական հարաբերությունների շնորհիվ իրականություն դարձավ»,- պատմում է ցուցահանդեսի կազմակերպիչն ու նկարչի ընկերը՝ Աղասի Մարգարյանը:
Աղասին ու Ներսեսը տարիներ շարունակ հիմնականում շփվել են սոցիալական ցանցերի միջոցով, մեկ անգամ միայն շատ կարճ ժամանակով տեսել են միմյանց, որից հետո սա 2-րդ անգամ է, որ իրար հանդիպում են իրական կյանքում:
Ցուցահանդեսի բացմանը ներկա արվեստագետներից Ընծան կարևոր համարեց տրամադրությունը, որ ստեղծում են կտավները: «Կան տրամադրություն, ոգեշնչում, յուրովի ընկալում, էլ ի՞նչ է պետք: Առանձին աշխատանքներ կան, որ շատ հավանեցի, իրոք լավ գործեր են»,- ասաց Ընծան:
Ներկաներից շատերին համար էլ հետաքրքրական էին Հոլանդիայում բնակվող հայ արվեստագետի աշխատանքները, նրա աշխարհընկալումը, գունային լուծումները:
«Երևի սահմանները կապ չունեն: Երիտասարդությունն ու արվեստն արդեն իսկ մեծ ընդհանրություններ են, այդ պատճառով էլ դժվարանում եմ հատուկ տարբերություններ գտնել հայաստանցի արվեստագետների ու Ներսեսի գործերի միջև նույնիսկ ոճային իմաստով: Դրամատիզմ եմ տեսնում նրա աշխատանքներում, դուր է գալիս ազատությունը, որ առկա է նրանցում»,- ասաց այցելուներից Անին:
Ցուցահանդեսի ընթացքում դաշնակահարուհի Մարիա Վարդապետյանի կատարմամբ հնչեցին Մանսուրյանի ստեղծագործություններից:
Ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 8-ը:
Մարիամ Մուղդուսյան
«Նարեկացի» արվեստի միություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել